Wednesday, October 6, 2010

ՀՀԿ ՄԻՏՔՆ ՈՒ ՎԱԽԵՐԸ

«Լրագիր» 6-10-2010- ԱԺ հայտարարությունների ժամին, ՀՀԿ-ական պատգամավորներից մեկը վեր էր կացել, որպեսզի պատասխանի հայկական բանակի հասցեին չարախոսողներին: Թեեւ նա այդպես էլ հստակ չմանրամասնեց, թե հատկապես ովքեր են չարախոսողները, այդուհանդերձ համարձակվում եմ ենթադրել, որ չարախոս են հռչակվել նրանք, ովքեր քննադատել են բանակում տիրող իրավիճակը:
Աներկբա է, որ քննադատողների մեջ իսկապես կան մարդիկ, որոնք թերեւս հենց չարախոսում են, որոնց նպատակը եւ հոգսը բանակը չէ, այլ բոլորովին այլ շահ, որին հետամուտ լինելու համար բանակի ներկայիս վիճակը բավական հարմար առիթ է: Բայց, եթե կա քննադատություն մի որեւէ երեւույթի հանդեպ, ապա գրեթե անհնար է, որ այդ քննադատության ալիքի մեջ չհայտնվեն մարդիկ, որոնք պարզապես կփորձեն օգտվել ստեղծված իրավիճակից եւ առաջ տանել անձնական կամ խմբակային շահերը: Եվ այդ իրողությունից կառչելով քննադատություն երեւույթը “չարախոսություն” որակելը ոչ այլ ինչ է, քան անձնական կամ խմբակային շահն առաջ տանելու համանման դրսեւորում, պարզապես փայտի հակառակ ծայրից: Մինչդեռ փայտի մեջտեղում բանակի լրջագույն խնդիրներն են, որոնց չլուծվածությունը մեծ թափով սկսել է կյանքեր խլել բանակից:

Այլապես դժվար է հասկանալ հարգարժան պատգամավորի այն խոսքը, թե “միամիտ է կարծել, որ բանակի նման բազմահազարանոց կառույցում, որը գտնվում է ոչ պատերազմ, ոչ խաղաղություն վիճակում, չեն կարող լինել արտակարգ պատահարներ”: Ըստ երեւույթին, այդ մտքի հեղինակն այնքան էլ լավ չի գիտակցում, որ արտակարգ պատահար ասվածը ոչ թե ավտովթար է` “ինչ լինում է ժեշտին լինի” տարբերակով, այլ մարդկային կյանքի կորուստ: Ամեն մի արտակարգ պատահարի հետեւում մեկ, իսկ երբեմն էլ մի քանի մարդկային զոհ է: Երեւի թե նույնիսկ միամիտը դա կհասկանա եւ կգիտակցի: Եթե այդ զոհերը լինեին թշնամու հետ բախման հետեւանքով, ապա այդ ժամանակ իհարկե միանգամայն բանական կլիներ ասել, որ թշնամու հետ պարբերաբար բախվող կառույցում զոհերն անխուսափելի են: Բայց այդ “արտակարգ պատահարները”, որոնք իրականում ոչ այլ ինչ են, քան պարզապես սպանություններ, տեղի են ունենում առանց թշնամու միջամտության:

Բանակի հարգարժան պաշտպանը, թերեւս ինքն էլ չգիտակցելով, որ հարցադրումների իր այդ կերպով պաշտպանում է ոչ թե բանակը, այլ այնտեղ ծվարած հանցագործներին, հայտարարում է, թե բանակի գնահատման կարեւոր չափանիշն այն է, թե ինչպես է նա լուծում իր առաջ դրված գլխավոր խնդիրը` հայ-ադրբեջանական շփման գծի հրադադարի պահպանումը: Իհարկե, դա կարեւոր խնդիր է: Բայց եթե բանակը լուծում է այդ խնդիրը, դա դեռ չի նշանակում, որ մնացյալ խնդիրների վրա պետք է աչք փակել եւ չխոսել: Եթե բանակը պահպանում է հրադադարը, դա դեռ չի նշանակում, որ բանակում տեղի ունեցող սպանությունները արդարացվում են կամ մեղմացվում, առավել եւս, որ դրանք հրադադարի պահպանման գործընթացի հետ չունեն որեւէ առարկայական կապ:

Ավելին, միմյանց սպանող զինվորներով կամ զինվոր սպանող սպաներով համալրված բանակի պարագայում խիստ կասկածելի է, որ այդ բանակն ունակ լինի նաեւ հետագայում արդյունավետորեն պահպանել հրադադարը: Եվ ով գիտե, գուցե իշխանությունը հենց դրա համար էլ Հայաստանի անվտանգության երաշխավոր կարգեց Ռուսաստանին, ներքուստ գիտենալով, որ հայկական բանակում առկա մթնոլորտն ու իրավիճակը տալիս են հրադադարի պահպանման խնդրի լուծման արդյունավետությանը կասկածելու լուրջ հիմքեր:

ՀՀԿ-ական պատգամավորները թող իզուր չմտածեն, թե միայն իրենք գիտեն բանակի արժեքը, բանակային ոլորտի նրբությունները, խնդրի հոգեբանական նրբերանգները: Հակառակը կարող են կասկածել` որ այդ ամենի մասին իրենք ոչինչ էլ չգիտեն, քանի որ իշխանության կորստի համար վախն է թելադրում նրանց գիտակցությանը, ինչի հետեւանքով էլ պետական ինստիտուտներից որեւէ մեկում խնդիրների մասին հանրային քիչ թե շատ լուրջ քննարկումները ներկայացվում են որպես դավադրություն պետության դեմ: Այլապես կհասկանային, որ թե մասնավորապես բանակը, թե ընդհանրապես իշխանությունը ոչ թե խնդիրները հայրենասիրության քողի տակ թաքցնելով են լինելու ուժեղ եւ անվտանգ, այլ հակառակը` դրանք քննարկման դնելով, քննարկումների եւ բանավեճերի մեջ ակտիվորեն ներգրավվելով եւ հասարակության հետ բաց խոսելով:

Բայց դա իհարկե ներկայիս իշխող վերնախավի համար խորքային իմաստով անհասանալի իրավիճակ է. “բացություն”, “թափանցիկություն”, “հրապարակայնություն”, “բանավեճ” հասկացությունները այդ “վերնախավի” համար ընդամենը “մասոնական դավադրություններ” են, որոնք լավ են համարվում որպես տրաֆարետ, բայց վտանգավոր են դիտվում որպես կառավարման պրակտիկ գործիքներ: Հայաստանի “վերնախավի” կառավարման պրակտիկ գործիքակազմում արդիականն ու անվտանգը դիտվում են կենացները, ճառերը, հայրենասիրական դատարկ կոչերը, եւ սեփական մտքից ու կարծիքից թեկուզ 45 աստիճանով տարբերվող մտքերն ու կարծիքները դավաճանություն կամ դավադրություն որակելը:

ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ

No comments: