Monday, November 15, 2010

Ռուս փորձագետ. Մոսկվան չի համակերպվի Ադրբեջանի նկրտումների հետ սեփականացնել Ռուսաստան-Հայաստան գազատարը

Պետք չէ լուրջ ընդունել Ադրբեջանի Պետական նավթային ընկերության այն հայտարարությունը, որ Բաքուն մտադիր է «վերահսկողության տակ» առնել Ռուսաստան-Հայաստան գազամուղը, քանի որ նավթագազային բիզնեսում հայտարարություններից մինչեւ իրական քայլերը երկար ճանապարհ կա եւ այդ ժամանակ իրավիճակը հնարավոր է փոխվի: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Էներգետիկ անվտանգության ազգային հիմնադրամի գլխավոր տնօրեն Կոնստանտին Սիմոնովը:
Նրա խոսքով, այդ հայտարարությունը պետք է դիտարկել Ադրբեջանի կողմից Հայաստանի վրա ճնշում գործադրելու կոնտեքստում: «Ես խիստ կասկածում եմ, որ Ռուսաստանը կհամակերպվի տարածաշրջանում նման իրավիճակի հետ: Ես չեմ կարծում, որ այդ սցենարը իրատեսական է»,-ասաց փոձագետը:
Նշենք, որ ադրբեջանական լրատվամիջոցների տեղեկատվության համաձայն, Ադրբեջանի պետական նավթային ընկերությունը դիմել է Ռուսաստան-Հայաստան գազամուղի վրացական հատվածի սեփականատեր Վրաստանի պետական գազային ընկերությունը եւ ցանկություն հայտնել մասնակցել գազամուղի մասնավորեցման մրցույթին:

No comments: