Tuesday, November 23, 2010

ՄԱԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցչի նամակը՝ ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարին

Panorama.am. 23-11-2010- ՄԱԿ-ի պաշտոնական կայքից տեղեկանում ենք, որ Միավորված ազգերի կազմակերպությունում (ՄԱԿ) Հայաստանի մշտական ներկայացուցիչ Կարեն Նազարյանը նամակ է հղել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունին, որում իր մտահոգություններն է արտահայտել Ադրբեջանի կողմից հաճախակի հնչող ռազմատենչ, հայատյաց հայտարարությունների, ինչպես նաև Ադրբեջանի կողմից պատմական փաստերի խեղաթյուրման առնչությամբ:
Նամակում մասնավորապես նշվում է, որ Ադրբեջանը միջոցներ չի խնայում՝ փորձելով արդարացնել իր ագրեսիվ մոտեցումները, թշնամության սերմանումը, ռասսայական ատելությունը հայերի, Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի նկատմամբ: Սարսափելի է այն փաստը, որ Ադրբեջանի նախագահը ելույթ ունենալով երեխաների առջև սուր է ճոճում և ինքնագովասանքով խոսում է Ադրբեջանի ռազմական կարողության, սպառազինության, բանակի մարտունակության մասին:
Ադրբեջանի կողմից հնչող ռազմատենչ հայտարարությունները ուղեկցվում են ժամանանակից Ադրբեջանի տարածքում հայկական մշակութային ժառանգության ոչնչացմամբ: Բուլդոզերների միջոցով Նախիջևանում տասնյակ հազարների հասնող խաչքարների ոչնչացումն ու այդ վայրում զինվորական հրաձգարանի հիմնումը, վանդալիզմի վառ օրինակ է:
Չնայած բազմաթիվ կոչերին, որով հանդես է եկել Հայաստանը, ՄԱԿ-ը, մասնավորապես, ՅՈՒՆԵՍԿՕ-ն վանդալիզմի այս դրսևորմանը ինչպես նախկինում որևէ ուշադրություն չի դարձնում:
Ադրբեջանը սկզբնական շրջանից էլ վարել է ԼՂ հիմնախնդիրը ուժի միջոցով լուծելու քաղաքականություն, ինչն ուղեկցվել է Ադրբեջանի հայաբնակ շրջաններում և բուն ԼՂ-ում իրականացված էթնիկ զտումներով, ինչպես նաև՝ Արցախի ժողովրդի ինքնորոշման իրացման իրավունքն անտեսելով ռազմական ագրեսիայի դիմել, որին իրենց մասնակցությունն են բերել միջազգային մի շարք հայտնի ահաբեկչական կազմակերպություններ: Այն մարդիկ, ովքեր Արցախում տեղի ունեցած ագրեսիայի համար պատասխանատվություն են կրում, այսօր էլ Ադրբեջանում բարձր պաշտոններ են զբաղեցնում կամ հերոսի կոչման են արժանացել:
ԼՂ հիմնախնդիրը ռազմական ուժով լուծելու քաղաքականություն վարելով Ադրբեջանը հաշվի չի նստում ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի, ԵԱՀԿ անդամ-պետութունների, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների և մի շարք այլ միջազգային կառույցների կոչերին, այն է՝ ամրապնդել հրադադարի ռեժիմը շփման գծում: Դրան հակառակ շփման գծում սադրանքներ է հրահրում, խոչընդոտում ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում ընթացող բանակցային գործընթացը:

No comments: