Monday, October 11, 2010

Թուրք վերլուծաբան. Ինչո՞ւ է Հայաստանն իրեն այսքան հանգիստ պահում

Panorama.am. 11-10-2010- Թուրք վերլուծաբան Օրհան Դեդեն իր «Էրդողանը դրա իրավունքը չունի» հոդվածում քննության է առել Հայաստան-Թուրքիա հարաբերություններին առնչվող զարգացումները: Դեդեի հեղինակած հոդվածը հրապարակել է թուրքական «ՅենիՄեսաժ» (YeniMesaj) լրատվական կայքը:
Նախ ուշադրություն է հրավիրվում հետևյալ հանգամանքների վրա`
• Երևանը հերքեց Իտալիայի մայրաքաղաքում ընթացող հայ-թուրքական գաղտնի բանակցությունների մասին շրջանառվող լուրերը:
• Թուրքիայի արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուն ոչ հերքեց դա, ոչ էլ` հաստատեց:
• Դավութօղլուն մատնանշեց կարգավորման գործընթացի շարունակականությունը հիմա և հետո:
Թուրք հոդվածագիրը հարց է բարձրացնում. «Մի՞թե ձեզ չի հետաքրքրում, թե ինչու է հայկական կողմն այսքան հանգիստ ու հանդարտ իրեն պահում: Եվ սա այն դեպքում, երբ նա հարաբերությունների կարգավորման համար քայլեր ձեռնարկելու այդչափ անհրաժեշտություն ունի: Ես հետաքրքրվեցի և փորձեցի հասկանալ պատճառը»: Օրհան Դեդեի հասկացած պատճառները հետևյալն են:
Հայաստանը հավատում է Եվրամիությանը:
Վստահում է ԱՄՆ-ի վրա ունեցած Սփյուռքի ճնշմանը:
Գիտի, որ Թուրքիան անզոր է դիմակայել Արևմուտքին:
Նա նույնիսկ դժգոհում է, որ Թուրքիայի փոքր քաղաքներից մեկի չափ տարածք ունեցող Հայաստանը մատների վրա է խաղացնում թուրքական պետությանը: Այնուհետև եզրակացնում է, որ հայկական կողմը ոչ մի զիջման չի գնացել բանակցությունների ընթացքում: Մինչդեռ թուրքական կառավարությունը զիջումների պատրաստ կողմի տպավորություն է թողնում: Ըստ թուրք փորձագետի` Անկարան աշխատում է համոզել Հայաստանին որևէ զիջման գնալ, որպեսզի թուրք ժողովրդին ներկայացնելու հարգելի պատճառ ունենա, թե ինչու է բացում Հայաստանի հետ սահմանը:

«Իրողությունն այն է, որ այդ դեպքում թուրքական կառավարությունը, հաշվի չառնելով ոչ Բաքվին տված խոստումը, ոչ էլ կողմնակի այլ բաներ, պատրաստ կլինի կատարել Հայաստանի պահանջները: Այնժամ սահմանն էլ կբացվի, դիվանագիտական հարաբերություններ էլ կհաստատվեն: Ու դրանով դեռ չի ավարտվի»,- ամփոփում է Օրհան Դեդեն:

No comments: