Friday, November 19, 2010

ՊՆԱԽԱՐԱՐԻՆ ՄԵՐԺԵԼ ԵՆ

«Լրագիր» 18-11-2010- Վերաքննիչ դատարանը մերժել է ՀՀ գլխավոր դատախազության կողմից բերված վերաքննիչ բողոքը Արարատի մարզի Վազգեն Սարգսյանի անվան զորամասի գումարտակի հրամանատար, Ռոժ մականունով Վարդան Մարտիրոսյանին գրավի դիմաց ազատ արձակելու մասին դատարանի որոշման դեմ` ուժի մեջ թողնելով նախկին որոշումը: Այս տեղեկությունն այսօր հաստատեց ՊՆ քննչական ծառայության մամուլի հարցերով պատասխանատու Մերի Սարգսյանը:
Նա տեղեկացրեց նաև, որ ինչպես Վարդան Մարտիրոսյանը (Ռոժ)` հրամանատարը, այնպես էլ նրա զինակից ընկերը` զորամասի անձնակազմի հետ տարվող աշխատանքների գծով տեղակալ Արթուր Կարապետյանն, ազատված են աշխատանքից, իսկ նախաքննությունը շարունակվում է:
Ազատության մեջ գտնվող այս անձինք երկու շաբաթ գտնվել էին կալանքի տակ, սակայն դատարանի որոշմամբ ազատ էին արձակվել գրավի դիմաց: Նրանց ազատության երաշխավորն, ըստ շրջանառվող լուրերի, գենշտաբը գլխավորող Յուրի Խաչատուրովն էր: Քանի որ Հայաստանում գրավով ազատվելը բարդ խնդիր է: Հարցի լուծումը կապում էին նաև գերագույն գլխավոր հարամանատար Սերժ Սարգսյանի անվան հետ:

Հիշեցնենք, որ մամուլում տեղեկություններ կային այն մասին, որ Պնախարար Սեյրան Օհանյանն անձամբ էր հանդիպել գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանին և հավաստիացումներ ստացել դատարանի հիշյալ որոշումը բողոքարկելու մասին: Փաստորեն, Պնախարարի հետևողականությունն այս հարցում նշանակություն չի ունեցել: Պարզվում է Ռոժին հովանավորող գենշտաբի դերն ու նշանակությունն ավելի մեծ է:

Գլխավոր շտաբի պետի` Յուրի Խաչատուրովի որդու` Գրիշա Խաչատուրովի գլխավորած զորամասն առավել աչքի ընկավ վերջին շրջանում այնտեղ կատարված սկանդալային բացահայտումներով: Ռոժ մականունով հրամանատարը՝ Վարդան Մարտիրոսյանը ստիպել էր պայմանագրային զինծառայողներին մուծվել ամսական 10-15 հազար դրամ` աստիճանաբար բարձրացնելով գումարի չափը:

Քրեական այս գործը հենց սկզբից հարուցվել էր զորացրված մի զինվորի ցուցմունքների հիման վրա, ով առանց իր անունը հայտնելու թերթերից մեկին պատմել էր սույն հրամանատարի կողմից զինվորներին բռնությունների ենթարկելու ու ստորացնելու բազմաթիվ օրինակներ:

Փաստացի կատարված հանցագործությունն ապացուցված էր, ու հայտնի էին հանցանքը կատարած անձինք, և նրանց կալանքից ազատելը ոչ միայն վտանգներ է պարունակում, այլև ոչնչացվում է քրեական գործն ու հաստատվում անպատժելիությունն ու ամենաթողությունը: Այս դեպքում հանրությանն ասվում է, որ մարդիկ կան, որոնք օրենքից վեր են ու դուք ոչինչ անել չեք կարող:

ԺԱՆՆԱ ԱԼԵՔՍԱՆՅԱՆ

No comments: