Tuesday, November 16, 2010

Հակառակորդին թերագնահատելն ու չափազանց ինքնավստահությունը մեկ անգամ արդեն Ադրբեջանի հետ չար կատակ արել են. փորձագետ

Tert.am. 15-11-2010- Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակի կողմից նոյեմբերի 1-13-ն անցկացված լայնամասշտաբ զորավարժությունների առնչությամբ լրագրողները զրուցել են Կովկասի ինստիտուտի փոխտնօրեն, քաղաքագետ Սերգեյ Մինասյանի հետ։
Հարցին, թե արդյո՞ք անցկացված զորավարժությունները հերթական ուսումնական-ստուգողական վարժանքնե՞ր էին, թե՞ դրանց ընթացքում որոշակի մարտավարություն է փորձարկվել, քաղաքագետը պատասխանել է. « Միանշանակ է, որ իրականացված զորավարժություններն ունեին ինչպես հստակ ռազմական նշանակություն` ԼՂՀ Պաշտպանության բանակի մարտունակության ստուգումը, այնպես էլ` քաղաքական. պաշտոնական Բաքվին հստակ ազդակ առ այն, որ հակամարտության գոտում ռազմական գործողությունների վերսկսումը լուրջ ռազմաքաղաքական հետևանքներ կունենա, և հակամարտության գոտում ռազմական գործողություններ սկսող երկիրը բարձր գին կվճարի դրա համար: Այդ զորավարժություններն 1994 թվականի մայիսին ռազմական գործողությունները դադարեցնելուց հետո ամենալայնածավալն էին, և հնարավոր է` կիրառված զինտեխնիկայի ու հրետանու քանակով գերազանցում էին 1993-94 թվականների խոշոր մարտերի ժամանակ ղարաբաղյան զորքերի կիրառած ռազմա-օդային տեխնիկային: Իմ հաշվարկներով` զորավարժությունների ընթացքում ակտիվ օգտագործվել է ծանր և ռեակտիվ հրետանի, ռազմական զրահամեքենաներ: Կիրառվել է 350-ից ավելի միավոր թրթուրավոր զրահամեքենա, մասնավորապես, տանկեր, հետևակի մարտական մեքենաներ, ինքնագնաց հրետանային միավորներ, ինչպես նաև ռազմական օդուժ: Փաստորեն, առաջին անգամ ԼՂՀ Պաշտպանության բանակը զորավարժություններ է անցկացրել զինվորական միավորման` դիվիզիայի, անգամ բանակային կորպուսի մակարդակով»:
Վերլուծաբանն անդրադարձել է նաև այն հանգամանքին, որ հիշյալ զորավարժությունները մամուլում քիչ լուսաբանվեցին։ Ըստ քաղաքագետի, դա, հավանաբար, բացատրվում է այն հանգամանքով, որ զորավարժությունները առավելագույնս մոտ էին մարտական իրավիճակին և դրանց ընթացքում փորձարկվել են մի շարք մարտավարական հնարքներ, որոնց կիրառումը ռազմական գործողությունների վերսկսման դեպքում հավանական հակառակորդի համար պետք է անսպասելի լինի: «Բացի այդ, զորավարժությունների ժամանակ արցախյան բանակն առաջին անգամ փորձարկել է սպառազինության ու զինտեխնիկայի մի շարք նոր օրինակներ, որոնցով ԼՂՀ ՊԲ-ն նոր է համալրվել և, հասկանալի պատճառներով, թաքցվում է հավանական հակառակորդից»,– ասել է Մինասյանը:
Քաղաքագետն անդրադարձել է նաև զորավարժությունների ժամանակ հաջողությամբ կիրառված անբավարար տեսանելիության պայմաններում գործողություններ իրականացնելու մարտավարական հնարքներին: Հարցին, թե նման մարտավարությունը որքանո՞վ է էական ղարաբաղա-ադրբեջանական հակամարտության դեպքում, Սերգեյ Մինասյանը պատասխանել է.
« Դեռևս 1992-1994թթ. ռազմական գործողությունների ընթացքում արցախյան զորքերը բազմիցս գործածել են մարտը գիշերով կամ կլիմայական բարդ պայմաններում վարելու հնարքը, ինչը հաճախ հաջող գործողությունների գրավական է դարձել: Մութ պայմաններում ռազմական գործողություններ վարելու մեթոդների մշակումը, հատկապես` նման խոշոր զորախմբերի ու ստորաբաժանումների մասնակցությամբ, վկայում է ինչպես արցախյան զորքերի զրահատեխնիկայի խորը արդիականացման մասին, որը հնարավորություն է տալիս մարտը հաջողությամբ վարել մթության ու սահմանափակ տեսանելիության պայմաններում, այնպես էլ` ցույց է տալիս հայ զինծառայողների բավարար մարտավարական գիտելիքներն ու պատրաստականությունը»:
Մեկ այլ հարցի, թե արդյոք հարձակողական գործողությունները տեղավորվո՞ւմ են ԼՂՀ Պաշտպանության բանակի առաջադրանքների շրջանակներում, Կովկասի ինստիտուտի փոխտնօրենը նկատել է. « Ռազմական գործողությունների վերսկսման դեպքում ղարաբաղյան կողմը մտադիր չէ առաջինը սկսել հարձակողական գործողություններ, քանի որ քաղաքական բնույթի բոլոր հարցերը ԼՂՀ ՊԲ-ն լուծել է դեռևս 1992-1994թթ. պատերազմի ընթացքում: Ռազմական տեսանկյունից` արցախյան բանակը հավանական հակառակորդի դեմ սկզբնական փուլում ակտիվ հարձակողական գործողություններ ծավալելու մտադրություն ևս չունի: Հրադադարի տարիներին շփման ողջ երկայնքով ղարաբաղյան կողմը կազմակերպել է խորը էշելոնավորված և լավ ամրապնդված պաշտպանական գիծ` համալրված մեծ քանակությամբ հակատանկային միջոցներով ու հրետանիով: Այն ճեղքելու համար հավանական հակառակորդից պահանջվում է կենդանի ուժի ու զրահատեխնիկայի մեծ կորուստներ, ինչը էականորեն նվազեցնում է առաջին հարվածի էֆեկտը` միաժամանակ ղարաբաղյան զորքերին հնարավորություն տալով նախապատրաստվել հակահարվածային գործողությունների: Ամրապնդված պաշտպանական գիծը, որի պատրաստման վրա հայկական կողմերը լուրջ նյութական միջոցներ են ծախսել, պետք է առավելագույնս «աշխատի» և իր դերը կատարի: Համապատասխանաբար, ռազմական տեսանկյունից, ղարաբաղյան զորքերին ձեռնտու է պաշտպանական մարտերում արյունաքամ անել հակառակորդին, նրանց նշանակալից կորուստներ պատճառել ու դրանից հետո անցնել վճռական հակահարվածի: Ձեր մատնանշած ռազմա-ինժեներական տեխնիկայի կիրառումը միայն փաստում է հավանական ռազմական գործողությունների երկրորդ փուլում ծանր մարտերից թուլացած հակառակորդին հակահարված տալու հարցում ղարաբաղյան զորքերի պատրաստականությունը»:
«Ակնհայտ է, որ բացի զուտ ռազմական բաղադրիչից, շփման գծի հարևանությամբ մարտական կրակոցներով ու մեծ քանակությամբ զրահատեխնիկայի ու ավիացիայի կիրառությամբ ցանկացած զորավարժություն նպատակ ունի նաև որոշակի հոգեբանական ճնշում գործադրել հավանական հակառակորդի վրա: Պետք է նկատել, որ անցած զորավարժությունների նկատմամբ ադրբեջանական կողմի արձագանքը բավական ուշագրավ էր, իսկ առանձին դեպքերում` ծիծաղելի: Ադրբեջանական զինվորական գերատեսչության մամլո խոսնակ Է. Սաբիրօղլուն, մասնավորապես, հայտարարել է, թե ղարաբաղյան զորքերը զորավարժություններ են անցկացրել «5-6 տանկերի ու 1-2 այլ զրահամեքենաների կիրառությամբ ու մի քանի կրակոցով» (http://news.day.az/politics/238349.html): Սա այն դեպքում, երբ նույն ադրբեջանական ԶԼՄ-ների հաղորդմամբ, արկերի պայթյունների ձայները լսվել են շփման գծից այն կողմ գտնվող բնակավայրերում, իսկ հրետանային արկերի պայթյուններն ադրբեջանական բնակավայրերում ցնցումներ են առաջացրել:
Եթե ադրբեջանական պաշտպանության նախարարությունում արցախյան բանակի 350 տանկերի ու այլ ռազմական թրթուրավոր մեքենաների կիրառությամբ լայնամասշտաբ զորավարժությունները գնահատում են որպես «5-6 միավոր» զինտեխնիկայի առկայություն, ապա դա ինքնին արդեն ուշագրավ է: Ինձ թվում է, որ խնդիրն Ադրբեջանի պաշտպանության նախարարության աշխատակիցների հանրահաշվական գիտելիքները չեն: Ռազմական գործողությունները սկսելու մասին ամպագոռգոռ ու անընդհատ հայտարարությունների ֆոնին Ադրբեջանի ղեկավարությունն այնպիսի եռանդով է ինքն իրեն համոզել, թե իբր սպառազինությունների ու զինտեխնիկայի առավելություն ունի, որ կարծես կորցրել է իրականության զգացումը: Բոլոր դեպքերում, հակամարտության գոտում ռազմական հավասարակշռության Ադրբեջանի ընկալումների նման դինամիկան ինքնին արդեն լավատեսության հիմք է: Հակառակորդին թերագնահատելն ու չափազանց ինքնավստահությունը մեկ անգամ արդեն Ադրբեջանի հետ չար կատակ արել են, խոսքը 1992-1994թթ պատերազմի մասին է»,– ասել է Սերգեյ Մինասյանը։

No comments: