Tuesday, November 2, 2010

ՈՍՏԻԿԱՆԱՊԵՏՆ ՈՒ ՕՐԵՆՔԸ

Այսօր Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում սկսվեց «Մարիամ Սուխուդյանն ընդդեմ Հայաստանի Հանրապետության եւ ՀՀ ոստիկանության» հայցադիմումի նախնական քննությունը:
ՀՀ անունից լիազորված անձը` Ֆինանսների նախարարությունը, թեեւ պատճաշ ծանուցված էր, չէր ներկայացել դատական նիստին, սակայն հայցադիմումի գրավոր պատասխան էր ուղարկել, եւ դատավորը որոշեց հայցը քննել նրա բացակայության պայմաններում:
Մարիամ Սուխուդյանի ներկայացուցիչ Լիպարիտ Սիմոնյանը ներկայացրեց հայցի առարկան եւ հիմքը, որը բխում է Մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների մասին եվրոպական կոնվենցիայից, որը սահմանում է անմեղության կանխավարկածի իրավունքի խախտման դեպքում անձի փոխհատուցում ստանալու իրավունքը: Հիշեցնենք, որ Մարիամ Սուխուդյանը հայց էր ներկայացրել` ՀՀ ոստիկանությունից որպես բարոյական վնասի փոխհատուցում պահանջելով 1 մլն դրամ, քանի որ ոստիկանությունը, ի դեմս ոստիկանապետ Ալիկ Սարգսյանի եւ ոստիկանության հասարակայնության հետ կապերի վարչության պետ Սայաթ Շիրինյանի, «խախտել է իր անմեղության կանխավարկածը»:
ՀՀ ոստիկանության ներկայացուցիչ, փաստաբան Գայանե Գասպարյանը հայտարարեց, որ հայցն անհիմն է եւ ներկայացրեց Ոստիկանության հասարակայնության հետ կապերի վարչության պետ Սայաթ Շիրինյանի գրավոր տեղեկանքը, որով վերջինս հայտնում է, որ «Տարեգիր» օրաթերթի լրագրողի հետ հեռախոսազրույցում իր անձնական կարծիքն է արտահայտել եւ ոչ թե ՀՀ ոստիկանության, քանի որ դրա համար լիազորված չի եղել: Փաստաբանը նաեւ նշեց, որ Սայաթ Շիրինյանը ոչ թե կոնկրետ Մարիամի, այլ Մարիամի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու պահանջագրերի վերաբերյալ է արտահայտվել:

Հիշեցնենք, որ նշված հարցազրույցում ոստիկանության հասարակայնության հետ կապերի վարչության պետն ասել էր. «Քրեական հանցագործներին բռնում են, մարդ-կազմակերպությունները հավաքվում են, ասում են` մենք բողոքում ենք, ուզում ենք, որ նրան ազատեն»: Ի դեպ, հարցազրույցում Սայաթ Շիրինյանը չի նշել, որ սա իր անձնական կարծիքն է:

Ինչ վերաբերում է ոստիկանապետի հայտարարություններին, ապա փաստաբան Գայանե Գասպարյանը նշեց, որ Ալիկ Սարգսյանը վերապահումով է Մարիամին «մեղավոր համարել», խոսքում շեշտելով «նախաքննությունը շարունակվում է», «այս պահի դրությամբ», «դեռ ավարտված չէ» արտահայտությունները:

Հիշեցնենք Ալիկ Սարգսյանի հայտարարությունը մամուլի ասուլիսի ժամանակ. «Նա (Մարիամը) անհիմն մեղադրանքով է հանդես եկել, զրպարտել անմեղ մարդկանց եւ անչափահասներին դրդել պատժելի արարքների»: Մինչդեռ Մարիամը կարծում է, որ ոստիկանապետն իր ելույթով նաեւ ուղղորդել է քննչական մարմնին իր նկատմամբ հարուցված քրեական գործը քննելու ընթացքում:

Այսօրվա նախնական նիստում դատավորը բաժանեց ապացույցների ներկայացման պարտավորությունները, ըստ այդմ` հայցվորը պետք է հիմնավորի, որ խախտվել է իր անմեղության կանխավարկածի իրավունքը եւ որ դրա արդյունքում իրեն պատճառվել է բարոյական վնաս: Իսկ ոստիկանությունը պետք է ապացուցի, որ ոստիկանապետի հայտարարությունը կատարվել է այդ պահին առկա ստույգ փաստերի հիման վրա, կատեգորիկ բնույթ չի կրել եւ որ Շիրինյանի դիրքորոշումը չի հանդիսանում ՀՀ ոստիկանության պաշտոնական դիրքորոշումը:

Մարիամ Սուխուդյանը մեզ հետ զրույցում նշեց, որ իր նկատմամբ անարդարացիորեն քրեական գործ հարուցելուն եւ հետագայում այն կարճելուն պետք է հետեւեր ոստիկանությանը պատասխանատվության ենթարկելու քայլերը, որոնցից մեկն էլ այս հայցադիմումն է:

Սուխուդյանի փաստաբան Լիպարիտ Սիմոնյանը, պատասխանելով մեր հարցին, թե արդյոք ոստիկանապետը դիտավորությամբ է խախտել Մարիամի անմեղության կանխավարկածը, թե օրենքի թերի իմացությունն է պատճառը, ասաց, որ ոստիկանությունն այնքան հաճախ է առանց պատասխանատվություն կրելու խախտել մարդկանց անմեղության կանխավարկածը, որ ոստիկանապետը կարծել է, թե այս մի անգամն էլ անհետեւանք կանցնի:

Դատաքննությունը տեղի կունենա դեկտեմբերի 15-ին, ժամը 11:30-ին:

ԱՐՄԱՆ ՂԱՐԻԲՅԱՆ

No comments: