Monday, November 29, 2010

Սահմանային վերահսկողությունն ամրապնդելու համար ԱՄՆ-ն համագործակցում է Հայաստանի հետ

Panorama.am. 29-11-2010- Wikileaks-ի օրերս հրապարակած փաստաթղթերում, որոնցում ներկայացված են ամերիկացի դիվանագետների պաշտոնական գրագրությունները, առկա է նաև Հայաստանի Հանրապետության նախագահին ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Ջոն Նեգրոպոնտեի ուղղած նամակը: 2008 թվականի դեկտեմբերի 24-ին թվագրված նամակում ամերիկացի պաշտոնյան մտահոգություն է հայտնում տարիներ առաջ Հայաստանից Իրան զենքի արտահանման առթիվ:
Փոխպետքարտուղարի նամակում, մասնավորապես, ասված է. «Հարգարժան պարոն Նախագահ, մենք արժևորում ենք մեր բարիդրացիական հարաբերոությունները Ձեր կառավարության հետ և ունենք ընդհանուր շահերի լայն սպեկտր` ներառյալ Լեռնային Ղարաբաղի հարցով համաձայնությունն ու հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը: Միևնույն ժամանակ, մենք որոշակի անհանգստություն ունենք լուրջ, ըստ էության, մահաբեր զենքի արտահանման փաստի առնչությամբ: Պետքարտուղար Ռայսը, պետքարտուղարի օգնական Ֆրիդը, պետքարտուղարի օգնականի տեղակալ Բրայզան և դեսպան Յովանովիչը հայտնում են Ձեզ մեր անհանգստությունը Հայաստանից Իրանին զենք փոխանցելու փաստի առթիվ, որի արդյունքում Իրաքում ամերիկյան զինվորներ են զոհվել ու վիրավորվել: Չնայած մեր երկրների միջև բարիդրացիական հարաբերություններին, ոչ ԱՄՆ վարչակազմը, ոչ էլ Կոնգրեսը չեն կարող անտեսել այդ փաստը: Օրենքով այդ տիպի զենքի փոխանցումը մեզանից պահանջում է դիտարկել, թե արդյոք ԱՄՆ կողմից պատժամիջոցներ կիրառելու հիմքեր կան, թե ոչ: Եթե պատժամիջոցեր կիրառվեն, դրանք ենթադրում են ԱՄՆ օգնության կասեցում և արտահանման որոշ սահմանափակումներ: Նման պատժամիջոցներից խուսափելու համար, կարևոր է, որպեսզի Դուք համոզիչ ապացույցներ ներկայացնեք առ այն, որ Ձեր կառավարությունը ներկայումս համագործակցում է մեզ հետ»:

Այնուհետև նամակագիրն առաջարկել է կոնկրետ քայլեր ձեռնարկել Հայաստանի տարածքից զենքի արտահանման նկատմամբ վերահսկողությունն ուժեղացնելու նպատակով: Դրանց թվում մասնավորապես առաջարկվել է երկկողմ համաձայնագիր կնքել ԱՄՆ հետ, օրենսդրությունը համապատասխանեցնել եվրոպական չափանիշներին, բարեփոխել արտահանման գործընթացները վերահսկող պետական մարմինները, մաքսակետերում լուրջ հսկողություն սահմանել երկակի նշանակության նյութերի ու տեխնոլոգիաների շարժի նկատմամբ, ՆԱՏՕ-ի, ԵՄ-ի անդամ չհանդիսացող ու Վասենաարյան համաձայնագրին չմիացած երկրներին զենք մատակարարելիս խորհրդակցել ԱՄՆ հետ:

Նամակում Ջոն Նեգրոպոնտեն հույս է հայտնել, որ համատեղ աշխատանքի շնորհիվ հնարավոր կլինի հասնել դրական արդյունքի: «Մենք պատրաստ ենք գալիք տարում հնարավորինս շուտ պատվիրակություն ուղարկել այս հարցը քննարկելու համար: Ես հուսով եմ, որ մենք կարող ենք դրական արդյունքի հասնելու համար համագործակցել, ինչը կապահովի հնարավորություն Ձեր կառավարությանը` ուժեղացնելու Հայաստանից արտահանման վերահսկողությունը, իսկ իմ կառավարությանը` աջակցելու Ձեզ այդ հարցում»:

Նամակին կից ներկայացված տեղեկանքում ասվում է, որ խոսքը դեռևս 2003 թվականին Հայաստանից Իրան տեղափոխված գնդացիրների մասին է, որոնցից որոշ նմուշներ հայտնաբերվել են 2007 թվականին Իրաքի տարածքում երկու շիա գրոհայինների կողմից ամերիկացի զինվորների վրա հարձակման ժամանակ: «Պետքարտուղարը ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի շրջանակներում խնդիրը քննարկել է Նախագահ Սարգսյանի հետ, սակայն նա ժխտել է որևէ փոխանցման փաստը»,- նշված է տեղեկանքում:

Դատելով նշված նամակագրությանը հետևած ժամանակահատվածում տեղի ունեցած զարգացումներից, մասնավորապես այն իրողությունից, որ ԱՄՆ կողմից որևէ պատժամիջոց չի կիրառվել, ավելին` անցնող երկու տարում ամերիկյան կառավարության կողմից ՀՀ սահմանային անվտանգության ամրապնդման ուղղությամբ զգալի օժանդակություն է տրամադրվել` կարելի է ենթադրել, որ Վաշինգտոնի առաջարկությունը Երևանում ընդունվել է և արդեն իսկ ծավալվել է լայն համագործակցություն:

No comments: