Panorama.am- 27-10-2010- Աստրախանում այսօր կայանալիք նախագահների եռակողմ հանդիպումը ղարաբաղյան հիմնախնդրի բանակցությունների ամենակարևոր փուլն է դառնալու: Այդ մասին եռակողմ հանդիպման նախօրեին հայտարարել է Ռուսաստանում Հայաստանի դեսպան Օլեգ Եսայանը Աստրախանի նահանգապետ Ալեքսանդր Ժիլկինի հետ հանդիպումից հետո, տեղեկանում ենք Աստրախանի շրջանի նահանգապետի կայքէջից: Նահանգապետը նախ Եսայանին պատմել է, թե ինչպես են զարգանում հայ-աստրախանական հարաբերությունները, նշել, որ Աստրախանի ու Հայաստանի միջև տնտեսական համագործակցությունը երկար տարիների պատմություն ունի և հավելել. «Հպարտ եմ, որ այսօր Աստրախանում ապրում է բարձրակիրթ, աշխատասեր հայկական սփյուռք»: Իր հերթին Օլեգ Եսայանը նկատել է, որ յուրաքանչյուր հայի մոտ Աստրախանը յուրահատուկ ու բացառիկ դրական ասոցիացիաներ է առաջացնում:
Այնուհետև տեղի լրատվամիջոցների հետ հարցազրույցում հայ դեսպանը ընդգծել է, որ ղարաբաղյան հիմնախնդրի շուրջ բանակցությունների համար Աստրախան քաղաքի ընտրությունը հաջողված է: «Աստրախանը մոտ է ինչպես Հայաստանի, այնպես էլ Ադրբեջանի համար: Մենք հույս ունենք, որ երեք երկրների ղեկավարների եռակողմ հանդիպումը կարևոր փուլ կդառնա ղարաբաղյան հիմնախնդրի վերջնական կարգավորման ճանապարհին», -հավելել է դեսպանը:

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment