Panorama.am. 28-10-2010- Ադրբեջանի ագրեսիային ու ռազմատենչ հայտարարություններին պետք է ըմբռնումով մոտենալ, պատերազմում Հայաստանն է հաղթանակ տարել: Լրագրողների հետ հանդիպմանը նման հայտարարությամբ հանդես եկավ «Կովկաս» ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը: «Ինչո՞ւ են այնտեղ ավելի շատ խոսում պատերազմի մասին, ինչո՞ւ է Հայաստանն ավելի հանգիստ, քան Ադրբեջանը: Պատճառն ակնհայտ է: Պատերազմում մենք ենք հաղթել, պատերազմից հետո այն տարածքները, որոնք Ադրբեջանը իրենն է համարում, շարունակում են մնալ հայերի վերահսկողության ներքո: Հայերը վերցրել են այն, ինչ վերցրել են, և ստատուս-քվոյի պահպանումը հայկական կողմին ձեռնտու է»,-բացատրեց քաղաքագետը:
Ինչ վերաբերում է հակամարտող կողմերի ղեկավարների հանդիպումից առաջ կամ հետո Ադրբեջանի կողմից իրականացված դիվերսիոն հարձակումներին ու հրադադարի ռեժիմի խախտումների ավելացմանը, ինչի հետևանքով հայկական կողմը զոհեր է տվել, Իսկանդարյանը դա դիտարկեց Ադրբեջանում անցկացվելիք խորհրդարանական ընտրությունների համատեքստում: «Ադրբեջանական կողմի ռազմատենչ հռետորաբանությունը գործիքային է: Նրանք դա անում են, որովհետև պետք է անեն, հատկապես հիմա, երբ մի քանի օրից այնտեղ ընտրություններ են»,-տեսակետ հայտնեց բանախոսը:

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment