Thursday, October 28, 2010

ՄԱՐԻԱՄՆ ԸՆԴԴԵՄ ՈՍՏԻԿԱՆԱՊԵՏԻ

Բնապահպան-ակտիվիստ Մարիամ Սուխուդյանը ծանուցում է ստացել Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանից, որտեղ նշված էր, որ վերջինիս հայցադիմումն ընդդեմ ՀՀ ոստիկանության կքննվի նոյեմբերի 1-ին, ժամը 12:00-ին: Մարիամ Սուխուդյանը հայց էր ներկայացրել` ՀՀ ոստիկանությունից որպես բարոյական վնասի փոխհատուցում պահանջելով 1 մլն դրամ, քանի որ ոստիկանությունը, ի դեմս ոստիկանապետ Ալիկ Սարգսյանի եւ ոստիկանության հասարակայնության հետ կապերի վարչության պետ Սայաթ Շիրինյանի, «խախտել է իր անմեղության կանխավարկածը»:
Դա տեղի է ունեցել Նուբարաշենի հատուկ դպրոցի շուրջ բարձրացած աղմուկի ժամանակ, երբ քրեական գործ էր հարուցվել Մարիամի նկատմամբ` «Սուտ մատնություն» հոդվածով: Այդ օրերին ՀՀ ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը, մամուլի ասուլիսի ժամանակ պատասխանելով Մարիամին առաջադրված մեղադրանքի վերաբերյալ հարցին, հայտարարել է. «Նա անհիմն մեղադրանքով է հանդես եկել, զրպարտել անմեղ մարդկանց եւ անչափահասներին դրդել պատժելի արարքների»:

Քրեական դատավարության օրենսգրքի 18-րդ հոդվածով սահմանվում է անձի անմեղության կանխավարկածը: «Հանցագործության համար կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ սույն օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով»:

Նույն հոդվածի 3-րդ մասը սահմանում է. «Հանցանք գործելու մեջ անձի մեղավորության մասին հետեւությունը չի կարող հիմնվել ենթադրությունների վրա, այն պետք է հաստատվի գործին վերաբերող փոխկապակցված հավաստի ապացույցների բավարար ամբողջությամբ»:

Մինչդեռ, բացի Ալիկ Սարգսյանի վերոնշյալ հայտարարությունից, ոստիկանության հասարակայնության հետ կապերի վարչության պետ Սայաթ Շիրինյանը «Տարեգիր» թերթին տված հարցազրույցում, խոսելով Մարիամ Սուխուդյանի մասին, գործածել է «հանցագործ» բառը:

«ՀՀ ոստիկանապետը, հանդես գալով որպես պաշտոնատար անձ եւ իշխանության ներկայացուցիչ, առանց որեւէ վերապահումների ինձ անվանել է «անմեղ մարդկանց զրպարտող եւ անչափահասներին պատժելի արարքների դրդող», իսկ Սայաթ Շիրինյանն ուղղակիորեն եւ առանց վերապահումների ինձ անվանել է «հանցագործ»: Նրանք խոսել են այնպես, կարծես դատարանը իմ նկատմամբ մեղադրական դատավճիռ է կայացրել, այսպիսով խախտել են իմ անմեղության կանխավարկածի իրավունքը»,- նշել է Մարիամ Սուխուդյանն իր հայցադիմումում:

ԱՐՄԱՆ ՂԱՐԻԲՅԱՆ

No comments: