«ԱԶԳ, 03-11-2010 - Իրանի արտգործնախարար Մանուչեհր Մոթաքքին երկօրյա պաշտոնական այցով այսօր ժամանում է Վրաստան: Իրանական եւ վրացական լրատվամիջոցները տեղեկացնում են, որ այցելության շրջանակներում նախատեսվում է ստորագրել անցագրային ռեժիմից ազատ հաղորդակցության համաձայնագիր Վրաստանի եւ Իրանի միջեւ: Ներկայումս Իրանի եւ Վրաստանի քաղաքացիների այցելություններն իրականացվում են պարզեցված անցագրային ռեժիմով, այսինքն` անցագիր կարելի է ստանալ յուրաքանչյուր երկրի օդանավակայաններում` ժամանման պահին:Վրացական կողմն, ի դեմս փոխարտգործնախարար Նինո Քալանթաձեի , անցագրային ռեժիմից հրաժարումը բացատրել է իրանցի զբոսաշրջիկների մեծ թվով, ինչպես նաեւ վրացական կողմի` Իրանի հետ առեւտրաշրջանառությունը մեծացնելու ցանկությամբ:
Վրաստանի նախագահի մամլո խոսնակ Մանանա Մանջղալաձեի ներկայացմամբ, Վրաստանը շահագրգիռ է խորացնելու տնտեսական եւ առեւտրային հարաբերություններն իր տարածաշրջանային հարեւանների, այդ թվում` Իրանի հետ, եւ հենց այդ համատեքստում էլ պետք է դիտարկել Իրանի արտգործնախարարի այցելությունը Վրաստան:
Սաակաշվիլու մամլո քարտուղարի ներկայացմամբ, հենց այդ հարաբերությունների խորացմանն էլ նպաստելու է անցագրային ռեժիմից հրաժարվելը «ինչպես Վրաստանի քաղաքացիների, այնպես էլ Իրանի քաղաքացիների համար»:
Արդեն իսկ ավարտված են անցագրային ռեժիմը երկու երկրների միջեւ հանելու փաստաթղթերի նախագծերը, եւ Մոթաքքիի այցելության շրջանակներում այդ փաստաթղթերը կդառնան քննարկման առարկա:
Ամերիկյան քաղաքականության թելադրանքով առաջնորդվող Վրաստանի պարագայում բավականին հետաքրքրական այցելություն կարող է դառնալ Իրանի արտգործնախարարի ժամանումը Թբիլիսի, ավելին, ոչ անցագրային ռեժիմի հաստատումը երկու երկրների միջեւ: Ամեն դեպքում, վրացական արտաքին գերատեսչությունը հարկ է համարել ընդգծել, թե Վրաստանի մերձեցումը Իրանի հետ ուղղված չէ որեւէ այլ երկրի շահերի դեմ եւ չի ազդի «ռազմավարական մյուս գործընկերների հետ հարաբերությունների վրա»:
Մոթաքքին կլինի Վրաստանի մայրաքաղաքում, նաեւ Բաթումում` այնտեղ մասնակցելով Վրաստանում Իրանի գլխավոր հյուպատոսության բացման արարողությանը: Սա պատասխան այցելություն է` Վրաստանի ԱԳ նախարարի` այս տարվա հունվարին Իրան այցելության համատեքստում: Նշենք նաեւ, որ երեկ` տասնամյա ընդմիջումից հետո, վերականգնվել է Թեհրան-Թբիլիսի չվերթը` շաբաթը երկու անգամ:

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment