Saturday, October 23, 2010

Իրանը պահպանում է, Ադրբեջանը` ավերում, Վրաստանը` վրացականացնում

Report.am. 22-10-2010- Ադրբեջանական պատմական կեղծարարությունների մասին այս անգամ "Արմատ"մամուլի ակումբում խոսեցին ՀՀ մշակույթի նախարարությանն առընթեր պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոնի տնօրեն Հակոբ Սիմոնյանը եւ հնագետ Արտակ Գնունին:
Հակոբ Սիմոնյանը վստահեցրեց, որ երկու ժողովուրդների միջեւ գոյություն ունեցող տեղեկատվական պատերազմը ընթացող պայքարի անքակտելի մասն է: Նրա ներկայացմամբ, լրագրողների համահայկական համաժողովի ժամանակ ՀՀ նախագահի ելույթը ոչ այլ ինչ էր, քան ապացույցն այն բանի, որ դանակն արդեն ոսկորին է հասել, մեղմ ասած` ադրբեջանցիներն արդեն համը հանել են:
Հայկական տարածքների նկատմամբ ադրբեջանցիների ախորժակի մասին վաղուց գիտենք: Ճշմարտությունը ապացուցելու համար էր, որ 1990թ.-ից սկսած պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոնը սկսեց ուսումնասիրություններ կատարել Արցախի եւ Սյունիքի տարածքներում` հայտնաբերված հնագիտական նյութերը ադրբեջանցիների աչքը մտցնելու ու ցույց տալու համար, որ Արցախը մերն է, ներկայացրեց Հակոբ Սիմոնյանը` նշելով, որ ուսումնասիրվել է շուրջ 1500 հուշարձան, որոնցից յուրաքանչյուրը "մի մարտիկ է եւ մեր ճշմարտացիության վկայությունը":
Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոնը ուսումնասիրել է Ողջի գետի ավազանում: Հայտնաբերված բացառիկ հուշարձանը ապացուցում է, որ Կապանը դեռ 3000 տարի առաջ եղել է հայկական, եւ այսպիսով հօդս են ցնդում նաեւ ադրբեջանցիների այն պնդումները, թե Սյունիքը ադրբեջանական տարածք է, ներկայացրեց Հակոբ Սիմոնյանը:
1996թ.-ից արշավախումբը ուսումնասիրություն է սկսել Արցախի Քաշաթաղի շրջանում: Իսկ հայտնաբերված Կերենի դամբարանադաշտը, ըստ հնագետ Արտակ Գնունու, մեր փաստաթուղթն է, վկայությունը, որ այդ տարածքը հայկական է: Հայտնաբերված հնագիտական նյութերն այսօր գտնվում են Քաշաթաղի երկրագիտական թանգարանում, արդեն թվայնացվել է 500 նմուշ, իսկ այս տարվա վերջին կամ 2011թ.-ի սկզբին նախատեսվում է ցուցահանդես:
Հնագետները թեեւ մտահոգված են, որ չկա պետական աջակցություն, բայց մյուս կողմից էլ նկատում են, որ այսօր ժողովուրդը եւս չի գնահատում իր արժեքները եւ շատ հաճախ ավերում է եւ ոչնչացնում` առանց հասկանալու դրա մեծ արժեքը:
Անդրադառնալով հարեւան երկրների` մեր հուշարձանների նկատմամբ վերաբերմունքին, պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոնի տնօրենը նշեց, որ հայկական հուշարձաններին մեծ հարգանքով է վերաբերվում Իրանը, եւ զարմանալին այն է, որ մահմեդականներն են ձեւավորում այդ հարգանքը: "Պետական քաղաքականությունը երբ չի պղտորում մարդու միտքը` հոգեւոր արժեքները պահպանվում են",- ավելացրեց Հակոբ Սիմոնյանը:
Իրավիճակը ճիշտ հակառակն է Ադրբեջանում: Այս երկիրը գազանի նման ավերում է ամեն հայկական, իսկ սեփական քաղաքացու մեջ սերմանում ատելություն հայի եւ հայկականի նկատմամբ: Հակոբ Սիմոնյանը խիստ կասկածում է, որ Ադրբեջանում առկա ավելի քան 10 հազար հայկական հուշարձաններց գեթ մեկը պահպանված լինի:
Եթե Ադրբեջանը մեր հուշարձանները ջարդում ու փշրում է, ապա հարեւան Վրաստանը` վրացականացնում է: Այս մտահոգություններով էլ, ինչպես վստահեցրեց Հակոբ Սիմոնյանը, դիմել են Վրաստանի մշակույթի նախարարի առաջին տեղակալին: Վերջինս խոստացել է, որ մինչեւ տարեվերջ վրաց մասնագետները կգան Հայաստան` իրենց հայ գործընկերների հետ հանդիպելու, եւ կհամագործակցեն Մուղնու Սուրբ Գեւորգ եկեղեցու վերանորոգման աշխատանքների շուրջ:
ԱԳՆԵՍԱ ԽԱՄՈՅԱՆ

No comments: