Wednesday, October 27, 2010

“ՀՍԿԻՉ ԿՐԱԿՈՑ” ԱՍՏՐԱԽԱՆԻՑ ԱՌԱ՞Ջ

«Լարագիր» 27-10-2010- Համացանցում հայտնվել է հերթական հոլովակը,( http://www.youtube.com/watch?v=C-vVX2B1H3k&feature=player_embedded ) որը թերեւս այդքան էլ հաճելի չի լինի Հայաստանի իշխանության համար: Այնտեղ տեղադրված է մի հոլովակ, որտեղ ԱՄՆ փոխնախագահ Ջո Բայդենը իրեն հարց տվող հայ տղային ասում է, որ Հայաստանի նախագահը զանգահարել է նախագահ Օբամայի վարչակազմ եւ խնդրել, որ ապրիլի 24-ի ուղերձում չօգտագործվի ցեղասպանություն բառը, հայ-թուրքական գործընթացին չվնասելու համար:
Բայդենի այդ հայտարարությունը ըստ էության կարելի է սկանդալային համարել: Փաստացի պարզվում է, որ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն է ամերիկացիներին խնդրել, որ նախագահ Օբաման չասի ցեղասպանություն բառը: Այդ տեղեկատվությունը, որ հրապարակում է Բայդենը, պարզապես արմատական հակադրության մեջ է սփյուռքահայ լսարանի առաջ ունեցած այն ճառերի հետ, որ արտասանում էր Սերժ Սարգսյանը ցեղասպանության խնդրից ոչ մի քայլ չնահանջելու եւ պատմական արդարությանը հետամուտ լինելու մասին:

Այստեղ էականն այն չէ, որ Սերժ Սարգսյանը փաստորեն խոչընդոտել է ցեղասպանություն բառի արտասանմանը: Դա նույնիսկ շատ վիճահարույց պնդում է, քանի որ միամիտ կլինի կարծել, թե նախագահ Օբաման մտադրվել էր արտասանել այդ բառը, սակայն Սերժ Սարգսյանին խնդրելով չարեց դա: Եթե ԱՄՆ իր շահի տեսանկյունից նպատակահարմար գտնի նախագահի մակարդակով, կամ որեւէ այլ պետական կառույցի մակարդակով օգտագործել ցեղասպանություն բառը, ապա Սերժ Սարգսյանը որքան էլ խնդրի չանել դա, ԱՄՆ հազիվ թե այդ խնդրանքին ուշադրություն դարձնի:

Այդուհանդերձ, խնդրանքի հանգամանքն ինքնին էական է, այն առումով, որ բացահայտում է հայ-թուրքական հակամարտության կարգավորման մեջ մտած Հայաստանի իշխանության իրական պատկերացումների որակը:

Սակայն էական է թերեւս մեկ այլ բան` երկու ասպեկտով: Փաստացի, ԱՄՆ հերթական անգամ հրապարակում է Հայաստանի իշխանության համար բավական տհաճ տեղեկատվություն: Առաջինը հայկական հանցախմբի եւ Հայաստանի հետ ունեցած սերտ շփման ու փողերը Հայաստան տեղափոխելու մասին հայտարարությունն էր, իսկ երկրորդն էլ թերեւս սա` Սերժ Սարգսյանը խնդրել է չարտասանել ցեղասպանություն բառը: Բայդենի այդ “խոստովանությունը” պարունակող հոլովակի ռակուրսը հուշում է, որ Բայդենը կարծես թե չի տեսնում, որ իր խոսքը ձայնագրվում է եւ նկարահանվում: Սակայն, հազիվ թե ԱՄՆ փոխնախագահն այնքան միամիտ է, որ կարող էր չմտածել այն մասին, որ իր խոսքը կդառնա հանրային սեփականություն:

Հատկանշական է նաեւ այն, որ Բայդենի խոսքը հրապարակվում է, հանրային սեփականություն է դառնում Աստրախանի, այսինքն Սարգսյան-Մեդվեդեւ-Ալիեւ հերթական եռակողմ հանդիպման նախաշեմին:

Այդ հանդիպումից առաջ Հայաստանի իշխանության գրեթե բոլոր օղակները զբաղված էին ԱՄՆ “առաջին” հարվածը հերքելով, թե որեւէ կապ չունեն հանցագործների հետ: Հիմա, Աստրախանի շեմին, ԱՄՆ կարծես թե “երկրորդ” հարվածն է հասցնում Հայաստանի իշխանությանը, որն արդեն զուտ քաղաքական բնույթ ունի եւ առնչվում է արդեն ոչ թե ԱՄՆ իրավապահներին, այլ անմիջապես քաղաքական իշխանությանը: Այդ երկրորդը հիշեցնում է այսպես ասած “հսկիչ կրակոց”, ինչն ԱՄՆ անում է թերեւս համոզվելու համար, որ Աստրախանում Սերժ Սարգսյանը հաստատ չի մոռանա ԱՄՆ մասին:

ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ

No comments: