Tuesday, October 12, 2010

ԵԱՀԿ գործող նախագահը ձերբակալվել է թուրքական պոռնկանոցում. Vatan

Tert.am. 12-10-2010- Օրեր առաջ Թուրքիայի Անթալիա քաղաքի նավահանգիստներից մեկում՝ Savarona հայտնի զբոսանավում, տեղի էր ունեցել հատուկ գործողություն, որի ժամանակ ձերբակալվել էին մի շարք մարմնավաճառներ և նրանց հաճախորդները: Այդ ժամանակ թուրքական լրատվամիջոցներում սկսեցին շրջանառվել տեղեկություններ, թե ժամանակին Թուրքիայի Հանրապետության հիմնադիր Մուստաֆա Քեմալ Աթաթուրքին պատկանած Savarona զբոսանավում ձերբակալվել են շատ հայտնի դեմքեր, որոնք ավելի ուշ ազատ են արձակվել:
Իսկ այսօր թուրքական Vatan օրաթերթը, վկայակոչելով ռուսական և ղազախական աղբյուրները, գրում է, որ վերոնշյալ հայտնի դեմքերի թվում եղել են ԵԱՀԿ գործող նախագահ, Ղազախստանի արտգործնախարար Կանատ Սաուդաբաևը և Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևի գլխավորած «Նուր Օթան» կուսակցության անդամ, Ղազախստանի վարչապետի խորհրդական Բիրջան Մուրաթալիև Ռավշանովիչը:
Թուրքական պարբերականի տեղեկացմամբ` ձերբակալությունից անմիջապես հետո Ղազախստանի բարձրաստիճան պաշտոնյաները, օգտագործելով իրենց դիվանագիտական անձեռնմխելիությունը, մասնավոր ինքնաթիռով ուղղակի փախչել են Թուրքիայից:
Vatan-ը գրում է նաև, որ Թուրքիայում Սաուդաբաևի և Ռավշանովիչի ձերբակալության մասին լուրը հաստատել է Ղազախստանի արտաքին քաղաքական գերատեսչության բարձրաստիճան ներկայացուցիչներից մեկը, ում անունը չի նշվում:
Բացի այդ, ըստ թուրքական պարբերականի, Savarona զբոսանավում հատուկ գործողություն իրականացնելու պահին նավում է եղել նաև հայտնի ադրբեջանցի միլիարդատեր Թելման Իսմայիլովը, ով ավելի ուշ ցուցմունքներ է տվել թուրքական ոստիկանությունում:
Հիշեցնենք, որ օրեր առաջ Թուրքիայի Հանրապետության հիմնադիր Մուստաֆա Քեմալ Աթաթուրքին նախկինում պատկանած Savarona զբոսանավի վրա պոռնկաորջ էր հայտնաբերվել:
Հետաքննության արդյունքում պարզվել էր, որ հանցավոր խմբավորումը, որի անդամներից մի քանիսը ձերբակալվել են, Ռուսաստանից և Ուկրաինայից մանեկենուհիներ էր բերում Թուրքիա և նրանց ստիպում զբաղվել մարմնավաճառությամբ: Ի դեպ, զբոսանավը վարձակալության էր տրվում օրական 50 հազար ԱՄՆ դոլարով։
Savarona զբոսանավը 1931թ. կառուցել է ամերիկացի Վիլյամ Ֆրենսիս Գիբսը։ Դրա կառուցման համար ծախսվել է 4 միլիոն ԱՄՆ դոլար: 1938թ. զբոսանավը գնել են թուրքական իշխանությունները և հանձնել Մուստաֆա Քեմալ Աթաթուրքի օգտագործմանը: Աթաթուրքը ժամանակին զբոսանավում հանդիպումներ է ունեցել համաշխարհային առաջնորդների հետ: Աթաթուրքի մահից հետո Savarona-ն դարձյալ հայտնվել էր թուրքական իշխանությունների տրամադրության տակ, իսկ 1989թ. այն 49 տարի ժամկետով վարձակալել է Քահրաման Սադըքօղլուն։

No comments: