Monday, October 11, 2010

Սլովենիայի նախագահը Երևանում ներկայացրեց Կոսովոյի և Ղարաբաղի տարբերությունները

Tert.am. 11-10-2010- Պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Սլովենիայի նախագահ Դանիլո Թյիրկն այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտնելով իր տեսակետը տարածքային ամբողջականության և ազգերի ինքնորոշման սկզբունքների վերաբերյալ, նշեց, որ այդ երկու սկզբունքները երբեք չեն գործում ինքնաբերաբար. դրանց իրագործանը նախորդող բազմաթիվ միջանկյալ իրավիճակներ և քայլեր կան։
Պատասխանելով Հաագայի դատարանի կողմից Կոսովոյի անկախության ճանաչման վերաբերյալ և «Ինչո՞վ է Կոսովոն առանձնահատուկ» հարցերին՝ Սլովենիայի նախագահը հիշեց, որ 1999թ. Կոսովոն դուրս բերվեց թե՛ Սերբիայի և թե այն ժամանակվա Հարավսլավիայի Դաշնային Հանրապետության վերահսկողությունից։
«Սա, իհարկե, Կոսովոյի կարգավիճակը կանխորոշող կարևորագույն գործոն է, որը կայուն հիմք ծառայեց միջազգային դատարանի կողմից վերջերս հրապարակված խորհրդատվական եզրակացության համար։ Դատարանը զգուշորեն խույս տվեց ինքնորոշման մասին որևէ բան ասելուց։ Ես կարծում եմ, որ խորհրդատվական եզրակացության հիմնական բնորոշ գծերից մեկն այն է, որ ինքնորոշման հարցի վերաբերյալ դատարանը չարտահայտվեց»,- ընդգծեց Սլովենիայի նախագահը։
Եվս մեկ անգամ կրկնելով, թե տարածքային ամբողջականությունն ու ինքնորոշման սկզբունքն ինքնաբերաբար չեն գործում՝ նա նշեց, որ յուրաքանչյուր դեպք առանձին է և առանձնահատուկ։ «Յուրաքանչյուր դեպքի համար պահանջվում են լուծումներ, որոնք պետք է համահունչ լինեն թե՛ միջազգային իրավունքին, և թե՛ տվյալ իրավիճակի առանձնահատկություններին»,- ընդգծեց Դանիլո Թյիրկը։
Սերժ Սարգսյանն այս հարցի շուրջ հայտնելով իր տեսակետը՝ նշեց, որ ինքնորոշման յուրաքանչյուր դեպք յուրահատուկ է, և չի կարելի բոլոր դեպքերը նույն հարթության վրա դիտարկել։
«Բայց իրավական որոշումները պետք է բխեն նույն սկզբունքներից։ Եվ Կոսովոյի նախադեպը մեզ համար կարևոր է այն տեսանկյունից, որ ՄԱԿ-ի միջազգային դատարանը հստակ պատասխանեց մի հարցի։ Հարցը հետևյալն է. միակողմանիորեն ինքնուրույնություն հռչակելը հակասո՞ւմ է միջազգային իրավունքին, թե ոչ։ Պատասխանը եղավ՝ ոչ, չի հակասում»,- նշեց Սերժ Սարգսյանը։ Հիշեցնելով Ղարաբաղի դեպքում տեղի ունեցածը՝ նա նշեց, որ հակառակ ԼՂ բնակչության կամքի՝ նրան ստիպել են ապրել Ադրբեջանի կազմում։ «Երբեք ղարաբաղցիները դրա հետ չեն հաշտվել, չեն հաշտվել նույնիսկ ստալինյան տարիներին։ Եվ առաջին իսկ բարենպաստ պայմանի առկայության ժամանակ միակողմանիորեն հռչակել են իրենց անկախությունը՝ անցկացնելով հանրաքվե»,- ընդգծեց Սերժ Սարգսյանը։
Այսինքն, ըստ նրա, ԼՂ ժողովուրդը գործել է միջազգային իրավունքին համահունչ։ «Ադրբեջանը պատերազմ պարտադրեց Լեռնային Ղարաբաղին, ծանր պատերազմ, դաժան պատերազմ, բոլոր օրենքները խախտող պատերազմ։ ԼՂ ժողովուրդը կարողացավ Հայաստանի ժողովրդի օգնությամբ ապահովել իր ինքնապաշտպանությունը։ Ահա այստեղ է տարբերությունը, որ ԼՂ բնակչությունը կարողացավ առանց ՆԱՏՕ-ի օժանդակության կազմակերպել իր ինքնապաշտպանությունը, գոյատևել և այսօր բարձրաձայն ասել, որ, այո, նա տեր է իր անկախությանը, այո, միջազգային որևէ սկզբունք չի խախտել և համբերատար սպասում է, թե երբ միջազգային հանրությունը կընդունի միակողմանիորեն Ադրբեջանից անջատվելու իր իրավունքը»,- ասաց Սերժ Սարգսյանը:

No comments: