Wednesday, November 24, 2010

Հայաստանցիները դեմ են տարածքներ հանձնելուն. հարցում

Tert.am. 23-11-2010- «Հայաստանի եվրոպացի բարեկամներ» կազմակերպության պատվերով բրիտանական հեղինակավոր «Պոպուլուս» հանրային կարծիքի ուսումնասիրություններով զբաղվող ընկերության անցկացրած հանրային կարծիքի հարցման արդյունքների համաձայն՝ հայաստանաբնակները մեծապես կողմ են այն բաղադրիչներին, որոնք կերաշխավորեն ԼՂ–ի՝ Հայաստանին միացած լինելը, ինչպես օրինակ՝ 2 երկրներ միացնող միջանցքի առկայությունը (10 բալանոց սանդղակով միջինում 7,95)։
Հարցվողները կտրականապես դեմ են այն բաղադրիչներին, որոնք դիտարկվում են որպես մեծ զիջում Ադրբեջանին, հատկապես՝ ԼՂ–ի շրջակա տարածքների հանձնումը Ադրբեջանին (1,55՝ 10 բալանոց սանդղակով), անգամ այն դեպքում, եթե դա հակամարտության համակողմնակի խաղաղ կարգավորման մաս լինի և ադրբեջանական զինված ուժերի մուտքը այդ տարածքներ արգելված լինի։
Հայաստանի և Ադրբեջանի միջև կնքված ժամանակավոր հրադադարի ռեժիմի ամրապնդման, այսինքն՝ դիպուկահարների հեռացման և շփման գծի երկայնքով միջազգային դիտորդների տեղակայման կողմնակիցների հեռացման և շփման գծի երկայնքով միջազգային դիտորդների տեղակայման կողմնակիցների թիվը Հայաստանում բարձր է (երկրորդ առավել նախընտրելի տարբերակն է. 6,72 միավոր 10 բալանոց սանդղակով)։ Հարցվողները մեծապես համոզված են, որ դա կնվազեցնի հայ և ադրբեջանցի զոհերի թիվը շփման գծում (71%), կնվազեցնի պատերազմի վտանգը (64%) և կհեշտացնի ԵԱՀԿ–ի՝ խաղաղության բանակցությունների գործընթացը (66%)։
Համաձայն հարցման արդյունքների՝ հարցվողները չեն ժխտում հակամարտության լուծման բոլոր միջոցները։ Նրանք, կարծես, ձգտում են խաղաղության և բավականին դրական են վերաբերվում այն միջոցներին, որոնք, իրենց կարծիքով, կօգնեն հակամարտության կարգավորմանը։ Սակայն առանց մեծ զիջումների։
Հարցվողները նաև կողմնակից են միջազգային անվտանգության երաշխիքներին, որոնք ներառում են խաղաղապահ գործողություններ և ԼՂ–ին միջանկյալ կարգավիճակի տրամադրում՝ անվտանգության և ինքնավարության երաշխավորման պայմանով։
Հավելենք նաև, որ հայաստանաբնակների վերաբերմունքը ԵԱՀԿ Մինսկի խմբի հանդեպ անբարենպաստ է։ Այսպես, հարցվողների միայն մեկ քարորդն է կարծում, որ ԵԱՀԿ ՄԽ-ն աջակցում է Հայաստանին և ԼՂ-ին, և մեկ հինգերորդից էլ պակաս մասն է վստահում խմբին։
Բացի այդ, հինգ հարցվողներից երկուսից էլ պակասն է կարծում, որ ԵԱՀԿ ՄԽ-ն դեր ունի ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացում և, ինչն ամենաանբարենպաստն է, քառորդից քիչ մասն է կարծում, որ ԵԱՀԿ ՄԽ-ն այն միջազգային կազմակերպություններից մեկն է, որին հետաքրքրում է հակամարտության խաղաղ կարգավորումը։
Նշենք, որ ի տարբերություն ԵԱՀԿ ՄԽ-ի՝ Ռուսաստանի հանդեպ ընկալումը հարցվողների մոտ բացառապես դրական է։ Ռուսաստանը հայաստանցիների կողմից լայնորեն դիտարկվում է որպես մի շատ կարևոր երկիր։

No comments: