Tuesday, November 30, 2010

«Էրգենեկոնի» եւ Սիվասի հայերի առաջնորդի դեմ մահափորձի դատավարությունները միացվել են իրար

News.am. 30-11-2010- Ստամբուլի ծանր հանցագործությունների գծով 13-րդ դատարանում «Էրգենեկոն»-ի դատավարության շրջանակներում նոյեմբերի 29-ին տեղի է ունեցել Սիվասի (Սեբաստիա) հայ համայնքի առաջնորդ Մինաս Դուրմազգյուլերի նկատմամբ մահափորձի մեջ մեղադրվող Բեքիր Չելիքի եւ Էմրահ Գյոնջենի դատավարությունը, որի ընթացքում որոշում է կայացվել այդ դատավարությունը միացնել 2-րդ «Էրգենեկոնի» դատավարության հետ։
Թուրքական Cumhuriyet-ի փոխանցմամբ՝ Ստամբուլի հանրապետական դատախազ Քասըմ Իլիմօղլուի կողմից ներկայացրած մեղադրականում նշվել է, որ Բեքիր Չելիքի եւ Էմրահ Գյոնջենը կապի մեջ են եղել «Էրգենեկոն»-ի գործով անցնող առանցքային դերակատարներից մեկի՝ Թուրքիայի զինված ուժերի հատուկ նշանակության վարչության պետի նախկին տեղակալ Իբրահիմ Շահինի եւ Էրսին Գյոնենջիի հետ։ Իբրահիմ Շահինը Էրսին Գյոնենջիի միջոցով հրահանգել է Էմրահ Գյոնենջիին՝ իմանալ Սիվասի նահանգի հայ համայնքի առաջնորդ Մինաս Դուրմազգյուլերի հասցեն՝ նրան սպանելու համար:
Դատավարությանը չի մասնակցել ամբաստանյալ Էրսին Գյոնենջին, ով առանց դատարանին տեղյակ պահելու 2010-ի մարտի 12-ին լքել է Թուրքիան։ Դատախազը պահանջել է նրա նկատմամբ կալանման որոշում կայացնել եւ Մինաս Դուրմազգյուլերի նկատմամբ մահափորձի մեջ մեղադրվող Բեքիր Չելիքի եւ Էմրահ Գյոնջենի դատավարությունը միացնել 2-րդ «Էրգենեկոնի» դատավարությանը, որի հերթական դատը տեղի է ունենալու 2011-ի հունվարի 17-ին։
Դատախազի ներկայացրած 30 էջանոց մեղադրականում Բեքիր Չելիքի համար պահանջվում է 8,5-18 տարվա ազատազրկում՝ «զինված ահաբեկչական խմբավորման անդամ լինելու» եւ «անօրինական զենքեր գնելու եւ պահելու» մեղադրանքով։ Էմրահ Գյոնենջին մեղադրվում է տեղյակ լինելով հանդերձ, սեփական ցանկությամբ ահաբեկչական կազմակերպությանն օգնելու մեջ: Էմրահ Գյոնենջիի համար պահանջվում է 7,5-15 տարի ազատազրկում:

No comments: