Wednesday, November 3, 2010

«Հրապարակ». Հերթական սանձարձակությունը բանակում. սպան 1 ժամ 40 րոպե ծեծել է զինվորին

Tert.am. 3-11-2010- Որքան էլ մամուլին մեղադրում են «հայկական բանակի դեմ» գրելու համար, Հայաստանի բանակում տեղի ունեցող դեպքերն իրենք են խոսում բանակի իրավիճակի մասին։ Երեկ մեր խմբագրություն զանգահարեց մի քաղաքացի՝ տեղեկացնելով, որ Նուբարաշենի զորամասում սպան այնպես է ծեծել զինվորին, որ վերջինիս բազմաթիվ կապտուկներով ու վնասվածքներով տեղափոխել են Մուրացանի հոսպիտալ։
Հրամանատարի դաժան ծեծի արդյունքում Մուրացանի հոսպիտալի դիմածնոտային բաժին էր տեղափոխվել 18-ամյա Էրիկ Գրիգորյանը։ Էրիկին զորամասից հիվանդանոց են տարել բազմաթիվ սալջարդերով, կոտրված քթով ու գլխուղեղի ցնցումով։ Երբ գնացինք հոսպիտալ, Էրիկի ծնողներն ու հարազատներն այնտեղ էին։ Նուբարաշենի զորամասի հրամանատարի տեղակալը՝ Արմեն Բարեղամյանը, հոկտեմբերի 28-ին դաժան ծեծի է ենթարկել զինվորին։ Հարազատների պատմելով՝ Էրիկն այդ օրը չի մասնակցել առավոտյան նախավարժանքին, ոտքը մեխ է մտած եղել։ Արմեն Բարեղամյանը դրա համար 1 ժամ 40 րոպե ծեծել է զինվորին, ընդ որում՝ ծեծը շարունակել է, երբ զինվորն արդեն ուշագնաց է եղել։ Հարազատների պատմելով՝ այնուհետև տարել է լվացարանի մոտ, ջուր է լցրել վրան, ուշքի բերել ու շարունակել է ծեծը՝ այս անգամ տաբուրետկայով։ Էրիկի հայրը՝ Գագիկ Գրիգորյանը, շատ տխուր էր. «Տղաս լավ չի, գլխի հետ կապված պրոբլեմներ ունի, քիթն էլ է կոտրված։ Ողջ մարմինը ցավում է, չի կարողանում սնվի, չի կարողանում նորմալ խոսի»։ Նա «ամենավերջին պատիժն» է ակնկալում ծեծող սպայի համար։ «Ինչի զինվորի հետ ս՞ենց են վարվում։ Մենք մեր տղային ուղարկել ենք, որ իրա երեխեքին պաշտպանենք, ոչ թե, որ ջարդվի, բերվի-գցվի էստեղ»։
Երեկ մեր հարցմանն ի պատասխան՝ ՊՆ քննչական ծառայության լրատվական բաժնից ասացին, որ դեպքի առթիվ քրգործ է հարուցվել, սակայն սպան դեռ կալանավորված չէ, նրան մեղադրանք դեռ չի ներկայացվել։ Լրատվության պատասխանատու Մերի Սարգսյանը փոխանցեց հետևյալը. «Փոխգնդապետ Արմեն Սուրենի Բարեղամյանը, չարաշահելով պաշտոնեական դիրքը, անձնական այլ շահագրգռվածությունից ելնելով՝ ծեծի է ենթարկել ժամկետային զինծառայող Էրիկ Գրիգորյանին՝ պատճառելով մարմնական վնասվածք։ Փաստի առթիվ 01.11.2010 թ.– ին ՀՀ ՊՆ քննչական ծառայության 4– րդ կայազորային բաժնում 375 հոդվածի 1-ին մասով հարուցվել է քրեական գործ»։
ՀԳ - Ի դեպ, մեզ հասած տեղեկություններով՝ զորամասի հրամանատարի տեղակալ, սպա Արմեն Բարեղամյանի դեմ արդեն իսկ դատական հայց կա. մոտ մեկ ամիս առաջ Բարեղամյանը մեկ այլ զինվորի էլ է ծեծել, և այդ գործն արդեն դատարանում է։ Սակայն անգամ այդ փաստը չի զսպել սպային։ Ավելին՝ նա չի ազատվել աշխատանքից ու փաստորեն նույն եռանդով շարունակել է զինվորների ծեծը։ Ի դեպ, տվյալ զորամասի հրամանատարը Վ. Վարդանյանն է։

No comments: