Tuesday, November 30, 2010

Հնարավոր է՝ Թուրքիան սքողված ռազմական տեխնիկա մատակարարի Ադրբեջանին. փորձագետ

Tert.am. 30-11-2010- «Թուրքական զինված ուժերը, Թուրքիայի ռազմաքաղաքական ղեկավարությունը փորձում է լուրջ դերակատարություն ստանձնել և նախկինում էլ ունեցել է Ադրբեջանի բանակի արդիականացման, համալրման և սպայական կազմի վերապատրաստման գործում»,– այսօրվա ասուլիսի ժամանակ հայտարարեց Քաղաքական հետազոտությունների ինստիտուտի ավագ փորձագետ, թուրքագետ Լևոն Հովսեփյանը։ Ըստ նրա՝ Թուրքիայի կողմից ադրբեջանական զինված ուժերին օգնություն է հատկացվել դեռևս 90–ական թվականներից սկսած. դեռևս ղարաբաղյան պատերազմի ժամանակ Թուրքիան հստակ աջակցում էր Ադրբեջանին։
Փորձագետը նշեց, որ ադրբեջանական սպայական կազմի վերապատրաստման հարցով լրջորեն զբաղվում են ինչպես Թուրքիայում, այնպես էլ Ադրբեջանում։ «2006թ. դրությամբ Թուրքիայի ուսումնական հաստատություններում վերապատրսատված ադրբեջանական զինվորականների թիվը հասնում է մոտ 1130–ի, իսկ Ադրբեջանի տարածքում թուրք մասնագետների կողմից վերապատրաստվածների թիվը մոտ 4000–ի է հասնում։ Սրանք պաշտոնական թվեր են, բայց հասկանալի է, որ սրանք իրականում կարող են ավելի մեծ լինել»,– հայտարարեց Լևոն Հովսեփյանը։
«Թուրքիան տարբեր կերպ փորձում է Ադրբեջանի ուժային համակարգում լուրջ ազդեցություն և լծակներ ձեռք բերել, և պատահական չէ, որ ադրբեջանական զինված ուժերում ձևավորվել է երիտասարդ և միջին սերնդի սպայական մի կազմ, որը սերտ կապեր է ունեցել իր թուրք գործընկերների հետ, վերապատրաստվել է Թուրքիայում և առավելապես ունի թուրքամետ, ազգայնական ուղղվածություն։ Այսինքն, այսպիսով Ադրբեջանի ուժային համակարգում ձևավորվում է թուրքամետ, թուրքակենտրոն ազգայնական սպայական տարր, ինչը, բնականաբար, հետագայում Թուրքիայի համար առավել կառավարելի կդարձնի ադրբեջանական բանակը»,– ասաց Հովսեփյանը։
«Հայաստանի համար վտանգները մեծ են թե՛ Ադրբեջանի ռազմականացման միտումների, թե՛ այն առումով, որ Թուրքիան արդեն անմիջական վերահսկողություն է սահմանել ադրբեջանական բանակի վրա։ Եվ, ըստ որոշ տեղեկությունների, չնայած ինֆորմացիան փակ է, բայց ըստ որոշ տեղեկությունների՝ հենց թուրք, ադրբեջանցի փորձագետների խոսքի մեջ նշվում է տեսակետ, թե իբր կա գաղտնի պայմանագիր երկու երկրների միջև, ըստ որոնց՝ Ադրբեջանը չի կարող առանց Թուրքիայի հավանության սկսել ռազմական գործողություններ»,- ասաց նա։
Ըստ փորձագետի՝ չի բացառվում, որ Ադրբեջանի ռազմարդյունաբերության նախագծերի միջոցով Թուրքիան սքողված ուղղակի ռազմական տեխնիկա մատակարարի Ադրբեջանին։
Հարցին, թե ի՞նչն է պատճառը, որ Թուրքիան դեռևս ռազմաբազաներ չի տեղադրել Նախիջևանում, Լևոն Հովսեփյանը պատասխանեց, որ նման քայլ անելու համար հարկավոր է հաշվի առնել նաև միջազգային դերակատարներին, մասնավորապես՝ Իրանին և Ռուսաստանին։ «Եվ չի բացառվում, որ ոչ ֆորմալ, ինչը պետական մակարդակով չի կարող խնդիրներ առաջացնել, ռազմական կոնտինգենտ կա Նախիջևանում», – ասաց փորձագետը։

No comments: