Wednesday, October 27, 2010

Թուրքագետ. «Թուրքիան հասկանում է, որ հայկական եկեղեցիների վերանորոգումը նպաստում է այդ տարածաշրջանի տնտեսության զարգացմանը»

Panorama.am. 27-10-2010- Դիարբեքիրի Սուրբ Կիրակոս եկեղեցում 30 տարի անց առաջին անգամ աղոթք է հնչել: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ԳԱԱ արևելագիտության ինստիտուտի թուրքիայի բաժնի գիտաշխատող, պ.գ.թ. Քրիստինե Մելքոնյանը: Նա նշեց, որ եկեղեցում աղոթք հնչեցնելը եղել է Դիարբեքիրի քաղաքապետի ու Պոլսո Հայոց պատրիարքարանի փոխանորդ, արքեպիսկոպոս Արամ Աթեշյանի նախաձեռնությունը: Նրա խոսքով, աղոթքին մասնակցել են հիմնականում Սուրբ Կիրակոս եկեղեցու վերականգման գործընթացը նախաձեռնած կողմերը` Դիարբեքիրի Սուրբ Կիրակոս եկեղեցում վերականգման հիմնդրամի ներկայացուցիչները և Դիարբեքիրի քաղաքապետարանի ներկայացուցիչները` Դիարբեքիրի քաղաքապետի գլխավորությամբ:
Նշենք, որ եկեղեցում աղոթքը հնչել է հոկտեմբերի 23-ին:
Ք. Մելքոնյանը հիշեցրեց, որ Դիարբեքիրի Սուրբ Կիրակոս եկեղեցու վերականգնումը սկսել է 2009 թվականի հոկտեմբերին: «Թուրքիայի կառավարությունը այս հարցում չի աջակցել Դիարբեքիրի քաղաքապետարանին և տեղի հայերին, սակայն նաև չի խոչընդոտել այս գործընթացին»,- հավելեց նա:
Թուրքագետը նշեց, որ եկեղեցու վերականգնման համար 70 տոկոսը ֆինանսավորում է Սուրբ Կիրակոս եկեղեցում վերականգման հիմնդրամը, իսկ 30 տոկոսը` Դիարբեքիրի քաղաքապետարանը: Եկեղեցու վերականգնման աշխատանքները կավարտվեն մյուս տարի, որի բացմանը եկեղեցում տրվելու է պատարագ:

Նա նշեց, որ Դիարբեքիրում այսօր մի քանի ընտանիք է ապրում, այնտեղի բնակչության մեծ մասը քրդեր են: «Այս եկեղեցու վերականգնումով Դիարբեքիրի քաղաքապետը նախևառաջ հետապնդում է տարածաշրջանի զարգացման և հայերի հետ հարաբերությունները բարելավելու քաղաքականություն: Քաղաքապետը շատ լավ հասկանում է, որ եկեղեցու վերականգնման գործընթացից հետո այստեղ կայցելեն մեծ թվով հայեր, որն էլ կնպաստի Դիարբեքիրում զբոսաշրջության զարգացմանը»,- հավելեց բանախոսը:
Ք. Մելքոնյանի խոսքով, Թուրքիայում ազգայնականներն արդեն քննադատել են եկեղեցում անցկացված աղոթքը և բողոքել են, որ Դիարբեքիրի քաղաքապետը հայանպաստ քաղաքականություն է վարում:
Բանախոսի խոսքով, տնտեսական առումով այս եկեղեցու վերականգնումը մեծ նշանակություն ունի այս տարածաշրջանի համար: «Նրանք հասկացան, որ Վանի Սուրբ Խաչ եկեղեցու վերականգնումը մեծապես նպաստել է Վանի տնտեսության զարգացմանը»,- ասաց նա: Բանախոսը ամփոփելով իր խոսքը, նշեց, որ Թուրքիան հասկանում է, որ հայկական եկեղեցիների վերանորոգումը նպաստում է այդ տարածաշրջանի տնտեսության զարգացմանը:

No comments: