
ՌԴ նախագահը, ինչպես նաեւ Աստանա ներկայացող շատ այլ նախագահներ դեկտեմբերին կմասնակցեն երկու գագաթաժողովի եւս. դեկտեմբերի 7-ին Բրյուսելում կկայանա ԵՄ-Ռուսաստան գագաթաժողովը, իսկ դեկտեմբերի 10-ին Մոսկվան կընդունի ՀԱՊԿ երկրների առաջնորդների, այնուհետեւ` ԱՊՀ-ի հոբելյանական գագաթաժողովները: Այնպես որ, Աստանան ոչ «որեւէ բանի վերջն է, ոչ սկիզբը», ինչպես կարող է թվալ վերջին օրերի հայաստանյան ու նաեւ ադրբեջանական քաղաքավերլուծական դաշտին հետեւելիս:
Սա գրեթե բառացիորեն հիմնավորել է Ղազախստանի (ԵԱՀԿ գործող նախագահող երկրի) վարչապետ Քարիմ Մասիմովը «ՌԻԱ-Նովոստի»-ին տված հարցազրույցում. «Մենք ընդունում ենք ԵԱՀԿ առաջին գագաթաժողովը 11 տարի ընդմիջումից հետո, իսկ 10-11 տարում աշխարհում շատ բան է փոխվել: Ես կարծում եմ, որ պարզապես մտքերի ու կարծիքների փոխանակումն ինքնին արդեն արդյունք է», Աստանայից «հրաշքներ» սպասողներին կարծես թե «հանգստացրել» է Ղազախստանի վարչապետը:
Օրակարգը
Գագաթաժողովի օրակարգը դեռեւս պաշտոնապես հրապարակված չէ: Հայտնի է միայն, որ Աստանայում խոսք կգնա «Աֆղանստանում իրավիճակի, հետխորհրդային տարածքում սառեցված հակամարտությունների մասին»: ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Մարկ Պերեն դը Բրիշամբոն Մոսկվայում օրեր առաջ կայացած ասուլիսում որոշ հստակեցումներ մտցրեց, որ Վրաստանը պատրաստվում է գագաթաժողովում բարձրացնել իր անհանգստությունը` կապված «Աբխազիայում եւ Հարավային Օսիայում ռուսական ռազմական բազաների ամրապնդման հետ»:
Բացի այդ` Բրիշամբոն հայտարարել էր (հենց Մոսկվայում), որ «գագաթաժողովի ընթացքում Ռուսաստանին կհիշեցվեն իր իսկ ստանձնած պարտավորությունները 1999-ի Ստամբուլում կայացած նախորդ գագաթաժողովի ժամանակ: Օրակարգում կլինեն նաեւ մերձդնեստրյան եւ ղարաբաղյան հակամարտությունները: Կողմերը կքննարկեն նաեւ սպառազինության կրճատման, Աֆղանստանից եւ Միջին Ասիայից եկող նոր մարտահրավերների դիմագրավման մի շարք հարցեր: Գագաթաժողովի մասնակիցները կքննարկեն նաեւ կազմակերպության հետագա գործողությունների պլանը եւ կվերահաստատեն Հելսինկյան ակտի դրույթները», ասել էր ԵԱՀԿ-ի գլխավոր քարտուղարը: Ինչպես անզեն աչքով էլ նկատելի է, համաձայն Բրիշամբոյի խոսքերի` ամենուր կրկնվող «կքննարկեն» տերմինն արդեն իսկ վկայում է, որ Աստանայում «ամեն ինչ պարզապես քննարկվելու է»: Անշուշտ հնարավոր են որոշ պայմանավորվածություններ, համատեղ հայտարարություններ, սակայն «հրաշք որոշումներ» Ղազախստանի մայրաքաղաքը` կոնկրետ ղարաբաղյան մասով, իրատեսական չէ, որ կտա, մանավանդ հաշվի առնելով, որ հակամարտող կողմերը նման կերպ մտածելու հիմք չեն տալիս:
Փոքրիկ Աստանան
Ղազախստանի մայրաքաղաքի անգամ մեծությունը (եվրոպական միջին մեծության քաղաք է), վկայում է, որ Աստանան` «մեծ որոշումներ ընդունելու համար այնքան էլ հարմար վայր չէ»: 800 հազար բնակչություն ունեցող քաղաքը, որտեղ «5-աստղանի» ընդամենը 4 հյուրանոց կա, այս օրերին ամբողջ թափով պատրաստվում է գագաթաժողովին: Ղազախստանի մայրաքաղաքը եւ առհասարակ այդ երկրի իշխանությունները նման մասշտաբի միջոցառում անցկացնելու փորձ չունեն: Մասնավորապես դեկտեմբերի 1-2-ը քաղաքում հայտարարված են արդեն ոչ աշխատանքային օրեր, փոխարենը բնակիչները կաշխատեն առաջիկա շաբաթ-կիրակի օրերին: Իսկ եղանակային հնարավոր բարդությունները հաշվի առնելովՙ լրացուցիչ պատրաստվել են նաեւ երկրի հարավային մայրաքաղաք Ալմաթիի եւ Կարականդայի օդանավակայանները, ընդ որումՙ գագաթաժողովի օրերին դեպի Աստանա եւ հակառակ ուղղություններով բոլոր ներքին չվերթերը չեղյալ են հայտարարվել, եթե դրանք չեն տեղափոխում գագաթաժողովի մասնակիցներին:
Դեկտեմբերի 1-2-ը Աստանայի հիվանդանոցները կընդունեն միայն տեղացի հիվանդներին, իսկ մասնակիցների համար կազմավորվել են ավելի քան 100 բժշկական բրիգադներ: Վերոհիշյալ օրերին Ղազախստանի մայրաքաղաքում կլինեն նաեւ շուրջ 100 շեֆ-խոհարարներ աշխարհի տարբեր երկրներից: Հյուրերի ճաշացուցակը բավական բազմազան է` եվրոպական եւ արեւելյան խոհանոցից մինչեւ ազգային ու բուսակերական:
«Տհաճ» անակնկալ է սպասում Աստանա մեկնել պատրաստվող, գագաթաժողովը լուսաբանող ծխող լրագրողներին: Ծխել կարելի է միայն հյուրանոցի` ծխողների համար նախատեսված սենյակներում, լրագրողները կամ երկու օրով պետք է հրաժարվեն վնասակար սովորությունից, կամ գագաթաժողովին հետեւեն հյուրանոցի հարմարավետ սենյակում հեռուստացույցով: Ի դեպ, հատուկ գագաթաժողովի օրերին Աստանայում եթեր կհեռարձակվի «Գագաթաժողով-TV» հեռուստաալիքը:
ՀՈՎԻԿ ԱՖՅԱՆ
No comments:
Post a Comment