Monday, October 11, 2010

«Հայոց ցեղասպանություն. մահվան քայլերթ»

Panorama.am. 11-10-2010- «The New York Times»-ը տեղեկացնում է, որ ԱՄՆ-ում լույս է տեսել հայազգի ամերիկացի գրող և իրավաբան Մարկ Թ. Մուսթյանի «Ժանդարմը» (The Gendarme) վեպը, որը պատմում է Առաջին համաշխարհային պատերազմի ընթացքում Օսմանյան Թուրքիայում իրականացված Հայոց ցեղասպանության մասին:
Վեպում միահյուսվել են ներկան ու անցյալը: Վեպի գլխավոր հերոսը` ժանդարմը (ասկյար) 92-ամյա թուրք Էմմեթ Քոնն է, որը ծնվել է Օսմանյան Թուրքիայում, սակայն Թուրքիայի տարածքում գտնվող Գալիփոլլի տեղանքում տեղի ունեցած հայտնի ճակատամարտում վիրավորվելուց հետո սխալմամբ տեղափոխվել է բրիտանական հոսպիտալ: Քոնն ապաքինվում է, սակայն մասամբ կորցնում է հիշողությունը, նա ամուսնանում է ամերիկացի մի բուժքրոջ հետ և մեկնում Միացյալ Նահանգներ:

Եվ ահա, տասնյակ տարիներ անց 92-ամյա Էմմեթ Քոնը տառապում է գլխուղեղի քաղցկեղից, ինչի արդյունքում գիշերային մղձավանջների տեսքով Քոնի գիտակցության մեջ սկսում են արթնանալ հիշողությունից դուրս մնացած իր կյանքի ահասարսուռ դրվագները: Էմմեթ Քոնն իրեն տեսնում է արյունարբու, դաժան 17-ամյա թուրք ժանդարմի կերպարում, որն անմարդկային տանջանքների է ենթարկում Թուրքիայից դեպի Սիրիա հարյուր հազարավոր քարավաններով բռնագաղթվող հայերին: Նա տեսնում է, թե ինչպես ձիավոր մի թուրք ասկյար ձիու սմբակով ճզմում է հայ նորածին երեխայի գլուխը: Իր տեսիլքներում Քոնի կերպարանքով թուրք երիտասարդ ժանդարմը սիրահարվում է լուսավոր ու խորաթափանց աչքերով մի հայ աղջկա և այդ սիրո արդյունքում փոխում իր վերաբերմունքը հայերի նկատմամբ:

Խոսելով Մուսթյանի «Ժանդարմը» վեպի մասին` Հայոց ցեղասպանության մասին պատմող «Արարատ» ֆիլմի հեղինակ Ատոմ Էգոյանը նշել է. «Մուսթյանը յուրահատուկ մի վեպ է գրել` ընդգրկելով 20-րդ դարի ամենաբարդ խնդիրներից մեկը, խնդիր, որն այսօր` 21-րդ դարում, շարունակում է սպառնալ մարդկությանը: «Ժանդարմը» ներկայացրել է, թե ինչ ահռելի ծավալներով չարիք կարող է պարունակել մարդկությունը, և ինչպիսի հետքեր է այդ չարիքը թողնում մարդկային ճակատագրերի վրա: Սա ողբերգական, ցավալի, բայց և ճշմարտացի վեպ է»:

Վեպի ավարտին 92-ամյա նախկին թուրք ժանդարմը եզրակացնում է, որ ինքն իր հիվանդության առաջ նույնքան միայնակ է, ինչպես հայերն էին`Թուրքիայից Սիրիա տանող մահվան ճանապարհին:

http://www.nytimes.com/2010/10/10/books/review/Peed-t.html?_r=1&src=twt&twt=nytimesbooks

No comments: