Wednesday, November 3, 2010

Թուրքերն ու վրացիները վրացականացնում են Կարինի Օշկվանքի եկեղեցին

HayNews.am. 2-11-2010- Կարին նահանգի (ներկայումս՝ Էրզրում) գտնվող 12-րդ դարում կառուցված հայկական Օշկվանք (հայտնի է նաև Օշվանք կամ Օշավանք անուններով) եկեղեցին կվերանորոգի Վրաստանի կառավարությունը, հայտնում է Hurriyet-ը:
Առաջիկա օրերին Թուրքիայի զբոսաշրջության և մշակույթի նախարար Էրթողրուլ Գյունայը մեկնելու է Թբիլիսի, որպեսզի տեղի իշխանությունների հետ ստորագրի վերանորոգման վերաբերյալ համաձայնագիրը:
Վերջին շրջանում կողոպտիչների գործողություններից խիստ տուժած հայկական եկեղեցու որոշ սյուներ փոխարինվել են գերաններով, որոնք էլ իրենց հերթին սկսվել են փտել՝ ստեղծելով փլուզման վտանգ:
Իսկ վրացիները, հարմար առիթից օգտվելով, փորձում են եկեղեցին դարձնել վրացական և ֆինանսավորել ու իրագործել նրա վերանորոգումը:
Թուրքիայի զբոսաշրջության և մշակույթի նախարարությունը միևնույն ժամանակ հետապնդում է նաև այլ նպատակ. ըստ իրենց տվյալների՝ պատմական հայկական եկեղեցին տարեկան 10 հազար զբոսաշրջիկ է ընդունում, իսկ վերանորոգումից հետո այդ թիվը կմեծանա:
Հուշարձանագետ Սամվել Կարապետյանը HayNews.am-ի հետ զրույցում կտրականապես հերքեց վրացիների՝ հայկական եկեղեցու վրա ունեցած ցանկացած հավակնություն՝ շեշտելով, որ Վրաստանը փորձում է կրոնական նույնության հողի վրա հայկական եկեղեցին դարձնել վրացական: Հուշարձանագետ նաև հավելեց, որ Օշկվանքի եկեղեցին կառուցվել է 10-11-րդ դարերում Տայքում իշխած քաղկեդոնականություն դավանող հայ Բագրատունիների կողմից:
Նշենք նաև, որ Օշավանքի վանական համալիրից կանգուն են մնացել եկեղեցին, երեք մատուռը, գրադարանի շենքը և ճաշարանը: Օշավանքը համարվել է ձեռագրերի ստեղծման և պահպանման կարևորագույն կենտրոն: Վանքն իր կարևոր առաքելությունը կատարել է մինչ 15-րդ դարը՝ մինչ թյուրքերի կողմից Կարինի զավթումը: 18-րդ դարից մինչ 1980-ական թվականները եկեղեցին պղծվել է և ծառայել որպես մզկիթ: 1985 թվականից եկեղեցին անցել է Թուրքիայի զբոսաշրջության և մշակույթի նախարարությանը հսկողության տակ և սկսել փլուզվել:

No comments: