Tuesday, October 26, 2010

ԱՄՆ ՀԱՅՈՒԹՅԱՆ ԴԵՐՆ ՈՒ ՈՐԱԿԸ

«Լրագիր» 26-10-2010- Հին մի անեկդոտ կա. երկու ընկեր որոշում են գողանալ հեռվում դաշտ հերկող գյուղացու զույգ եզներից մեկը: Ընկերներից մեկը մյուսին ասում է, թե “դու միայն կանգնիր եւ բղավիր` “զարմանում եմ””: Ընկերը կանգնում եւ բղավում է`”զարմանում եմ, զարմանում եմ”: Դաշտում եզներով հերկ անող գյուղացին լսում է, թողնում լծկաններին եւ մոտենում բղավողին: Այդ ժամանակ մյուս ընկերը տանում է եզներից մեկը: “Ինչո՞ւ ես զարմանում”, հարցնում է գյուղացին: “Զարմանում եմ, թե ինչպես ես մի եզով հերկ անում”, ասում է բղավող ընկերը: Գյուղացին շրջվում է, տեսնում է, որ մի եզ է մնացել, եւ ասում է. “Ես էլ եմ զարմանում”:
Հոկտեմբերի 25-ի երեկոյան Շանթ հեռուստաընկերության լրատվական թողարկման ընթացքում Երեւան-Լոս Անջելես հերթական կապի թեման ԱՄՆ առողջապահական համակարգում տեղի ունեցած մի շորթում էր: Բայց խոսքը հայկական հանցախմբի մասին չէր: Խոսքն այն մասին էր, ինչպես Լոս Անջելեսից հայտնում էր Շանթի մեկնաբան Դերենիկ Յափունջյանը, որ կարծես թե Ֆլորիդայում բացահայտվել է շորթման ավելի մեծ` 191 միլիոն դոլարանոց մի դեպք, որը “հայկական” շորթման դեպքը գերազանցում է մոտ 30 միլիոն դոլարով:

Եվ Դերենիկ Յափունջյանը զարմանում էր, որ “հայկական” դեպքի մասին գրում էին ամերիկյան բոլոր հեղինակավոր լրատվամիջոցները, իսկ ահա Ֆլորիդայում ավելի մեծ շորթման մասին լռություն է: Դերենիկ Յափունջյանը զարմանում էր եւ ասում, որ այդպիսի բաները պատահական չեն լինում:

Այլ կերպ ասած, Շանթի մեկնաբանը թերեւս ուզում էր ակնարկել, որ ամերիկացի իրավապահները, իսկ գուցե նաեւ ընդհանրապես ամերիկյան իշխանությունը, այդպիսով միտում է դրսեւորում հայերի հանդեպ, եթե հայկական հանցախմբի մասին բոլորը գրում են, խոսում, ցույց տալիս, իսկ Ֆլորիդայում գործված նույն բնույթի, բայց ավելի մեծ հանցանքի մասին այդօրինակ լրատվական ռեզոնանս չկա:

Թե ինչու Դերենիկ Յափունջյանի եւ “Շանթի” համարձակությունը չբավականացրեց այդ մասին հենց ուղղակի ասելու եւ ընդհանրապես ռեզոնանսների այդ տարբերության մեջ խորամուխ լինելու համար, թերեւս այլ խոսակցության նյութ է, կամ ընդհանրապես “Շանթի” ու նրա մեկնաբանների ներքին գործը: Գուցե ԱՄՆ-ում թափառական շների հարցը շատ ավելի հետաքրքիր է նրանց համար, եւ այդ հարցի մեջ կարող են րոպեներ շարունակ խորամուխ լինել, իսկ հանցագործությունների ռեզոնանսային տարբերությունը ոչ մեկին չի հետաքրքրում: Ի վերջո, շները մարդու բարեկամն են, իսկ հանցագործները` թշնամին:

Բայց, ինչն է ընդհանրապես այդ ամենի մեջ կարեւորը: Ըստ ամենայնի, թերեւս, այդ ամենի մեջ կարեւորը դիտվում է հանրային ուշադրությունը շեղելը: Թվում է, թե խնդիրը պետք է լինի այն, որ Հայաստանի եւ հայության հեղինակությանը լուրջ հարված է հասցրել ԱՄՆ-ում հայկական հանցախմբի գոյության փաստը, որը բացահայտել են ամերիկացի իրավապահները, եւ հայտարարել Հայաստանի եւ հանցախմբի սերտ կապի մասին:

Հիմա, ասենք Ֆլորիդայում, Չիկագոյում կամ Սան-Պեդրոյում ԱՄՆ իրավապահները կարող են բացահայտել հնգակի, տասնակի ավելի մեծ շորթումներ: Ու կարող են ոչ մի բառ չասել դրա մասին, կամ երկու բառ ավել կամ պակաս ասել: Դրանից մեզ վերաբերող խնդրի էությունը փոխվո՞ւմ է արդյոք: Ի՞նչ էին ակնկալում “Շանթի” մեկնաբաններն ու ընդհանրապես այդ “ուշադրություն շեղելու” մարտավարության գաղափարախոսները, որ ավելի մեծ հանցանքների մասին ավելի շատ խոսելով կարող էր անուշադրության մատնվել հայերի գործած հանցա՞նքը: Որ ամերիկացիները կարող էին ասել, թե լավ հա, հայերի արածն ինչ է, տեսեք թե ուրիշներն ինչեր են արե՞լ:

ԱՄՆ-ում լրջորեն խաթարվել է հայության եւ Հայաստանի հեղինակությունը: Խաթարվել է կոնկրետ փաստերի, բացահայտված կոնկրետ հանցագործության հետեւանքով, ոչ թե հորինված հեքիաթների կամ բալլադների: Փոխանակ մտածելու այդ մասին, մտածելու այդ խաթարված հեղինակությունը վերականգնելու մասին, սկսում են մտածել, թե ինչ միտում կա հայերի դեմ:

Ընդ որում, այդ մարտավարությունը կիրառվում է ոչ միայն այդ, այլ գրեթե բոլոր այն դեպքերում, երբ կոնկրետ խնդիրը, դրա բուն էությունը մեղմ ասած անցանկալի են իշխանության համար: Օրինակ, Սերժ Սարգսյանին հարցնում են բանակի մասին, իսկ նա խոսում է ոչ թե կատարված հանցագործությունների, սպանությունների, զոհերի, դրանց պատասխանատուների շրջանակի, դրանք կանխելու անելիքների մասին, այլ հայտարարում, թե զզվում է դիվիդենտ շահող եւ ապերախտ մարդկանցից: Բայց չէ՞ որ խնդիրն ախր բանակում իրար հետեւից արձանագրվող սպանությունները, ինքնասպանությունները, նվաստացումներն ու բնռություններն են, ոչ թե մարդիկ, որոնք միգուցե կցանկանան դրանք շահարկել անձնական նպատակով:

Իսկ որ Հայաստանում հեռուստաընկերությունների գլխավոր խնդիրը իշխանության շահը սպասարկելն է, դա թերեւս գաղտնիք չէ արդեն տարիներ շարունակ: Դրա համար էլ փորձ կարվի միտում տեսնել ամերիկացիների դիրքորոշման մեջ, փոխանակ բուն խնդիրը տեսնելու եւ հասկանալու, թե ինչու եւ ինչպես են հայկական զանգվածային հանցախմբեր ձեւավորվում, ինչու է ստացվում այնպես, որ ԱՄՆ-ում հայերի ավանդական կառուցողական դերն աստիճանաբար ձեռք է բերում դեստրուկտիվ բնույթ, ինչու է ստացվում այնպես, որ հայերն ԱՄՆ-ում ավելի ու ավելի շատ սկսում են աչքի ընկնել ոչ թե այդ երկրի եւ համաշխարհային տնտեսական, քաղաքական, մշակութային կյանքում ունեցած հաջողություններով, այլ հանցագործություններով:

Չէ որ դա է թերեւս լուրջ խնդիրը, նկատի ունենալով այն դերն ու նշանակությունը, որ ԱՄՆ ունի համաշխարհային անցուդարձում, եւ այն դերն ու նշանակությունը, այն որակն ու հեղինակությունը, որ այդ համատեքստում պետք է ունենա ԱՄՆ հայկական համայնքը, այդ երկրում բնակվող հայությունը:

ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ

No comments: