Tert.am. 27-10-2010- Հոկտեմբերի 26-ին, ժամը 10.00-ին, ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության և «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի ծառայողները, «Զվարթնոց» օդանավակայանում հայտնաբերել և քրեական հետախուզության գլխավոր վարչություն բերման են ենթարկել ՌԴ քաղաքացի, 1983թ. ծնված Գեորգի Ավանեսովին: Նա ս.թ հոկտեմբերի 1-ից Ինտերպոլի ուղիներով Հոլանդիայի իրավապահ մարմինների կողմից հետախուզվում էր Նիդեռլանդների Թագավորության քրեական օրենսգրքի 138ա, 138բ, 139դ, 350ա և 420 հոդվածների (կազմակերպված հանցավոր խմբավորման անդամակցելը, կիբերհանցավորություն, փողերի լվացում) մեղադրանքով: Խափանման միջոցը` կալանք: Ավանեսովը տեղափոխվել է ոստիկանության Երևան քաղաքի ձերբակալվածների պահման վայր, ինչի մասին հայտնվել է ՀՀ գլխավոր դատախազությանը և ՀՀ-ում Ինտերպոլի ազգային կենտրոնական բյուրո` հետախուզման նախաձեռնողին տեղեկացնելու համար:
Ավանեսովը մեղադրվում է աշխարհով մեկ շուրջ 30 մլն համակարգիչ վարակելու, ֆինանսական ինֆորմացիա գողանալու, միլիոնավոր սպամ–նամակներ ուղարկելու համար։
Երիտասարդը համարվում է Bredolab բոտնետի համակարգողը։ Բոտնետը կառավարելու համար օգտագործվել է շուրջ 143 սերվեր, որոնք պատկանում են հոլանդական LeaseWeb հոսթային պրովայդերին։
Ընկերությունն իր սերվերներում իրականացվող վնասաբեր գործունեության մասին իմացել էր դեռ ամռանը, սակայն ոստիկանությունը, ցանկանալով հայտնաբերել խմբի անդամներին, մատակարարին թույլ չէր տվել անջատել ցանցը։
Մեկ ամսվա ընթացքում վարակվել է 3 մլն համակարգիչ, օրական ուղարկվել է 3,6 մլրդ էլեկտրոնային նամակ՝ վնասակար պարունակությամբ։ Նամակների տեքստում խոսվում էր, օրինակ, որևէ հայտնի մարդու մահվան մասին և առաջարկվում էր բացել կից ֆայլը։ Ֆայլը բացելուց հետո, համակարգիչը վարակվում էր։
Խմբի անդամները կարողացել են ղեկավարել այդ համակարգիչները, տեսնել օգտագործողի անձնական տվյալները, լոգինը, գաղտնաբառը, նույնիսկ բանկային հաշիվները։

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment