Monday, October 11, 2010

ԹՈՄ ԴԵ ՎԱԱԼԸ ՀԱՅ-ԹՈՒՐՔԱԿԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ ՀԱՄԱՐԵԼ Է ԿՈՎԿԱՍԻ ԱՄԵՆԱԴՐԱԿԱՆ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆԸ

«Լրագիր» 11-10-2010- Հայ-թուրքական արձանագրությունների ստորագրումից մեկ տարի անց, ամերիկյան Քարնեգի հետազոտական կենտրոնի ավագ փորձագետ Թոմաս դե Վաալը մի զեկույց է հրապարակել, որում հայ-թուրքական արձանագրությունները համարում է Հարավային Կովկասում վերջին տարիների ամենադրական նախաձեռնությունը:
Մեկ տարի առաջ Հայաստանն ու Թուրքիան մերձեցման պատմական գործընթաց սկսեցին ու ստորագրեցին երկկողմ հարաբերությունները բարելավելու մասին երկու արձանագրությունները, սակայն փաստաթղթերի վավերացման գործընթացը մտավ փակուղի եւ արդեն այս տարվա ապրիլին Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը կասեցրեց արձանագրությունների վավերացման ընթացակարգը:
«Այս արձանագրությունները պետք է կենդանի պահվեն, քանի որ գործընթացը դեռ հնարավորություն ունի տարածաշրջանում փոփոխություններ բերելու», - գրում է դե Վաալը` հավելելով, որ գործընթացը կարող է վերականգնվել 2011 թվականի ամռանը Թուրքիայում կայանալիք Թուրքիայում ընտրություններից հետո: - «Ահա թե ինչու է կարեւոր, որ կողմերը աշխատեն գործընթացը մինչ այդ կենդանի պահելու ուղղությամբ», - գրում է Դե Վաալը:
Փորձագետը միաժամանակ կարեւոր է համարում ղարաբաղյան հակամարտության լուծման ուղղությամբ քայլեր ձեռնարկելը, քանի որ, նրա կարծիքով` հենց դա էր հայ թուրքական հարաբերությունների զարգացումն արգելակող գլխավոր պատճառը եւ միջազգային հանրությունը պետք է ավելի մեծ ուշադրություն դարձնի հակամարտությանը` բեկելու համար այն տարածաշրջանային փակուղին, որը ստեղծվել է:

Եթե գործընթացը վերադառնա իր նախկին հունը, բոլոր ներգրավված կողմերը, այդ թվում եւ Միացյալ Նահանգները, պետք է առավել երկարաժամկետ նպատակներ դնեն: Հայկական ողբերգության հարյուրամյա տարելիցը` 2015 թվականին, կարող է հանդիսանալ այն ժամկետը, մինչեւ որը կարելի է նպատակ դնել բարելավելու հայ-թուրքական հարաբերությունները:

Հետազոտության վերջում փորձագետը կարծիք է հայտնում, որ նույնիսկ փակ սահմանների դեպքում որոշակի լուծումներ հնարավոր են: Դե Վաալի կարծիքով` այժմ թուրքական կողմն ավելի զուսպ պետք է լինի եւ չփորձի ղարաբաղյան հակամարտությունում միջնորդի դեր ստանձնել: Դրական քայլերից մեկն էլ այն կլինի, որ Հայաստանը վերականգնի Նախիջեւանի եւ Ադրբեջանի հաղորդակցությունն իր տարածքով, եւ էլեկտրաէներգիա մատակարարի Թուրքիայի սահմանամերձ շրջաններին: Թուրքիան, իր հերթին, պետք է ազատ մուտք ապահովի սահմանամերձ պատմական շրջաններ, ինչպիսին Անին է, որպեսզի հայերը կարողանան անարգել մուտք ունենալ դեպի իրենց պատմական վայրերը: Այն քայլերի մեջ, որոնք, ըստ դե Վաալի, պետք է կատարի Թուրքիան, օսմանյան արխիվների բացումն է եւ Թալեաթ փաշայի հուշարձանի ապամոնտաժումը: Այս մասին տեղեկացնում է Ազատություն ռադիոկայանը:

No comments: