Աստանան` բեկումների ակնկալիքներով
«ԱԶԳ» , 30-11-2010- Հայաստանի եւ Թուրքիայի ստորագրած արձանագրությունները նպատակ ունեին նորմալացնելու երկկողմ հարաբերությունները, բայց դրանք դեռեւս վավերացված չեն, իսկ սահմանն էլ մնում է փակ: Այսպիսի նախաբանով է հայ-թուրքական թեմային անդրադարձել լոնդոնյան Ռազմավարական հետազոտությունների միջազգային ինստիտուտն իր կայքէջում տեղադրված «Հայ-թուրքական հաշտեցման փշրված հույսերը» վերնագրով հրապարակման մեջ, որում ոչ միայն ներկա վիճակն է հետազոտությամբ ներկայացվում, այլեւ հնարավոր ելքեր են նշվում:Ըստ հետազոտական կենտրոնի, չնայած ԱՄՆ-ի, Ռուսաստանի եւ ԵՄ-ի ջանքերին` արձանագրությունների վավերացման հեռանկարները բավականին դժգույն են: Ընդ որում, որպես վավերացման հիմնական խոչընդոտներ են նշվում, նախ, Ադրբեջանին տված Թուրքիայի խոստումըՙ չբացելու սահմանը, քանի դեռ Հայաստանը չի հրաժարվել ԼՂՀ հարակից շրջանների վերահսկողությունից, ինչպես նաեւ 1915թ. հայերի կոտորածը «ցեղասպանություն» ճանաչելու ձգտումներից: Հետաքրքրական է, որ խոսելով ղարաբաղյան խնդրից` բրիտանացի փորձագետները Արցախը նշել են որպես «վիճելի անկլավ Ադրբեջանում, որն օկուպացվել է Հայաստանի կողմից` 1992-94թթ. հակամարտությունից ի վեր»:
Այդուհանդերձ, ներկայացնելով հայ-թուրքական խնդրի ներկայիս վիճակը, լոնդոնյան մասնագետները գտել են, որ փակուղու տարածած հիմնական խնդիրը «Ադրբեջանի կարեւորության թերագնահատումն էր», այն դեպքում, երբ Ադրբեջանը հստակորեն փորձում էր խոչընդոտել այդ գործընթացին:
Միեւնույն ժամանակ, ըստ հետազոտության, Հայաստանը կարող էր հայ-թուրքական գործընթացից ամենամեծ օգուտն ունենալ` ելնելով փակ սահմանների հետեւանքով ծագած խնդիրների վերացման հանգամանքից: Չնայած դրան` որոշ ուժեր Հայաստանի ներսում, ըստ հրապարակման, համամիտ չէին հայ-թուրքական գործընթացը նախաձեռնող Սերժ Սարգսյանի հետ` համարելով Ցեղասպանության ճանաչման միջազգային ճանաչման խոչընդոտ: Եվ սա էլ, ըստ լոնդոնյան ինստիտուտի մասնագետների, «փոքր կապիտալով թողեց Սերժ Սարգսյանին` ԼՂ հարցում փոխզիջումների գնալու համար»:
«Այս ամենով էլ ստացվում է, որ թեեւ հայ-թուրքական արձանագրություններում նշում չկա ԼՂ խնդրի մասին, դրանք այսպես թե այնպես կապված գործընթացներ են», նշվում է հրապարակման մեջ: Սրա ֆոնին վավերացման գործընթացի չկայացումը, ըստ վերլուծաբանների, ավելի ցայտուն դարձրեց Թուրքիայի ներքին խնդիրները, որտեղ լարվեցին առանց նախապայմանների արձանագրությունների վավերացմանը կողմ արտահայտվող Գյուլի եւ ավելի կոշտ մոտեցում ունեցող Էրդողանի փոխհարաբերությունները:
Ինչ վերաբերում է այս գործընթացում եւս մեկ խաղացողի` Ռուսաստանին, ապա այդ առնչությամբ լոնդոնյան վերլուծաբանները գտել են, որ Ռուսաստանը թեեւ սկզբում սատարում էր այդ գործընթացին` որպես Վրաստանի մեկուսացման միջոց, վավերացման մոտեցմանը զուգընթաց սկսեց խոչընդոտել այդ ընթացքին` «վախենալով ԱՄՆ-ի կամ Թուրքիայի` տարածաշրջանում մեծացող ազդեցությունից»:
Հայ-թուրքական հաշտեցման անհաջողությունը, ըստ հետազոտության, հանգեցրել է մի իրավիճակի, երբ Ադրբեջանը, մի կողմից, նեղացած գործընթացում ընդգրկված չլինելու համար, մյուս կողմից` իրեն հզոր երեւակայելով` կարող է մեծացնել տարածաշրջանային լարվածությունը: Այս համատեքստում որպես ասվածի հիմք են բերվում շփման գծի միջադեպերը, որոնց թիվը զգալի մեծացել է վերջին շրջանում:
«Չնայած միջազգային ջանքերին եւ մտահոգության մեծացմանը, նաեւ բարելավված համագործակցությանը համանախագահող երկրների միջեւ, չնչին առաջընթաց է գրանցվել բանակցություններում, իսկ Բաքուն շարունակում է իր ռազմատենչ հռետորաբանությունը` հարցը ռազմական ճանապարհով լուծելու սպառնալիքով», նշում են վերլուծաբանները: Ռուսաստանյան ռազմաբազայի տեղակայման ժամկետի երկարաձգումն էլ այս համատեքստում ներկայացվում է որպես Հայաստանի պատասխան քայլ:
Այս ամենով հանդերձ լոնդոնյան փորձաետները եզրակացրել են, որ մոտակա երկու-երեք տարում հայ-թուրքական գործընթացն ավարտելու հեռանկարները առավել լուսավոր են, քան ավելի կարճաժամկետ հատվածի դեպքում: Այստեղ ընդգծվում է, որ չնայած արձանագրությունները փակուղում են, բայց դրանք խթանել են Թուրքիայում հայերի հետ պատմական հարաբերությունների հանդեպ մեծ հետաքրքրություն` թեկուզ Ցեղասպանության առնչությամբ քննարկումների առավել բաց լինելը, քանի տարիներ առաջ:
Եվս մեկ կարեւոր գործոն էլ այն հանգամանքն է, որ նախապես արձանագրություններին դեմ արտահայտվող Ադրբեջանը, հայտնվելով վատ վիճակում, կարող է վերանայել իր դիրքորոշումը: Ըստ վերլուծաբանների, Թուրքիան ճնշում է գործադրում Ադրբեջանի վրա, որպեսզի վերջինս էլ ավելի չսրի ղարաբաղյան հակամարտությունը, ընդ որում, Թուրքիայի, ինչպես եւ մյուս խաղացողների դեպքում ակնհայտ է, որ ազդեցություն է ունեցել վրաց-ռուսական օգոստոսյան պատերազմը: Այդ պատերազմի հետեւանքները մտահոգում են մեր տարածաշրջանի խաղացողներին, որպեսզի այն չկրկնվի ղարաբաղյան համատեքստում, որն էլ, ի դեպ, կարող է ներքաշել մի շարք երկրների այդ գործողությունների մեջ: Ըստ վերլուծաբանների, հենց սա է փորձել ՌԴ նախագահ Մեդվեդեւը բացատրել Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահներին վերջին մի քանի հանդիպումներում:
Այս ամենի ելքը, ըստ վերլուծաբանների, պարզվում է, Աստանայում ինչ-որ առաջընթացի ակնկալումն է հենց ղարաբաղյան համատեքստում, որն էլ կարող է տեղից շարժել հայ-թուրքական գործընթացը: Բայց ղարաբաղյան առաջընթացը, ըստ լոնդոնյան ինստիտուտի, բավարար չէ հայ-թուրքականը տեղից շարժելու համար, եթե չեն վերացել թուրքական ներքին քաղաքական խոչընդոտները:
Այլ գործոնների ներկայացմանը զուգահեռ` վերլուծաբանները փորձում են զգուշացնել հատկապես Թուրքիային, որ եթե մինչեւ 2015-ը` Ցեղասպանության 100-ամյակը, տեղից չշարժվի, Թուրքիան կարող է ստորացման եզրին հայտնվել, քանի որ շատ երկրներ, այդ թվում` հավանաբար նաեւ Միացյալ Նահանգները, գնում են 20-րդ դարասկզբի իրադարձությունները «Ցեղասպանություն» կոչելու ճանապարհով, հատկապես որ Միացյալ Նահանգներում Ցեղասպանության ճանաչմանը մշտապես դեմ գործած իսրայելամետ լոբբին դիրքորոշման փոփոխության նշաններ է ցույց տալիս:
2015-ը` որպես Ցեղասպանության 100-ամյա տարելից, ըստ հրապարակման, կարող է նաեւ հնարավորություն դիտվել Հայաստանի եւ Թուրքիայի համար` «վերջնականապես լուծելու իրենց պատմության եւ արտաքին քաղաքականության ամենադժվար հարցերը»:
Ա.ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment