Thursday, October 28, 2010

ՍԱՐԳՍՅԱՆՆ ՈՒ ԱԼԻԵՎԸ ՊԱՅՄԱՆԱՎՈՐՎԵ՞Լ ԵՆ

«ԱԶԳ», 28-10-2010 - Հայ-ռուս-ադրբեջանական ամենաբարձր մակարդակի հերթական` այս տարի երրորդ հանդիպման վայրը` Կասպից ծովի ափամերձ Աստրախան քաղաքը, թերեւս պատահականորեն չէր ընտրվել: Երեկ Ռուսաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպումից ժամեր առաջ ռուսական այդ քաղաքում բացվեց Հեյդար Ալիեւի` ավելի քան 7-մետրանոց բրոնզե արձանը: Հետաքրքրական է պարզել, թե Աստրախանը աշխարհի որերորդ քաղաքը դարձավ` «ադրբեջանցիների հայր» Ալիեւի ավագի արձանով: Բացման արարողության ժամանակ Իլհամ Ալիեւը ջերմ խոսքեր է շռայլում Ռուսաստանի, ռուս-ադրբեջանական դարավոր բարեկամության վերաբերյալ, նույնիսկ նոր տեղադրված արձանը համարում երկու ժողովուրդների դարավոր բարեկամության խորհրդանիշ, չնայած Աստրախանում Հեյդար Ալիեւի արձանի տեղադրման գործում ռուսական պետությունը ֆինանսապես չի մասնակցել. բոլոր ծախսերը հոգացել է Ադրբեջանը:
Երբ ադրբեջանական պատվիրակությունը մասնակցում էր «ռուս-ադրբեջանական դարավոր բարեկամության խորհրդանիշի» բացմանը, հայկականը` նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ, այցելեց հայ-ռուսական հիրավի դարավոր բարեկամության խորհրդանիշներից մեկը` Աստրախանի «Հայաստան» այգի, որը, ինչպես եւ այգում տեղադրված խաչքարը, 2008-ին տեղի հայ համայնքի նվերն է քաղաքի հիմնադրման 450-ամյակին:
Հայաստանի նախագահը ծաղկեզամբյուղ է դրել խաչքարի առջեւ եւ նշել, որ այն «խորհրդանիշն է հայ-ռուսական դարավոր բարեկամության»: Սերժ Սարգսյանի այս մտքին համաձայնել են հայկական պատվիրակությանն ուղեկցող Աստրախանի նախանգապետ Ալեքսանդր Ժիլկինը, տեղի հայկական Սուրբ Հռիփսիմե եկեղեցու հոգեւոր հովիվ Սեբեոս քահանա Ղալաչյանը, հայ համայնքի ներկայացուցիչները: Հատկանշական է, որ խաչքար-կոթողի երկրորդ կամարը նվիրված է Աստրախանում հայկական առաջին քարե եկեղեցու հիմնադրման 300-ամյակին, իսկ երրորդ կամարը` քաղաքում Հայ առաքելական եկեղեցու թեմի հիմնադրման 290-ամյակին: Նշենք, որ դեռեւս 1717-ին կայսրուհի Եկատերինայի հրամանագրով Աստրախանը դարձավ Ռուսաստանում Հայ առաքելական եկեղեցու թեմի առաջնորդի առաջին նստավայրը: Իսկ ռուսական պատմագիտական աղբյուրները նշում են. «Կասպից ծովի այս հատվածում 10-11-րդ դարերում բնակություն հաստատած հայերը 17-րդ դարի 60-ականներին իրենց թվաքանակով նույնիսկ ավելի էին ռուսներից»:

Երեք նախագահների հանդիպումը` առանց պատվիրակության անդամների, մեկնարկեց Երեւանի ժամանակով ժամը 16-ին: Նախ նշենք, որ ինչպես հայաստանյան ու ղարաբաղյան, այնպես էլ ադրբեջանական փորձագիտական շրջանակները որեւէ լուրջ տեղաշարժ չէին ակնկալում աստրախանյան հանդիպումից: Միակ նկատելին նշվում էր այն, որ նախագահների մակարդակով հանդիպումները փաստորեն շարունակվում են, ինչն, անշուշտ, ինքնին դրական է: Նշենք նաեւ, որ եթե նախորդ` պետերբուրգյան նմանատիպ հանդիպման անմիջապես հաջորդ օրը ադրբեջանական կողմը կազմակերպեց Չայլուի միջադեպը` մարդկային զոհերով, ապա աստրախանյան հանդիպման նախորդ օրը Ադրբեջանը եւս մեկ անգամ միջադեպ սարքեց, այս անգամ Մարտակերտի շրջանում. զոհվեց ստեփանակերտցի ժամկետային զինծառայող, 20-ամյա Հարութ Գրիգորյանը:

Սարգսյան-Մեդվեդեւ-Ալիեւ համատեղ հայտարարություն
Հանդիպումից հետո երեք նախագահները հանդես են եկել համատեղ հայտարարությամբ` «Վստահության ամրապնդման վերաբերյալ հատուկ արձանագրություն» խորագրով, որտեղ, ըստ ԻՏԱՌ-ՏԱՍՍ գործակալության, ասված է. «Հաշվի առնելով 2008-ին Մոսկվայում հռչակված համատեղ արձանագրությունները` նախագահներն ընդգծել են, որ հակամարտության լուծումը` քաղաքական-դիվանագիտական միջոցներով, պահանջում է հետագա ջանքեր, այդ թվումՙ հրադադարի ռեժիմի ամրապնդում եւ ռազմական ոլորտում փոխվստահություն: Այս նպատակով Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահները պայմանավորվել են` որպես այս ամենին ուղղված առաջին քայլ, իրականացնել ռազմագերիների եւ զոհվածների դիակների փոխանակում` ԵԱՀԿ Մինսկի խմբի եւ Միջազգային կարմիր խաչի միջնորդությամբ: Պայմանավորվել են նաեւ հետագայում եւս նման հարցերին լուծում տալ բացառապես մարդասիրական տեսանկյունով», հայտարարությունը լրագրողներին է ներկայացրել ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդեւը` ընդգծելով, որ «եռակողմ հանդիպումը շատ օգտակար էր», եւ «սրանք ոչ թե բանակցություններ են, այլ առաջ ընթանալու հնարավորություն»:
Հ. Գ. Չնայած աստրախանյան հանդիպումից առաջ ադրբեջանական կողմն արդեն իսկ խախտել է հրադադարի ռեժիմը, այնուամենայնիվ, սահմանում զգոնությունն այս օրերին խիստ կարեւոր է, քանի որ Ադրբեջանը նման հանդիպումներից հետո սովորաբար դիմում է սադրանքների:
ՀՈՎԻԿ ԱՖՅԱՆ

No comments: