Saturday, November 13, 2010

Գ.Մինասյանը զարմացած է, որ իր հարցարզույցը Թուրքիայում հեռարձակվել է ուղիղ եթերով

Panorama.am. 12-11-2010- Նոյեմբերի 1-4-ը Տրապիզոնում կայացած ՍԾՏՀ ԽՎ 36-րդ լիագումար նիստի քննարկման թեմաներն առնչվել են միջմշակութային ու միջքաղաքակրթական շփումներին: Այս իմաստով կարևորն այն է, որ հայաստանյան պատվիրակության անդամները` պատվիրակության ղեկավար, ԱԺ ՀՀԿ խմբակցության ներկայացուցիչ Գագիկ Մինասյանի գլխավորությամբ, վեհաժողովի անդամ-երկրներին են ներկայացրել, թե ինչպիսի՞ քաղաքականություն են այս իմաստով վարում Հայաստանի երկու հարևանները` Թուրքիան ու Ադրբեջանը:
«Օրինակ, որ Ադրբեջանը չի դադարում հայկական ժառանգությունից խուսափելուն ուղղված ծայրահեղ միջոցների դիմել` մասնավորապես վայրագ ոչնչացնելով Ջուղայի խաչքարերը` այդ տարածքում ռազմական զորամաս կառուցելով»,- խորհրդարանում այսօր տեղեկացրեց պատվիրակության ղեկավարը:
Ինչպես Թուրքիայում էր Գ.Մինասյանը ՍԾՏՀ ԽՎ մասնակիցներին հիշեցրել, այդպես էլ լրագրողներին հիշեցրեց, որ այդ փաստը դատապարտվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի 16-րդ վեհաժողովի բանաձևում և սա այն դեպքում, որ այսօր այդքան շատ է կարևորվում միջմշակութային շփումները:
Ինչ վերաբերում է հաջորդ խնդրին, որը ևս տեղավորվում է այդ կոնտեքստում, ապա Գ.Մինասյանը հերթական անգամ հիշատակել է Թուրքիայի կողմից Հայաստանի շրջափակման փաստը, որը ևս միտված չէ ամրապնդելու և զարգացնելու միջմշակութային շփումները:
Այսօրվա ասուլիսում հիշատակվեց նաև երկու իրադարձության մասին. նախ, Գ.Մինասյանը հարցազրույց է տվել թուրքական TRT3-ին, ընդ որում ինչն ամենից զարմանալին է, այն հեռարձակվել է ուղիղ եթերով և երկրորդ` վեհաժողովի նախագահի տեղակալներից մեկի թափուր պաշտոնում հայկական կողմն առաջարկել է ՀՀԿ-ական Արեգ Ղուկասյանի թեկնածությունը, որն էլ ընդունվել է միաձայն:
«Սա չափազանց մեծ ձեռքբերում է հայաստանյան պատվիրակության համար, քանի որ վերջինս նաև դրա շնորհիվ հնարավորություն կունենա նախագահելու վեհաժողովի աշխատանքները»,- հավելեց Գ.Մինասյանը:

No comments: