Monday, October 11, 2010

ՏԵՍՆԵՍ ՈՒՐ ԵՆ ԵՎ ԻՆՉ ԵՆ ԱՆՈՒՄ

«Լրագիր» 11-10-2010- Արդեն մի քանի օր է, որ ազատագրված տարածքներում սկսվել է ԵԱՀԿ դաշտային առաքելությունը, որի նպատակը, ինչպես հայտնի է, տարածքներում առկա վիճակի ուսումնասիրությունն է:
Տեսնես ուր են հասել համանախագահները, ինչ են անում, որտեղ են քնում, ինչով են սնվում: Նրանցից կարծես թե լուր չկա: Դե, ազատագրված տարածքներից երբ է լուր եղել, որ հիմա լինի: Այդ տարածքները կարծես աշխարհից կտրված լինեն: Հետաքրքիր է, որ ԵԱՀԿ-ն գոնե 5 տարին մեկ գնում է տեսնի, թե այնտեղ ինչ կա-չկա: Հայաստանից այդ տարածքներ պաշտոնապես միայն այցելում են դիրքերը դիտելու` նախագահը, որպես գերագույն գլխավոր հրամանատար, եւ նրա շքախումբը:
Որեւէ այլ այց, Հայաստանից այդ տարածքներ, տեղի չի ունենում: Ղարաբաղից էլ, կարծես թե չեն լինում այցեր այդ տարածքներ, բացառությամբ Լաչինի եւ Քելբաջարի, որտեղ գոնե կան վերաբնակներ եւ որոնց հանդեպ Ղարաբաղի իշխանությունը ստանձնում է հրապարակային որեւէ պատասխանատվություն, թեկուզ միայն խոսքով:

Իսկ ազատագրված մյուս տարածքները կարծես թե լինեն գլոբուսից դուրս, եւ դրանց մասին “հայկական աշխարհի” կյանքում հիշատակվում է միայն ադրբեջանական կողմից հրադադարի խախտման մասին պաշտպանության նախարարության հաղորդագրություններում: Որեւէ այլ դերակատարում, այդ տարածքները “հայկական աշխարհի” կյանքում չեն ստանձնել, թե պաշտոնական, թե նույնիսկ ոչ պաշտոնական տիրույթներում:
Փոխարենը դրանք դերակատարում են ստանձնել իշխանության առանձին ներկայացուցիչների, բարձրաստիճան զինվորականների համար: Մեկ էլ այդ տարածքները հանրային գիտակցության մեջ սկսել են հաղթական ձեռքբերումից տրանսֆորմացվել բեռի, որից պետք է հնարավորինս արագ ազատվել, որպեսզի կյանքը դառնա զարգացած, բարեկեցիկ, երկիրը բարգավաճ, տարածաշրջանը դրախտ, մենք էլ դրախտի բնակիչներ:
Լավ է, որ համանախագահներից խաբար չկա: Միգուցե գոնե համանախագահների խաթեր ավելանան ազատագրված տարածքներով հետաքրքրվողները: Թեեւ մի քանի օրից նրանք կավարտեն իրենց առաքելությունը, կգնան իրենց երկրներ, ու նորից հայ հասարակության հետաքրքրությունն ազատագրված տարածքներից կանցնի դեպի այդ երկրները, դեպի նրանց մայրաքաղաքները:

No comments: