Wednesday, October 13, 2010

Լևոն Զուրաբյանը Մոսկվայում ներկայացրել է Հայաստանում տիրող իրավիճակը

Tert.am. 13-10-2010- Հայ ազգային կոնգրեսի համակարգող Լևոն Զուրաբյանը աշխատանքային այցով եղել է Ռուսաստանում։ Մոսկվայում նա հանդիպել է ՌԴ իշխանության ներկայացուցիչների և Ռուսաստանի հայ համայնքի անդամների հետ։ Այս մասին հայտնում է Росбалт-ը։
ՀԱԿ մամուլի խոսնակ Արման Մուսինյանը Tert.am–ի հետ զրույցում հաստատեց այդ տեղեկությունը՝ նշելով, որ Լևոն Զուրաբյանը Մոսկվայում եղել է հոկտեմբերի 7–10 –ը։
Ըստ Росбалт-ի, հանդիպումների ընթացքում Զուրաբյանը հանդես է եկել Հայաստանում վերջին իրադարձությունների մասին զեկույցով և ներկաներին ծանոթացրել երկրում տիրող իրական վիճակի մասին։ Զուրաբյանի խոսքով՝ հայ հասարակությունը պատրաստ չէ հաշտվել Հայաստանում տիրող իրավիճակի հետ. ժողովուրդը պահանջում է իշխանափոխություն արտահերթ ընտրությունների անցկացման ճանապարհով։
Նա պատմել է ներկայիս իշխանության ընդդիմախոսների շարունակվող ռեպրեսիաների մասին։ ՀԱԿ համակարգողը նաև ասել է, որ կաշառակերությունը խժռում է պետությունը։
«Առաջին հերթին, վարչակարգը շարունակում է դիմել քաղաքական ռեպեսիաների և իր քաղաքական հակառակորդների ժողովրդավարական ազատությունների սահմանափակման։ Երկրի բանտերում, հակառակ Եվրոպայի խորհրդի բանաձևերի և միջազգային իրավապաշտպան կազմակերպությունների կոչերին, շարունակում է տառապել 13 քաղբանտարկյալ։ Շարունակվում են զանգվածային հետապնդումներն ու ճնշումները իրավապահ, հարկային և մաքսային մարմինների կողմից, ինչպես նաև հանցագործությունները Շարժման ակտիվիստների նկատմամբ։
Ոստիկանական ջոկատներն ապօրինաբար փակ են պահում Ազատության հրապարակը քաղաքական ակցիաների համար։ Անկախ հեռուստատեսությունը և էլեկտրոնային ԶԼՄ-ներն իրականում մատչելի չեն ընդդիմության համար։
Երկրորդ, երկրի տնտեսությունը մոնոպոլիզացված է և կենտրոնացած մի քանի ներկրող օլիգարխների ձեռքը, որոնք ապրում են արտասահմանից տրանսֆերների հաշվին, քանի որ երկրում ոչնչացվել է տնտեսական մրցակցությունը և ձեռնարկատերերի դասը գործնականում դուրս է մղվել Հայաստանից։
Եվ երրորդ, ձախողված արտաքին քաղաքականությունը հանգեցնում է ղարաբաղյան հարցում հայկական կողմի դիրքերի թուլացման։ Մենք կարծում ենք, որ Հայաստանին օդի պես անհրաժեշտ է քաղաքական համակարգի արմատական առողջացում, ինչպես նաև տնտեսության արդիականացում մրցակցության և արտահանման խթանմանը նպաստելու հիման վրա։ Կլանաօլիգարխիկ համակարգը կոտրելու միակ մեխանիզմը կարող է դառնալ միայն ժողովրդավարական զանգվածային շարժման՝ իշխանության գալը, որը ազատ է օլիգարխների առջև որևէ պարտավորությունից»,- ասել է ՀԱԿ համակարգողը հանդիպումների ժամանակ։
Զուրաբյանը նաև ասել է, որ Ռուսաստանում աճում է այն ընկալումը, որ Հայաստանի կոռումպացված իշխանությունը, որը Ռուսաստանի ռազմավարական դաշնակիցն է, աստիճանաբար իր համար գլխացավանք է դառնում։ «Ցանկացած երկիր, այդ թվում՝ Ռուսաստանը, շահագրգռված է, որպեսզի որպես դաշնակից ունենա հզոր պետություն առողջ քաղաքական և տնտեսական համակարգերով»,- նշել է Զուրաբյանը։

No comments: