Saturday, November 27, 2010

ԿԱԶԻՆՈՅՈՒՄ ԿՐՎԱԾ ԳՈՒՄԱՐԻ ՉԱՓ

«Լրագիր» 26-11—2010- 2010 թվականի 10 ամիսներին հայոց բանակում 44 զինվոր է մահացել, որից միայն 7-ն են ընկել ադրբեջանցիների կրակից, մնացածը ներքին խնդիրների արդյունքում են զոհվել: Փաստորեն` 8 օրում մեկ զինծառայող է սպանվում խաղաղ պայմաններում: Այս տեղեկությունն այսօր հրապարակեց Տիգրան Խզմալյանը Սարդարապատ նախաձեռնության այլընտրանքային խորհրդարանի ազգային անվտանգության եւ պաշտպանության հանձնաժողովի նիստի ժամանակ:
Նա նշեց, որ պատրաստվում է խոսել բանակի խնդիրների մասին, թեեւ ոլորտի պատասխանատուներին դա դուր չի գալիս, սակայն բանակը սնվում է քաղաքացիների գումարներից, ուստի դրա վերահսկողությունը մեր իրավունքն ու պարտականությունն է: Տիգրան Խզմալյանը կարծում է, որ իշխանություններն են խեղաթյուրել բանակի նշանակությունն ու առաքելությունը:
«Մարտի 1-ին իշխանությունը բացեիբաց բանակն օգտագործեց սեփական ժողովրդի դեմ, այսինքն` դրանով բանակին տվեցին ոչ բնական, ոստիկանական գործառույթներ: Եթե վաղը սկսվի պատերազմ, երիտասարդության մոտ կարող է ձեւավորվել թյուր կարծիք, թե կա բանակ, թող բանակն էլ զբաղվի երկրի պաշտպանությամբ: Ոչ, այդ բանակը չկա, պատերազմը նորից հաղթելու է ժողովուրդը, աշխարհազորը: Եթե մենք դա չհասկանանք, կթուլացնենք մեր պաշտպանության վերջին գործոնը»:

Կինոռեժիսորը հիշեցրեց, որ թե Ղարաբաղում, թե Սարդարապատում պատերազմողների մեծամասնությունը աշխարհազորն էր:

«Մենք կոչ չենք անում լուծարել բանակը, պարզապես կոչ ենք անում գիտակցել ապագա վտանգից պաշտպանվելու միակ ելքը»,- ասաց Խզմալյանը: Այդ ելքը, ըստ նրա, պետական վերջին օղակի` ընտանիքի պահպանումն է: Տիգրան Խզմալյանը նշեց, որ տարրանման նորաձեւությունները թունավորում են երիտասարդներին եւ քայքայում են հայ ընտանիքները. «Դա հերթական ճակատն է. եթե մենք պարտվենք ընտանիքում, դա կլինի վերջին մեխը հայոց պետականության դագաղի մեջ: Բանակում դա արդեն տեղի է ունեցել, բանակը փրկելու համար միակ հնարավոր ձեւն է վերականգնել ընտանեկան արժեքները հասարակության մեջ»,- հայտարարեց Տիգրան Խզմալյանը:

Իսկ Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչ Առաքել Սեմիրջյանն ասաց, որ բանակի խնդիրների մասին նախկինում չխոսելն է հանգեցրել այս իրավիճակին: Նա ընդգծեց, որ գեներալները հարստանում են պետական անվտանգությանն ուղղված միջոցների հաշվին.

«Տեսեք, թե ինչպես են ապրում գեներալները Հայաստանում, ամեն մի զոհը նրանց ավտոմեքենայի մի անիվն արժե, կազինոյի մեկ անգամ կրված գումարը»: Սեմիրջյանը կարծում է, որ պետք է կանգնել խաղաղ պայմաններում զոհված ամեն զինվորի ընտանիքի կողքին. «Երբ կկանգնենք բոլոր զոհվածների ընտանիքների կողքին, նրանք կդառնան գործոն եւ նրանց ձայնը կլսվի: Նրանց պետք է համախմբել»,- կարծում է ՀԱԿ ներկայացուցիչը:

ԱՐՄԱՆ ՂԱՐԻԲՅԱՆ

No comments: