Tuesday, November 23, 2010

Թուրքիայում եկեղեցի են վաճառում

Tert.am. 23-11-2010- Թուրքիայում վաճառքի է հանվել աշխարհի հնագույն կաթոլիկ եկեղեցիներից մեկը։ Այս մասին տեղեկացնում է CNNTurk–ը։
Թուրքական լրատվամիջոցի տեղեկացմամբ՝ այն բանից հետո, երբ թուրքական իշխանությունները չեն թույլատրել ստամբուլցի գործարար Մեթե Յալչընին վերանորոգել 780-797թթ. կառուցված եկեղեցին, որը նա գնել էր 10 տարի առաջ, գործարարը որոշել է վաճառել այն։
Ամեն տարի հարյուրավոր զբոսաշրջիկներ են այցելում Բուրսայի Մուդանյա շրջանի Քումյաքա գյուղ՝ տեսնելու ավերակների վերածված այդ եկեղեցին։ Քույաքայի գյուղապետը ցանկություն է հայտնել գնել եկեղեցին՝ միևնույն ժամանակ նշելով, որ դրա համար պահանջվող գումարը շատ մեծ է։
«Եկեղեցին վաճառքի է հանվել 400 հազար թուրքական լիրայով (մոտ 285 հազար ԱՄՆ դոլար)։ Սակայն դա շատ թանկ է։ Եթե եկեղեցին վաճառեն 200 հազար թուրքական լիրայով (մոտ 142 հազար ԱՄՆ դոլար), մենք այն կգնենք»,– հայտարարել է Քույաքայի գյուղապետ Ռազիմ Բաթմազը։

No comments: