Saturday, October 30, 2010

Financial Times. ՀԱՅԱՍՏԱՆԸ ԲԱՑՎՈՒՄ Է ԶԲՈՍԱՇՐՋԻԿՆԵՐԻ ԱՌԱՋ

Բրիտանական հեղինակավոր «Financial Times» օրաթերթ թղթակիցն, այցելելով Հայաստան, օտարալեզու ընթերցողին է ներկայացրել «Թուրքիայի և Ադրբեջանի միջև տեղակայված քրիստոնեությունը որպես պետական կրոն առաջինն ընդունած այս փոքրիկ, բայց հարուստ պատմությամբ» երկիրը` Հայաստանը: Հոդվածում մանրամասն ներկայացված է վերջերս Հայաստանում վերաբացված Տաթևի համալիրը, որը «մի ժամանակ ուսուցման հռչակավոր կենտրոն է եղել հազարավոր մարդկանց համար»:
«Տաթևի վանք հասնելու համար մենք մեկժամյա շրջապտույտ կատարեցինք լեռներով` նախ անցնելով Սատանայի կամուրջը և ապա նորից բարձրանալով դեպի Տաթև, - գրում է հեղինակը,- Ամսվա սկզբին աշխարհի ամենաերկար ճոպանուղին բացվեց այստեղ` կապելով Տաթևը ներքևում գտնվող Հալիձոր գյուղի հետ: Միաժամանակ 25 ուղևորներ տեղափոխելու հնարավորությամբ` ճոպանուղին 5.7կմ ճանապարհն անցնում է 23 մղոն արագությամբ: Ակնկալվում է, որ Տաթևի բարձրունքներ տարեկան կտեղափոխվեն 20.000 այցելուներ, ճանապարհի տևողությունը հասցնելով 11 րոպեի»:

Մոտ 11 ամիս տևողությամբ եւ 13 մլն եվրո արժողությամբ նախագիծը իրականացրել է ավստրո-շվեցարական ընկերությունը, ինչը միայն առաջին փուլն է 36 մլն. եվրո ընդհանուր արժեքով ծրագրի, որի նպատակն է տուրիստական հարմարություններ ապահովել վանքի եւ շրջակա կիրճի շրջանում: «Սա խորհրդանշանական մի գործընթաց է ամբողջ Հայաստանով մեկ` բարելավվում են ավտոճանապարհները, հյուրանոցները եւ տուրիստական այլ հարմարությունները` օգնելով բացել երկիրը այցելուների համար,- նկատում է հոդվածագիրը և վերհիշում իր առաջին այցելությունը Հայաստան.- Առաջին անգամ ես Հայաստան այցելեցի 1990-ականներին, դա երկրաշարժից և երկրի անկախացումից հետո առաջին տարիներն էին, Ադրբեջանի հետ պատերազմը քայքայել էր երկրի տնտեսական վիճակը: Մայրաքաղաքի և Հայաստանի ծայրամասերի միջև կապը գրեթե չէր գործում: Այնուամենայնիվ, այսօր, Հայաստանում տնտեսության զարթոնքն ու ակտիվ ճանապարհաշինությունը խթանում է այս երկրում զբոսաշրջության զարգացումը: Բազմաթիվ օտար ընկերություններ ներդրումներ են անում Հայաստանի բուժիչ բնությամբ հարուստ տեղանքներում առողջարաններ և հյուրանոցներ կառուցելու համար»: Թերթը Հայաստանի բնության տեսարժան վայրերից թերթը մասնավորապես առանձնացրել է Ջերմուկը, Դիլիջանը, Սևանա լճի մերձակայքը և Լոռին:

Մանրամասն ներկայացնելով Հայաստանի պատմությունը և մշակույթը` սկսած 301թ. քրիստոնեության ընդունումից և '36 ռազմիկ տառերի' գյուտից մինչև պարսկական, արաբական, թուրքական ասպատակությունները և 1915թ.-ին Օսմանյան Թուրքիայում իրականացված Հայոց ցեղասպանությունը` «Financial Times»-ը եզրափակում է. «Հայերի ազգային ինքնության պաշտպանության հիմնասյուները կրոնն ու լեզուն են»:

No comments: