Tuesday, November 23, 2010

ՌՈՒՍԱԿԱՆ ԲԻԶՆԵՍԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

«Լրագիր» 23-11-2010- Օրերս Մոսկվայում Սերժ Սարգսյանը հանդիպեց ՌԴ վարչապետ Վլադիմիր Պուտինի հետ, որի ժամանակ հայտարարեց, թե Հայաստանը տնտեսական զարգացման հույսը կապում է Ռուսաստանի հետ, քանի որ Հայաստանում ռուսական բիզնեսն ունի գերակայող դիրքեր: Այս կապակցությամբ ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանին խնդրեցինք պատասխանել մի քանի հարցերի:

-Պարոն Բագրատյան, օրերս Ռուսաստանի վարչապետ Վ.Պուտինը ՀՀ նախագահ Ս. Սարգսյանի այցի կապակցությամբ հայտարարեց, որ ՌԴ ներդրումները ՀՀ տնտեսության մեջ կազմում են 2.5 մլրդ դոլար։ Որքանո՞վ է այդ թիվը համապատասխանում իրականությանը։
-Բանն այն է, որ մենք որոշակի տեղեկությունները ունենք, թե ի՞նչ գներով են ռուսական ընկերությունները ձեռք բերել ակտիվներ Հայաստանում։ Այս տեսակետից 2.5 մլրդ դոլար թիվն իրական է թվում։ Մենք, սակայն, չգիտենք, թե ձեռք բերելուց հետո ի՞նչ ներդրումներ են կատարել ռուսական ընկերությունները։ Ցավոք սրտի, ինձ հայտնի չեն հայկական պետական մարմինների կողմից հանրայնորեն հրապարակված համապատասխան վերլուծություններ։ Թիվն, իրականում, կարող է ավելի մեծ լինել։

-Բայց չէ՞ որ, որպես կանոն, դրանք մրցույթներից դուրս ակտիվների ձեռք բերում է։ Օրինակ, Գույք պարտքի դիմաց գործարքը։ Ինչպե՞ս կարող ենք դրանք գնահատել։
-Չպետք է շփոթել 2 բան. ի՞նչ է վճարվել և ի՞նչ է ձեռք բերվել։ Վճարածի տեսանկյունից 2.5 մլրդ-ը իրական է։ Իսկ ահա ի՞նչ է ձեռք բերվել այդ ծախսով. Սա վիճելի է։ Նույն Գույք պարտքի դիմաց-ը։ Հայաստանում շատերը գտնում են, որ 100 մլն դոլարով այդքան “օբյեկտներ” չէր կարելի վաճառել։ Շատ էժան է։ Ես այլ կարծիքի եմ. Այդ օբյեկտներն այդքան չարժեին։ Մյուս կողմից, Հայաստանում ոչ ոք ոչինչ չասաց, երբ Սևան-Հրազդան ՀԷԿ-երի կասկադը հանձնվեց ռուսներին։ Ես, օրինակ, կարծում եմ, որ միայն այս կասկադը 2.5 մլրդ դոլարից ավել արժեր։ Անհասկանալի էր, ջուր էր, գնում էր և մեզ համար հոսանք արտադրում։ Ի՞նչ կարիք կար այն օտարելու։ Այսօր կարելի է պնդել, որ այն ձրի է տրամադրվել։ Ի դեպ, նախաձեռնող կողմը եղել է Հայաստանը։ Օտարելով կասկադը, հայ պաշտոնյաները պարզապես ազգային ունեցվածքի հաշվին “հեղինակություն” էին վաստակում ռուսների աչքում։

-Ի՞նչ են տվել ռուսական ներդրումները Հայաստանին։
-Այս հարցին միանշանակ չի կարելի պատասխանել։ Մեզ համար կան ինչպես դրական, այնպես էլ բացասական բաներ։ Նախ, ի՞նչ են տվել այդ ներդրումները Ռուսաստանին։ Ռուսական ներդրումները (2.5 մլրդ դոլար) մեզ մոտ ունեն հետևյալ կառուցվածքը (ըստ ակտիվների մոտավոր շուկայական գնահատականի). 46 % կապ և IT, 33 % էներգետիկա, 14 % բանկային գործ ու ապահովագրություն, 4 % հանքահումքային արդյունաբերություն և այլք` 3 %։ Ռուսական ակտիվները Հայաստանում պետք է գնահատել 3.5 մլրդ դոլար (ՀՀ ազգային հարստության 14%-ը), այդ թվում՝ էներգետիկա՝ 52.2 %, կապ և IT` 32.9 %, բանկային գործ ու ապահովագրություն՝ 10 %, հանքահումքային արդյունաբերություն՝ 2.8 %, այլք՝ 2.1 %։
Ինչպես տեսնում ենք, այս հաշվարկի մեջ մտցված չեն ատոմակայանն ու երկաթգիծը։ Ատոմակայանը հանձնված է ֆինանսական կառավարման, իսկ երկաթգիծը շահագործվում է կոնցեսիոն հիմունքներով։ Այսպիսով, ռուսական ակտիվների 85.1 % այսպես կոչված արտադրական ենթակառուցվածքների ոլորտն է։ Իսկ դա ոչ միայն տնտեսություն է, այլև քաղաքականություն։ Այսինքն, ռուսական կողմի համար դրանք բխում են Հայաստանի նկատմամբ քաղաքական որոշակի մոտեցումներից։

Այս մոտեցմանը տարբեր ձևակերպումներ կարելի է տալ։ Կարելի է ասել, որ Ռուսաստանը դրանով իսկ խորացնում, ամրապնդում է իր դիրքերը Հայաստանում։ Ավելի պեսիմիստ լինելու դեպքում կարելի է նշել, որ Ռուսաստանը չի վստահում Հայաստանի ղեկավարությանը և գերադասում է իր գրպանում ունենալ այն օբյեկտները, առանց որոնց երկրի կենսագործունեությունն անհնարին է։

Հիմա, ի՞նչ են տվել ռուսական ներդրումները Հայաստանին։ Անշուշտ, դրանք մեզ տվել են որոշակի վստահություն առ այն, որ հանրապետության կենսապահովման համակարգը, գտնվելով ավելի մեծ համակարգի մեջ, ավելի կայուն վերարտադրվելու շանս է ստացել։

Մյուս կողմից, սակայն, այդտեղ առկա են լուրջ սխալներ։ Օրինակ, չէր կարելի միևնույն ռուսական ընկերությանը վաճառել ինչպես գազամատակարարումը, այնպես էլ էլեկտրաէներգիայի արտադրությունն ու դրա իրացման ցանցը։ Պետք է ասել, որ մինչ ռուսներին վաճառելը մեր տնտեսության էլեկտրաէներգետիկ սեկտորն ավելի ռեֆորմացված էր։ Արդեն 1995-ի աշնանը վճարումների մոնետիզացիան այստեղ 85 % էր, Ռուսաստանում՝ 22 %։ Պատահական չէ, որ վարչապետությունից հետո մեկ տարի ես աշխատել եմ ԱՄՀ-ում և գիրք գրել Ռուսաստանի ու Ուկրաինայի էներգետիկ համակարգերի մասին։ Նպատակը մեկն է եղել. ինչպես օգտագործել Հայաստանի փորձը այդ երկրներում։

Կամ վերցնենք Հայռուսգազարդը։ Հայաստանը գազը ստանում է 180 դոլարով։ Եվս 163 դոլար են կազմում այն ծախսերը, որոնք ավելանում են այդ 180-ին մինչև սպառողին հասնելը։ Մինչև Գազպրոմին վաճառելը այդ ծախսերը կազմում էին 8-10 դոլար։ Ուկրաինայում այդ ծախսերն այսօր կազմում են 20 դոլար, իսկ Ռուսաստանում՝ 9-15 դոլար։ Հայռուսգազարդի հայ ղեկավարը գլուխ է գովում, թե գազաֆիկացրել է բնակավայրերի 95 տոկոսը (դա, իրոք, բացառիկ ցուցանիշ է)։ Նույն Ռուսաստանում այդ թիվը շատ ցածր է։ Բայց արի ու տես, որ այդ գազաֆիկացված բնակավայրերի մի զգալի մասը միևնույնն է ի վիճակի չեն գազ սպառել։ Եվ ուրեմն հարց է առաջանում, այդ ինչո՞ւ էիք գազաֆիկացնում, թանկացնում գազի ինքնարժեքը։ Ի՞նչ է ստացվում, Հայռուսգազարդի ղեկավարին գազաֆիկացիոն աշխատանքները հետաքրքրում էին անձնական փող աշխատելու համա՞ր։

Ռուսաստանն ընդհանրապես շռայլ է էներգետիկ ծախսերի մեջ։ 1 դոլար էներգետիկ ռեսուրսների ծախսի դիմաց Ռուսատանն արտադրոււմ է 2.94 դոլարի ՀՆԱ, Ուկրաինան՝ 2.22, Թուքմենստանը՝ 1.56, իսկ ահա Մեծ Բրիտանիան՝ 9.87, Իտալիան՝ 9.59, Գերմանիան՝ 8.24։ Այս թիվը Հայաստանում մինչև ռուսների մեր էներգետիկ սեկտորը մտնելը կազմում էր 7.34, իսկ ռուսների գալուց հետո՝ 5.68։ Այսինքն, այս ռազմավարական թիվը կտրուկ իջել է։
Ի դեպ, հայտնի՞ է արդյոք Ռոբերտ Քոչարյանին, ով ամենուր գլուխ է գովում, թե իր կառավարման շրջանում տնտեսական միջին տարեկան աճը եղել է 10.5%, որ այդ աճերի (մի կողմ թողնենք այն, որ նրա կառավարած տարիներին ՀՀ ԱՎԾ-ի պետը պարզապես գեղանկարչությամբ էր զբաղվում) 1/5-ը եղել է տնտեսության էներգատարության ցուցանիշը շուրջ 30 %-ով ավելացնելու հաշվին։ Այո, ՀՆԱ ցուցանիշը նման հատկություն ունի՝ այն կարող աճել էներգատարության հաշվին։ Հուսամ, Քոչարյանն ի վիճակի է սա հասկանալու։

-Դուք սխալներ տեսնո՞ւմ եք մինչև հիմա Ռուսաստանին վաճառած օբյեկտների կազմի առումով։
-Միանշանակ տեսնում եմ։ Ռուսական ընկերություններն իրենց գործունեության արդյունավետությամբ տարբեր են։ Օրինակ, MTC-ը, առանց կասկածի, արդյունավետ աշխատող ընկերություն է։ Գազպրոմն, ընդհակառակը, արդյունավետ չաշխատող ընկերություն է։ Օրինակ, այս ընկերության շահույթները մի քանի անգամ ցածր են, քան, ասենք, Լուկօյլ ընկերությանը, որի կապիտալիզացիան 4 անգամ պակաս է։ Վատ աշխատող ընկերություն է նաև РЖД-ն, որի կառավարման տակ է հայկական երկաթգիծը և այլն։

-Ձեր գնահատմամբ, ինչպե՞ս է աշխատում ռուսական բիզնեսը Հայաստանում։
-Միջին հաշվով, դրանք ավելի լավ են աշխատում, քան Հայաստանի տնտեսությունը մոտ 1/3-ով (եթե վերցնենք ասենք շահութաբերության, աշխատանքի արտադրողականության ցուցանիշները)։ Չմոռանանք, սակայն, որ դրանց մեծ մասը մենաշնորհներ են և վայելում են պետության աջակցությունը։ Բացի այդ, դրանք համակարգային ձեռնարկություններ են, ուր մասշտաբի էֆեկտի շնորհիվ աշխատանքի արտադրողականության աճ կարելի է ունենալ։ Դրա հետ միասին, ռուսական կապիտալը մերձեցած է պետության հետ։ Այդ ընկերություններից շատերում գերակշռում է պետական կապիտալը (էլեկտրացանցեր, Հայռուսգազարդ, երկաթգիծ, ՎՏԲ-Հայաստան բանկ և այլն)։ Կառավարման համակարգը հիշեցնում է օրթոդոքսալ պատերնալիզմ։ Սա, անշուշտ, լավագույն լուծումը չէ։ Մեծ են կոռուպցիոն ռիսկերը։ Այն ընկերությունները, որոնք ներկայացնում են մասնավոր բիզնեսը (МТС, Ռուսալ և այլն), շատ ավելի արդյունավետ են աշխատում։

No comments: