Tert.am. 5-10-2010- Երկու Գերմանիաների վերամիավորումից հետո որոշվեց Բեռլինի պետական ազատ համալսարանի ծախսերը կրճատել, փոքրացնել և բյուջեն ուղարկել Գերմանիայի Դեմոկրատական Հանրապետության մյուս համալսարանների զարգացմանը։ Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Բեռլինում գործող երեք համալսարաններից երկուսում կա հնդեվրոպական և համեմատական լեզվաբանության ամբիոն, որոշվեց Բեռլինի ազատ համալսարանում փակել համանուն ամբիոնը, որում գործում է նաև հայագիտության բաժինը, և բյուջեն ուղղել այլ համալսարանների զարգացմանը։ Այս մասին «Կապիտալը» զրուցել է Բեռլինի ազատ համալսարանի հայագիտության ամբիոնի դոկտոր Ժիրայր Քոչարյանի հետ։
-Պարոն Քոչարյան, անցած տարի, երբ Հայաստանում էիք, ասացիք, որ Բեռլինի ազատ համալսարանի հայագիտության ամբիոնը փակվելու վտանգի տակ է։ Ի՞նչ փոփոխություններ են տեղի ունեցել այս մեկ տարվա ընթացքում։
-Որևէ դրական փոփոխություն տեղի չի ունեցել, ամբիոնը գործելու է մինչև 2013թ., քանի որ այդ ժամանակ մեր ղեկավարը թոշակի է անցնելու, և նոր ղեկավար չեն նշանակելու, այլ փակելու են ամբիոնը։ Հիմա մենք նոր ուսանող չենք ընդունում, իսկ նախկիններին ժամանակ է տրված մինչև 2013թ. ավարտել իրենց աշխատանքները։ Ես հույս ունեի, որ օգնություն կհասնի, և ամբիոնը չի փակվի, սակայն դժբախտաբար որևէ տեղից որևէ օգնություն չեկավ։ Այս վերջին երեք ու կես տարին ես այդ համալսարանում անվճար եմ դասախոսել, երբեմն էլ սեփական միջոցներով հոգացել այս կամ այն խնդիրը։ Այս տարիների ընթացքում մի քանի հոգի ինձ օգնել են, որոնց անունը պիտի նշեմ՝ Պարույր Հայրիկյան, Սեդա Գասպարյան, որը մեզ միշտ գրքեր էր ուղարկում, Բակուր Կարապետյան ու էլի մի քանի հոգի, որոնց անուններն այս պահին չեմ հիշում, և, իհարկե, «Արմավիայի» տնօրինությունը, որն առանց գումարի այդ գրքերը բերել-հասցրել է մեզ։
-Օգնությունը, որի մասին ակնարկեցիք, որտեղի՞ց էիք ակնկալում։
-Օգնություն ակնկալում էի երկու տեղից։ Պաշտոնական դիմումով դիմել էինք համալսարանին, մյուսը՝ Հայաստանին՝ տնտեսական օգնություն և գիտական նոր գրականություն ստանալու ուղղությամբ։ Սակայն, կրկնում եմ, որևէ օգնություն չեղավ։ Պետք է ասեմ, որ մինչև ԽՍՀՄ-ի փլուզումը Հայաստանում լույս տեսած գրեթե բոլոր գիտական պարբերականները և գրականությունը ստանում էինք։ ԽՍՀՄ-ի փլուզումից հետո դադարեց գրքերի ստացման գործընթացը։ Ցավալի հարցերից մեկն էլ այն է, որ մեր հայագիտության ամբիոնն ունի չափազանց հարուստ գրադարան, և ես չգիտեմ, թե ինչ է լինելու այդ արխիվի հետ, երբ փակվի ամբիոնը։
-Հարցի լուծման համար հայաստանյան համապատասխան կառույցներին դիմե՞լ եք, թե՞ ոչ։
-Դիմել ենք։ Դիմել ենք Մշակույթի նախարարությանը, հետո՝ հիանալի և ամպագոռգոռ հորջորջված, սակայն իրականության մեջ որևէ բան չանող Կրթության և գիտության նախարարությանը։ Նրանցից և ոչ մեկը որևէ քայլ չկատարեց։
-ԿԳ նախարար Արմեն Աշոտյանին հանդիպե՞լ եք, խնդիրը ներկայացրե՞լ եք։
-Վերջերս Հայաստանի դեսպանը Բեռլինում կազմակերպել էր հանդիպում ԿԳ նախարարի և Բեռլինի հայ ակադեմիական հանրության հետ։ Հանդիպման ժամանակ հարցրին, թե ինչ ընթացք ստացավ Բեռլինի համալսարանի հայագիտության ամբինի հարցը, և Աշոտյանը պատասխանեց. «Քանի որ համալսարանը ազատ է, բաց է և գիտական կենտրոն չէ, ապա այն մեզ պետք չէ, թող փակվի»։ Մոտավորապես այսպես պատասխանեց Հայաստանի կրթության և գիտության նախարարը, որը բացարձակապես անտեղյակ է, թե իրենից ինչ է ներկայացնում Բեռլինի ազատ համալսարանը։ Մենք այս ամենից զարմացանք, և ես իմ ելույթի ժամանակ ցավ հայտնեցի, որ նախարարը այլ քաղաքացիների նման «ազատն ու բացը» չի զանազանում իրարից։ Ես բացատրեցի նախարարին, որ «ազատ համալսարան» և «բաց համալսարան» ակադեմիական կառույցները նույնը չեն և երբեք չեն նույնացվում։ Ես բացատրեցի, որ համալսարանն իր ուսանողներով և աշխատակազմով հասնում է հարյուր հազարի, և այն ինստիտուտները, որոնք հիմք են կազմում Բեռլինի ազատ համալսարանի, աշխարհահռչակ են։ Օրինակ՝ Մաքս Փլանք ինստիտուտը (Max Planck Institute) աշխարհին հայտնի է նրանով, որ հենց այդ ինստիտուտում առաջին անգամ ատոմը ճեղքեցին։ Այդ ինստիտուտը Գերմանիայի էլիտար ինստիտուտների շարքում է։ Գերմանիայի ամենաշատ նոբելյան մրցանակակիրները մեր համալսարանի դասախոսներն են։ Ես Աշոտյանին բացատրեցի, որ այն կոչվում է ազատ այն պատճառով, որ 1948թ. մի խումբ դասախոսներ որպես բողոք թողեցին Դեմոկրատական Գերմանիան և եկան Արևմտյան Բեռլին՝ հիմնելով այդ համալսարանը։ Աշոտյանը դարձյալ մի քանի գլուխգործոցներ ասաց, որոնցից մենք զարմացանք։ Նա ասաց, թե իրենք զբաղված են Հալեի համալսարանում հայագիտության ամբիոն հիմնելու գործընթացով։ Հալեն գերմանական քաղաք է, որը հավասար է, ասենք, Ճամբարակին, և նախարարը ցանկանում է այդ համալսարանում հիմնել հայագիտության ամբիոն և մասնաճյուղը բերել Բեռլին։ Այնպիսի տպավորություն է, որ ամբիոնները բենզինի լիցքավորման կետեր են, և եթե մեկի գործը լավ եղավ, կհիմնի երկրորդը։ Պարոն նախարարը նկատի չի առնում, որ Գերմանիան դաշնային հանրապետություն է, և մի երկրատարածքը չի կարող մեկ այլ երկրատարածքում մասնաճյուղ բացել։
-Իսկ ի՞նչ պատասխանեց նախարարը։
-Ասաց՝ գնացե՛ք, դիմե՛ք ռեկտորին, թող մեզ նամակ գրի, տեսնենք՝ ինչ կարող ենք անել։ Ես այս ամենին պատասխանեցի, որ ո՛չ կգրեմ ռեկտորին, ո՛չ էլ ռեկտորը կգրի Ձեզ։ Եթե հայկական կողմը շահագրգռված է, իսկ ենթադրվում է, որ Հայաստանը պիտի շահագրգռված լինի, նա պետք է ինքը նամակ գրի։ Այս ամենում ցավալի է այն, որ ոչ միայն կորցնում ենք հայագիտության ամբիոնը, այլև մեր հեռանալուց անմիջապես հետո Բեռլինի ազատ համալսարանում բացվելու է ադրբեջանական ամբիոն:
-Բեռլինի ազատ համալսարանի հայագիտության ամբիոնի փակումով ի՞նչ է կորցնում Հայաստանը։
-Նախ՝ Հայաստանի համար հեղինակություն էր՝ ունենալ ամբիոն Բեռլինի հեղինակավոր համալսարաններից մեկում։ Երկրորդ՝ կորցնելով հայագիտության ամբիոնը՝ կորցնում ենք Բեռլինի պետական ազատ համալսարան-Երևանի պետական համալսարան-Արցախի պետական համալսարան կապը։ Այս պահին Հայաստանում կան մի քանի ուսանողներ, որոնցից մեկը գիտական աշխատություն է գրում Արցախի պետականության մասին, մյուսը՝ Դավիթ Անհաղթի «Անալիտիկումի» մասին։ Այս ամենը 2013թ. հետո այլևս չի լինելու։
-Իսկ ի՞նչ է անում Բեռլինի հայկական համայնքը:
-Ի տարբերություն թուրքական համայնքի, որը շատ կազմակերպված է և ըստ էության՝ Գերմանիայում Թուրքիայի երկարացրած ձեռքն է, հայկական համայքը թույլ է ու թույլ կազմակերպված։ Այն բաղկացած է երկու մասից՝ եկեղեցական միություններ և Գերմանահայոց կենտրոնական խորհուրդ։ Գերմանիայում միությունները փոքր են, ցրված են ողջ երկրով մեկ։ Թույլ են այն առումով, որ մտավորական չունենք։ Համայնքը թույլ կազմակերպված է նաև այն պատճառով, որ մարդկանց 85 տոկոսը գալիս է Թուրքիայից՝ հայերենի վատ իմացությամբ կամ չիմացությամբ, նրանց ավելանում են նախկին ուսանողներ, վերջերս Հայաստանից և Ադրբեջանից եկածներ։ Ահա այս պատճառով համայնքը Գերմանիայում թույլ կազմակերպված է և, իհարկե, մտահոգ խնդրով։
-Ըստ Ձեզ՝ ի՞նչ կարող է անել Հայաստանը, որպեսզի Գերմանիայում հայկական համայնքը դառնա ավելի կազմակերպված։
-Սա այն դեպքն է, երբ Հայաստանի Հանրապետությունը մեծ անելիք չունի։ Մեր թույլ կազմակերպված լինելու պատճառը մեր փոքրաքանակ ու ցրված լինելն է։ Մենք չունենք այնքան կարողություն և դրամ, որ կարողանանք կազմակերպել, ուժեղացնել համայնքը։ Այս բնագավառում որևէ անելիք, կարծում եմ, Հայաստանը չունի, սակայն շատ լավ կլինի, որ Հայաստանն ակտիվանա և նեցուկ կանգնի Արցախի և Ցեղասպանության ինֆորմացիոն վակուումի հարցի լուծմանը։ Առ այսօր Գերմանիայում գերմաներենով որևէ հրատարակություն չկա, որն Արցախի խնդիրը հավուր պատշաճի ներկայացնի Գերմանիայի հասարակությանը։ Ի տարբերություն Հայաստանի՝ Ադրբեջանի կառավարությունն ամեն տարի նոր գրքեր է հրատարակում, ընդ որում՝ պատվիրում են գերմանացի որևէ գրողի, և նա գրում է։ Մի քանի տարի առաջ դիմեցի ԱԺ նախագահին, որ նա գումար հատկացնի, քանի որ գտել էինք մի գերմանացի, որը կցանկանար այդ գործն անել, սակայն նա հրաժարվեց։
-ԱԺ նոր նախագահին դիմե՞լ եք։
-Ոչ, հո մեր ողջ կյանքը չի անցնի դիմել, դիմել, դիմելու և արդյունք չստանալու գործընթացի մեջ։ Հայագիտության ամբիոնի համար հազար տեղ դիմեցինք ու արդյունք չտեսանք։ Այնպես որ՝ որևէ տեղ այլևս չենք դիմելու։
No comments:
Post a Comment