Monday, November 22, 2010

ՄԻ ԳԵՐԱԿԱ ՇԱՀԻ ՄԱՍԻՆ

«Լրագիր» 22-11-2010- «Կոտայքի մարզի Արտավազ գյուղի՝ բացառիկ գերակա հանրային շահ ճանաչած տարածքում հանքային ջրերի գործարան կառուցելը կասկածելի նախագիծ է. ինձ թվում է, որ այստեղ ուրիշ նպատակ կա, ուղղակի Հայաստանը կամաց-կամաց ծախում են»,- Կառավարության շենքի դիմաց ընթացող բողոքի ակցիայի ժամանակ լրագրողների հետ զրույցում ասաց Սասուն Միքայելյանի (ով եւս այդ տարածքում մոտ 1,5 հա սեփական հողատարածք ունի) լիազոր ներկայացուցիչ Հակոբ Ավագումյանը, հավելելով. «Բայց պետական պահուստային հողերը ծախում եք, ծախեք, ինչո՞ւ եք ուզում խեղճուկրակ ժողովրդի 95 հա հողերն էլ ներառել դրա մեջ»:
«Հանքային ջրերի գործարան կառուցելու շահն ավելի գերակա է համարվել, քան համայնքի 130 բնակիչների սեփականություն հանդիսացող հողերը։ Մենք կառավարության այս որոշումը բողոքարկել ենք դատարանում, այդ բողոքը մերժվել է, եւ հայցն այժմ վերաքննիչ դատարանում է։ Թեպետ հողերի գնորդ է նշվում «Էյ Ընդ Էմ Ռեյր» ՍՊԸ-ն, սակայն բոլորն էլ լավ գիտեն, որ այս ամենի թիկունքում այլ մարդիկ են կանգնած եւ նախագիծը ֆինանսավորվում է արաբ շեյխի կողմից։ Սակայն ամենահատկանշականն այն է, որ չսպասելով մեր բողոքի վերջնական պատասխանին ՝ գնորդ կողմն արդեն մարդկանց դեպոզիտային հաշիվների վրա գումար է նստեցրել՝ այս կերպ համարելով, որ իրենց եւ գյուղացիների միջեւ առուվաճառքն արդեն իսկ տեղի է ունեցել»,- ասաց Հակոբ Ավագումյանը՝ միաժամանակ տեղեկացնելով, որ գնորդները 1,5 հա հողատարածքի համար գյուղացիներին մոտ 2 մլն 300 հազար դրամ գումար են առաջարկում, ինչը շուկայականից քիչ է 10 անգամ։

Ակցիայի մասնակիցները համապատասխան բովանդակությամբ նամակ են հղոլ վարչապետ Տիգրան Սարգսյանին:

Լուսանկարները Գագիկ Շամշյանի

No comments: