Monday, October 11, 2010

Ռուս սահմանապահները հերքում են թուրք քաղաքական գործիչների կողմից Հայաստանի սահմանը հատելու լուրը

News.am. 11-10-2010- Թուրքիայի կողմից հայ-թուրքական սահմանի հատման որեւէ դեպք չի արձանագրվել. Եթե նման փորձ ձեռնարկվեր, այն անմիջապես կկանխվեր: Այդ մասին NEWS.am-ի թղթակցին հայտնել է Հայաստանում Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայության սահմանապահ վարչության պետի տեղակալ, գնդապետ Անդրեյ Գուզեեւը՝ մեկնաբանելով թուրքական լրատվամիջոցների տարածած տեղեկությունը, թե մի քանի թուրք գործիչներ հատել են հայ-թուրքական սահմանը: Նրա խոսքով, իրավիճակը հայ-թուրքական սահմանին վերահսկվում է: Սահմանի ապօրինի հատման բոլոր դեպքերը կանխվում են հաստատված կարգով:
Ըստ միջպետական պայմանագրի, հայ-թուրքական սահմանը պահպանում են Ռուսաստանի Դաշնության սահմանապահ ուժերը: Սահմանը միակողմանի փակվել է Թուրքիայի կողմից, որը ղարաբաղյան հարցում աջակցում է Ադրբեջանին:
Նշենք, որ ավելի վաղ NEWS.am-ը, վկայակոչելով թուրքական Zaman թերթը, հայտնել էր, որ Թուրքիայի «Հզոր Թուրքիա» կուսակցության (GTP) նախագահ Թունա Բեքլեւիչը, փոխնախագահ Բայբարս Օրսեքը, նույն կուսակցության Կարսի նահանգային կառույցի ղեկավար Դյունդար Գյուլթեքինը եւ նրանց ուղեկցող պատվիրակությունը, ի նշան փակ սահմանի դեմ բողոքի, Թուրքիայից խախտել են հայ-թուրքական սահմանը եւ Ախուրյան գետի վրայով մտել Հայաստան:
Թուրքական Zaman-ի փոխանցմամբ` GTP-ի ղեկավար Թունա Բեքլեւիչը հայտարարել է, թե մինչեւ 2011 թվականը հայ-թուրքական սահմանը չբացվի, նույն այդ ճանապարհով 1000 հայ եւ 1000 թուրք երիտասարդ սահմանը կանցնեն: «Մենք երկու երկրների կառավարություններից պահանջում ենք սահմանների բացման համար դրական պատասխան»,-նշել է թուրք կուսակցապետը:
Նշենք, որ հոկտեմբերի 10-ի երեկոյան թուրքական գրեթե բոլոր լրատվամիջոցները տարածել էին այդ տեղեկությունը:

No comments: