Monday, November 22, 2010

Իրանում հայկական համայնքը խիստ զգայուն է հայաստանյան սխալ մեկնաբանությունների հանդեպ

Հարցազրույց Իրանահայեր Լրատու Ցանցի ղեկավար և խմբագիր Ռուբիկ Մինասյանի հետ
Իրանահայեր Լրատու Ցանցը բոլորեց իր գործունեության երկու տարին: 

-Ի՞նչն էր «Իրանահայեր» կայքէջի ստեղծման շարժառիթը և որո՞նք էին նրա կայացման նախադրյալները:
-Դեռևս երկու տարի առաջ իրանահայ համայնքը չուներ օնլայն լրատվամիջոց` սեփական հայացքների արտահայտման և տեսակետների փոխանակման համար: Իսկ համայնքի պահանջներին, ինչպես և ողջ աշխարհում, համապատասխանում էր տեղեկատվության հենց այս տարբերակը: Հենց այդպես էլ կայացավ կայքէջ ստեղծելու գաղափարն ու դրան հաջորդող որոշումը` 2008 թվականի օգոստոսի 28-ին: Այն ի սկզբանե ջերմ ընդունելություն գտավ իրանահայ համայնքի մոտ և մեծ հետաքրքրություն առաջացնելով` արժանացավ նրա հավանությանը:

-Իսկ ինչպե՞ս առաջացավ կայքի պարսկերեն տարբերակի գաղափարը, և ո՞րն էր դրա իմաստը, եթե տեղեկատվությունը նախատեսված է հենց իրանահայության համար:
-Սկզբում կայքի լրատվությունը հիրավի մտադրված էինք մատուցել հայերենով, քանի որ ընթերցողը համայնքի ներկայացուցիչներն էին: Բայց ընթացքում ակնհայտ դարձավ այն փաստը, որ թե’ համայնքի լուրերը, թե’ հայաստանյան լուրերը և մեկնաբանությունները պարսկերենով լուսաբանող որևէ այլ կայքէջ չկա, ոչ միայն համայնքի, այլև հենց իրանցիների համար: Շատ ավելի նպատակահարմար էր նրանց ապահովելՀայաստանի և առհասարակ հայության վերաբերյալ հավաստի լուրերով, քան հանդուրժել ադրբեջանական ու թուրքական խեղաթյուրված տեղեկատվության հոսքը Իրան և դրա հասկանալի ազդեցությունը: Հատկապես, եթե հաշվի առնենք այն, որ Իրանում բնակվում է ավելի քան 20 միլիոն թրքախոս պարսիկ, նրանց ապատեղեկացված լինելն առավել քան անցանկալի էր: Հատկանշական է, որ կայքի պարսկերեն տարբերակի գործունեության շնորհիվ, մեզ հաջողվել է հակակշռել թուրքական և ադրբեջանական կեղծ տեղեկատվությանը, քանի որ պարսկալեզու հանրությանը առաջարկում ենք մեր սեփական տեսակետները Հայ Դատի, Արցախի և հայանպաստ այլ հարցերի վերաբերյալ:

-Կայքում արծարծված հարցերից որո՞նք են համայնքում առավել մեծ արձագանքներ գտնում, առավել լայն քննարկումների տեղիք տալիս :
-Բնականաբար գերակշռում են ներհամայնքային հարցերի քննարկումները, հաճախ նաև բուռն տեսակետների արտահայտման տեղիք տալիս, որպես օրինակ կարելի է նշել համայնքում կալվածների վաճառքը կամ դպրոցների փակելն ու մեկտեղելը ազգային իշխանության կողմից, թեև Հայաստանին վերաբերվող լուրերն ու մեկնաբանությունները ևս դուրս չեն մնում կայքի այցելուների հետաքրքրության շրջանակներից:

-Իսկ ինչպիսի՞ն է կայքի կառույցների գործելակերպի համակարգը, այն գործում է հենց համայնքու՞մ, թե՞ կառավարվում է Հայաստանից:
-Այդ կառույցները խիստ փոխկապակցված են, և նրանց գործունեությունը նպատակաուղղված է կայքի սահուն աշխատունակությանը: Այսինքն կան անհատներ, որոնք Իրանից համապատասխան ինֆորմացիայով են ապահովում կայքէջի հայաստանյան ներկայացուցչությանը, ապահովելով տեղեկատվության կազմելու և մատուցելու գործընթացը:

-Ի՞նչ բարդությունների հետ է առնչվում կայքէջը, և ինչ դժվարություններ են առաջացնում այլազան խնդիրները:
-Եթե հաշվի առնենք համացանցային մշտական բարեփոխումների և նորամուծությունների պարագան, ապա «Իրանահայեր» կայքէջը մշտապես թարմացվում և վերահսկվում է: Ինչպես մամուլի այլ ներկայացուցիչների մոտ, մեր կայքէջում ևս չեն բացառվում ֆինանսական խնդիրները:

-Համագործակցու՞մ եք արդյոք իրանահայ մամուլի այլ ներկայացուցիչների հետ, և ի՞նչ հարթակների վրա են դրված հարաբերությունները նրանց և ձեր միջև:
-Խմբագրությունը մշտական կապի մեջ է իրանահայ մամուլի տպագիր լրատվամիջոցների` ամսագրերի և շաբաթաթերթերի հետ, ինչպես նաև պարբերաբար մասնակցում է իրանահայ մամուլի խորհրդաժողովի հանդիպումներին, որտեղ իրականացվում է տեսակետների և փորձի փոխանակում:

-Իսկ ինչպիսի՞ն է հայաստանյան մամուլի ներկայացուցիչների հետ համագործակցության նկարագիրը, կա՞ն ակնկալիքներ ու դժգոհություններ:
-Հայաստանյան մամուլի ներկայացուցիչների հետ ևս համագործակցում ենք` գտնվելով հնարավորինս սերտ կապի մեջ: Սակայն ցանկալի կլիներ, որ Հայաստանյան մեր գործընկերները Իրանին կամ իրանահայությանն առնչվող լուրերը լուսաբանելուց առաջ ճշտեին դրանց իսկությունն ու հավաստիությունը, ինչու՞ չէ մեր հետ խորհրդակցելու միջոցով, հատկապես, որ մշտապես տեղեկացված ենք Իրանի հասարակական ու քաղաքական անցուդարձին, կապի մեջ ենք պարսկատառ մամուլի հետ և ամենօրյա մոնիտորինգի ենք ենթարկում այն:
Այս հարցն անհանգստացնում է մեզ այն առումով, որ համայնքը խիստ զգայուն է հայաստանյան սխալ մեկնաբանությունների հանդեպ, և մեր թշնամիները առիթ բաց չեն թողնում համայնքը վատ իրավիճակի մեջ դնելու առումով, որպես օրինակ կարելի է հիշել մոտ անցյալում Իրանում կայացած լրատվամիջոցների ցուցահանդեսի անցանկալի ավարտը Հայաստանյան ներկայացուցիչների համար, կամ բազմաթիվ սխալ մեկնաբանություններ և լուրերի թարգմանությունները, որոնք առաջին հերթին հարվածի տակ են դնում համայնքը` առիթ տալով հակառակորդին կենտրոնանալով, մատնացույց անելով մեր սխալները: Բնականաբար, ավելորդ չի լինի դիմել այդ ոլորտում առավել տեղեկացված, համայնքի նիստ ու կացին քաջատեղյակ մեր խմբագրությանը: Ի վերջո, Երևանում ունենք գործող գրասենյակ, ինչն էլ ավելի հարմար պայմաններ է ստեղծում համագործակցության համար:

Աղբյուր` Panorama.am

No comments: