Friday, October 8, 2010

ՍՏՈՐԱԳՐՈՒՄԻՑ ՄԵԿ ՏԱՐԻ ԱՆՑ

«Լրագիր» 8.10.2010. Հայաստանի խորհրդարանական ուժերը հոկտեմբերի 8-ին տեղի ունեցած ճեպազրույցի ընթացքում անդրադարձել են հայ-թուրքական արձանագրությունների խնդրին, հոկտեմբերի 10-ին դրանց ստորագրման մեկ տարվա առիթով: Խորհրդարանի ընդդիմադիր Ժառանգություն եւ Դաշնակցություն խմբակցություններն ասել են, թե համաձայն չեն այն կարծիքին, որ Հայաստանի միջազգային հեղինակությունն այդ գործընթացից բարձրացել է:

“Մեզ կարող են դրսից ամենատարբեր բաները Պարտադրել, հայ-թուրքական հարաբերություններ, վերջերս նույնիսկ զարմանալի էր, չէ՞, ակցիզային օրենքի մասին փոփոխություններով անգամ պարտադրել, թե ինչպիսին պետք է լինի ներմուծողների եւ արտահանողների համար հարկային պարտավորությունների հարաբերակցությունը: Եվ այսպես մեզ կարող են ամեն ինչ պարտադրել, բայց Հայաստանն այդ համարձակությունը, խիզախությունը եւ անկախությունը չի կարող ունենալ, սեփական օրակարգում պահել այն խնդիրները, որոնք բխում են իր իսկ ազգային շահերից”, ասում է Ժառանգություն խմբակցության ղեկավար Ստեփան Սաֆարյանը: Նա ասել է, որ Հայաստանի շահը պարտադրում է, որ Հայաստանը հանի այդ արձանագրությունները խորհրդարանի օրակարգից:

Արձանագրություններից Հայաստանի ստորագրությունները հետ կանչելու կոչ է արել ՀՅԴ խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանը: “Ինչ է նշանակում հեղինակության բարձրացում: Հեղինակության բարձրացումը պետք է նշանակի, որ երկիրդ բարձրացած հեղինակությամբ նորանոր նվաճումներ արձանագրի միջազգային ասպարեզում, տնտեսական կյանքում: Այդ հեղինակության բարձրացումը պետք է նշանակի, որ բազմաթիվ միջազգային խոշոր ֆինանսական, տնտեսական կազմակերպություններ, ֆիրմաներ պետք է հեղինակությունը բարձրացած երկիր վազեն իրենց ներդրումներով, պետք է այդ հեղինակության աճը անդրադառնա միջազգային կազմակերպություններում շրջանառվող կամ քվեակվող եւ ընդունվող բանաձեւերի վրա: Այս առումով ես եւ ոչ մի դրսեւորում, մեր հեղինակության աճի, չեմ տեսնում: Կարծում եմ հակառակը` տնտեսական վիճակը վատանում է, ներդրողները Հայաստան չեն գալիս, շրջանցելով Հայաստանն այլեւս գնում են Վրաստան: Եվ միջազգային կազմակերպություններում կատարվող պրոցեսները, բանաձեւերը, որ քննարկվում ընդունվում են, բացարձակապես չեն վկայում այն մասին, որ մեր հեղինակությունը բարձրացել է”, հայտարարել է Վահան Հովհաննիսյանը:

Իշխող կոալիցիայի մաս կազմող ՀՀԿ եւ ՕԵԿ կուսակցությունների ներկայացուցիչներ Արտակ Զաքարյանն ու Հովհաննես Մարգարյանը հակառակ կարծիքի են եւ համաձայն են, որ Հայաստանի հեղինակությունը հայ-թուրքական գործընթացի շնորհիվ բարձրացել է:

No comments: