Tuesday, November 23, 2010

Թուրք սպաները պատրաստվում են այցելել Հայաստան

Tert.am. 23-11-2010- Նոյեմբերի 22-ին Թուրքիա է մեկնել Հայաստանի պաշտպանության նախարարության տեսչական խումբը` Եվրոպայում սովորական զինված ուժերի մասին պայմանագրի շրջանակներում տեսչություն անցկացնելու նպատակով, ինչի առնչությամբ հայտարարություն է տարածել Թուրքիայի արտաքին քաղաքական գերատեսչությունը։
«Եվրոպայում սովորական զինված ուժերի մասին պայմանագիրը մեծ նշանակություն է տալիս թափանցիկությանը, և այդ պատճառով անցկացվում է տեսչություն։ Ինչպես որ հայ սպաներն են այցելում Թուրքիա, այնպես էլ մեր զինվորականներն են այցելում Հայաստան՝ տեսչություն իրականացնելու նպատակով։ Սա ԵԱՀԿ անդամ երկրների միջև իրականացվող սովորական տեսչություն է»,– նշվում է Թուրքիայի արտգործնախարարության հայտարարության մեջ։
Իր հերթին թուրքական Hurriyet օրաթերթը, վկայակոչելով անանուն դիվանագիտական աղբյուրներ, նշում է, որ հայ սպաների՝ Թուրքիա մուտք գործելու համար սահմանը չի բացվել։ Թուրքական պարբերականը տեղեկացնում է նաև, որ առաջիկա ամիսներին Թուրքիայի ՊՆ տեսչական խումբը պատրաստվում է այցելել Հայաստան։
Նշենք, որ հայկական կոմի տեսչությունը նպատակ է հետապնդում հայտարարված վայրում` Բայազետ քաղաքում տեղակայված զորամասում, ստուգել ԵՍԶՈՒ պայմանագրով սահմանված սպառազինության և ռազմական տեխնիկայի քանակական սահմանափակումների պահպանումը:

No comments: