Saturday, November 20, 2010

ՏԱՋԻԿՍՏԱՆԸ` ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ՔԱՐՈԶՉՈՒԹՅԱՆ «ԳՈՐԾԻՔ»

«ԱԶԳ» , 20-11-2010 - Երբ գործը հասնում է ապատեղեկատվությանը, պարզվում է, «հայտարարություններ են անում» նաեւ այնպիսի երկրների ներկայացուցիչներ, որոնց պարագայում, թվում է, թե կարելի է կեղծարարություն անել ու մնալ անպատիժ: Ամեն դեպքում, ասենք, Տաջիկստանը ներկայացնող որեւէ պաշտոնյայի համար բնավ էլ լուրջ չէ, որ զբաղվի ադրբեջանական գործակալությունների տեղեկությունների հերքմամբ:
Ինչեւէ, դեռեւս նոյեմբերի 18-ին ադրբեջանական APA գործակալությունը տարածել է մի տեղեկություն, որում հայտարարվում է, թե ՄԱԿ-ում Տաջիկստանի մշտական ներկայացուցիչը «բարձրաձայնել է» Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը վերաբերող Իսլամական համաժողով կազմակերպության կարծիքը եւ դիմել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին ու Անվտանգության խորհրդի նախագահին` «հաշվի առնել» Դուշանբեում այս տարվա մայիսին ընդունած հռչակագրի համապատասխան դրույթը: Էլ ավելի արժանահավատ դարձնելու համար իր այսպես կոչված հաղորդագրությունը, ադրբեջանական գործակալությունը հղում է կատարում ՄԱԿ-ի «տեղեկատվական կենտրոնին», որտեղից էլ իբր ստացել է այս տեղեկատվությունը ՄԱԿ-ի օրակարգի մասին:
Հայաստանի ԱԳՆ-ի տեղեկացմամբ, Տաջիկստանը ու նրա ներկայացուցիչը` որպես ԻՀԿ-ի ներկայիս նախագահող, ՄԱԿ-ում ոչ «բարձրաձայնել են», ոչ էլ խնդրանք են ներկայացրել «հաշվի առնել» ԼՂ-ին վերաբերող վերը նշված հայտարարության դրույթը: Ավելին, APA-ի կողմից հիշատակվող խորհրդավոր ՄԱԿ-ի «տեղեկատվական կենտրոնը» որպես այդպիսին գոյություն չունի կազմակերպության կենտրոնատեղիում:

No comments: