Wednesday, October 27, 2010

Թուրքիան հերթական անգամ թիկունքից դաշունահարեց Դինքի ընտանիքին

Tert.am. 27-10-2010- «Մենք հերթական անգամ դաշունահարվեցինք թիկունքից»: Այս մասին, թուրքական Vatan օրաթերթի հետ հարցազրույցում, հայտարարել է «Ակօս» շաբաթաթերթի սպանված խմբագրապետ Հրանտ Դինքի եղբայր Երվանդ Դինքը` մեկնաբանելով Օգյուն Սամասթի նկատմամբ Ստամբուլի դատարանի կայացրած որոշումը։
«Մենք անձամբ մեր ստորագրությամբ աջակցել ենք «Քար նետող երեխաների» օրինագծի ընդունման առնչությամբ սկսված ստորագրահավաքին, որովհետև այդպես էր պետք: Սակայն պետությունը շփոթեց ամեն ինչ և խնդիրը լուծեց իր իմացածի պես. նույնացրեց քար նետողին և կրակողին»,- հայտարարել է Երվանդ Դինքը` ավելացնելով, որ այդ օրենքով թուրքական պետությունը նպաստելու է անչափահաս մարդասպանների թվի աճին։
Նշենք, որ Թուրքիայի Ազգային մեծ ժողովն ընդունել է օրինագիծ, որի համաձայն` Թուրքիայում 18 տարին չլրացած անձինք ահաբեկության մեղադրանքով այլևս չեն դատապարտվելու, ինչպես նաև համաներում է կիրառվելու թուրքական բանտերում գտնվող 200 անչափահասների նկատմամբ:
Այդ օրինագիծը, որը Թուրքիայում հայտնի է որպես «Քար նետող երեխաների» օրինագիծ, նպատակ ունի դադարեցնել հետապնդումը և խիստ պատժամիջոցների կիրառումը անչափահասների նկատմամբ:
Ինչպես հայտնի է, Թուրքիայում մեծ թվով քուրդ անչափահասներ խիստ պատիժներ են կրում թուրքական բանտերում: Նրանց հիմնականում ձերբակալում են քրդերի կազմակերպած բողոքի ակցիաների ժամանակ թուրք ոստիկանների վրա քարեր նետելու համար: Գրեթե բոլոր ձերբակալվածներին ներկայացվում են «ահաբեկչական կազմակերպությանն անդամակցելու» և «ահաբեկչական կազմակերպության քարոզչությամբ զբաղվելու» մեղադրանքներ: Իսկ նման հոդվածները նախատեսում են խիստ պատժաչափ` մինչև 20 տարվա ազատազրկում:
Հիշեցնենք, որ օրեր առաջ Ստամբուլի դատարանը բավարարել էր Հրանտ Դինքին սպանած Օգյուն Սամասթի փաստաբան Լևենթ Յըլդըրըմի միջնորդությունը` իր պաշտպանյալին որպես անչափահաս դատելու վերաբերյալ: Ըստ վերոնշյալ օրինագծի` ամենայն հավանականությամբ, Օգյուն Սամասթի վրայից կհանվի «ահաբեկչական կազմակերպությանն անդամակցելու» հոդվածը:

No comments: