Saturday, October 23, 2010

ԿԱՆԱՉ ԼՈՒՅՍ ՊԱՏԵՐԱԶՄԻ ԱՌԱՋ

«Լրագիր» 22-10-2010- “Բոլոր առաջատար պետություններն ու կառույցներն իրենց վրայից հանում են պատասխանատվությունն այն ամենի հետ կապված, ինչ կարող է տեղի ունենալ”: Այդ միտքը հոկտեմբերի 22-ին Սարդարապատ շարժման ստեղծելիք այլընտրանքային խորհրդարանի պաշտպանության եւ ազգային անվտանգության հարցերի հանձնաժողովի նիստում արտահայտել է քաղաքագետ Իգոր Մուրադյանը:
Նրա խոսքով, դա է վկայում թե եվրոպացիների, թե ռուսների, թե Իրանի եւ թե Թուրքիայի վարքը: Ամերիկացիներն էլ, ըստ Իգոր Մուրադյանի, կարծես թե մեզ ասում են, որ եթե մենք իրադարձությունների հրամանատար ենք ընտրել Ռուսաստանը, “եվ եթե մենք ձեզ ձեռք չենք տալիս, ուրեմն դուք էլ տեսեք ձեր գլխի ճարն ու թող Ռուսաստանը անի ամեն ինչ, իսկ մենք կնայենք”: Ըստ Իգոր Մուրադյանի, դա ամենավատ դրությունն է, որ կարելի էր պատկերացնել մեզ համար:

Նրա խոսքով, այժմ պատերազմի զսպման վտանգը քաղաքական հարթությունից տեղափոխվել է պաշտպանական հարթություն եւ կանաչ լույս է վառվել պատերազմի համար: Ըստ Իգոր Մուրադյանի, դա չի նշանակում, որ որեւէ մեկը կդրդի կողմերին պատերազմի, բայց խնդիրը այն է, որ դրա զսպման միջոցն այժմ միայն այն է, որ մենք կարողանանք ուժ ունենալ Ադրբեջանին հակահարված տալ: Իգոր Մուրադյանի կարծիքով, միայն այդ դեպքում Ադրբեջանը զերծ կմնա պատերազմից:

Իգոր Մուրադյանն այդ կապակցությամբ մի քանի հարցադրում է անում, ասելով, որ միջազգային հանրության մոտ այն կարծիքը կա, թե պատերազմի դեպքում Հայաստանն իրեն կպահի կոռեկտ եւ չի հարվածի էներգետիկ ենթակառուցվածքներին: Ինչո՞ւ է ձեւավորվել այդպիսի կարծիք, հարցնում է Իգոր Մուրադյանը: Նա հարցնում է նաեւ, թե արդյոք մենք ընդհանրապես ունակ ենք, կարող ենք հարվածել այդ ենթակառուցվածքներին:

Իգոր Մուրադյանը միեւնույն ժամանակ ասում է նաեւ, որ ադրբեջանցիները բավական վախեցած են, ինչի մասին նրան հայտնում են ռուսական աղբյուրները: Ըստ քաղաքագետի, ադրբեջանցիները որեւէ բանի վրա վստահ չեն:

Քաղաքագետի խոսքով, այստեղ կա նաեւ միջգերատեսչական շահ, եւ Պենտագոնը մասնավորապես ցանկանում է տեսնել, թե արդյոք ինչպես կպահի իրեն ՀԱՊԿ-ը: Իգոր Մուրադյանն ասում է, որ Պենտագոնում մտածում են, թե արդյոք հնարավոր պատերազմի դեպքում հնարավոր է վարկաբեկել ՀԱՊԿ իմիջը, Ռուսաստանի իմիջը որպես անվստահելի դաշնակից:

Իսկ ամբողջ գոործընթացը, այդ միտումներով, ըստ Իգոր Մուրադյանի, նախաձեռնվում է ինչ որ տեղից եւ այն, ըստ քաղաքագետի, ուղղված է Թուրքիային: Նրա խոսքով, ԱՄՆ հաշվարկում է տարածաշրջանային լոկալ կոնֆլիկտը օգտագործել ռուս-թուրքական մերձեցումը ապակազմակերպելու համար: Իսկ ռուս-թուրքական բախումը Իգոր Մուրադյանը համարում է անցանկալի թե ԱՄՆ շահի, թե համաշխարհային տեսանկյունից, ու նաեւ ասում, որ ռուսները պատրաստ չեն դրան, եւ չեն լինի դեռ մոտ 20 տարի:

Ինչ վերաբերում է Իրանին, ապա Իգոր Մուրադյանն ասում է, որ Ղարաբաղում հնարավոր պատերազմի դեպքում այդ երկիրը կլինի շատ չեզոք, քանի որ այժմ հանդիսանում է միջազգային հանրության թիրախ:

No comments: