Monday, November 22, 2010

Ի՞նչն է եղել ԼՂ դիրքերում սպանված չորս զինվորի մահվան պատճառը

News.am. 22-11-2010- Պաշտպանության նախարարության քննչական ծառայությունը մոտ մեկ ժամից մանրամասներ կհրապարակի նոյեմբերի 19-ին ՊԲ առաջնային բնագծում տեղի ունեցած մահվան ելքով արտակարգ միջադեպի հետ կապված: Այս մասին NEWS.am-ին հայտնեցին ՊՆ տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից: «Նախաքննության ընթացքում արդեն որոշ մանրամասներ հայտնի են: Եւ այն մանրամասները, որոնք չեն վնասի նախաքննությանը, ՊՆ քննչական ծառայաույթունը կհրապարակի»,-հայտնեց ՊՆ մամուլի քարտուղար Դավիթ Կարապետյանը:
Նշենք, որ ըստ տարբեր աղբյուրներից ստացվող տեղեկատվության, միջադեպն արձանագրվել է ոչ թե հակառակորդի գործողությունների հետեւանքով, այլ հայ զինվորներն են իրար մեջ հաշիվներ պարզել՝դիմելով զենքի: Ըստ լուրերի, պատճառը եղել է վեճը, որը ծագել է միջադեպից մի քանի օր առաջ եւ փաստորեն, հանգուցալուծվել մահվան ելքով:
Հիշեցնենք, որ ըստ ԼՂՀ ՊԲ մամլո ծառայության տարածած հաղորդագրության՝ նոյեմբերի 19-ին, ժամը 24.00-ի սահմաններում, ՊԲ հարավային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տակ գտնվող առաջնային բնագծում տեղի է ունեցել մահվան ելքով արտակարգ միջադեպ: Տեղի ունեցած միջադեպի հետեւանքով հրազենային կրակահերթերից զոհվել են ժամկետային զինծառայողներ` Լեւոն Սոսի Եսայանը (ծնվ. 1991թ.), Ներսես Վալերիկի Գալոյանը (ծնվ. 1990թ.), Նարեկ Վարդանի Սահակյանը (ծնվ. 1990թ.), Նվեր Մարտիկի Սարգսյանը (ծնվ. 1991թ.): Նույն միջադեպի արդյունքում հրազենային տարբեր աստիճանի վիրավորումներ են ստացել ժամկետային զինծառայողներ`Սարգիս Հակոբի Մելքումյանը (ծնվ. 1991թ.), Խաչիկ Սարգսի Ալեքսանյանը (ծնվ. 1992թ.), Մասիս Մավրիկի Գրիգորյանը (ծնվ. 1991թ.) եւ Մանվել Արմենի Հազրոյանը (ծնվ. 1991թ.):
ԼՂՀ ՊԲ-ի հաղորդմամբ, ըստ նախաքննության արդյունքում ձեռքբերված տվյալների` հակառակորդի կողմից հանցավոր գործողությունների կատարման վարկածը գրեթե բացառվում է: Դեպքի կապակցությամբ հարուցվել է քրեական գործ «երկու եւ ավելի անձանց սպանություն» կետով:

No comments: