Monday, November 29, 2010

Թուրքագետը չի բացառում հայ-թուրքական նոր պայմանագրերի կնքման հնարավորությունը

Tert.am. 29-11-2010- Հայ–թուրքական «լուռ դիվանագիտության» շարունակության մասին հայտարարություններով Թուրքիան երկակի պահվածք է դրսևորում։ Նման կարծիքի է թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը։
«Կանխատեսելի է, որ Թուրքիայի նման երկակի պահվածքը՝ արտաքին աշխարհին ներկայանալ որպես հանդուրժողի և պատասխանատու գործընկերոջ կերպարով, իսկ ներքին քաղաքականության մեջ հակահայկական տրամադրությունների բորբոքումը, կշարունակվի մինչև 2011թ. կեսերը առնվազն, մինչև որ Թուրքիայում կլինեն խորհրդարանական ընտրություններ, և եթե այդ ընտրություններից հետո այլ ընտրություններ չլինեն, որոնք կանխատեսելի են, մասնավորապես՝ նախագահի ուղղակի ընտրություն ժողովրդի կողմից, նոր միայն դրանից հետո կարող ենք ակնկալել Թուրքիայի արտաքին քաղաքականության մեջ որոշ տեղաշարժեր»,– այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը։
Հայ–թուրքական հարաբերություններին անդրադառնալով՝ թուրքագետը նշեց. «Զուտ իրավական առումով պետք է գործընթացը շարունակվի այն կետից, որտեղ կանգ է առել, այսինքն՝ նախաստորագրված Արձանագրությունների ստորագրումից, ուրիշ որևէ ելակետ այս պահին չի նշմարվում»։
Ինչ վերաբերում է հայ–թուրքական կարգավորման գործընթացն առաջ տանելու համար նոր Արձանագրությունների ստորագման հնարավորությանը, Ռուբեն Մելքոնյանն ասաց. «Ես չեմ կարծում, որ կլինեն նոր Արձանագրություններ, սակայն կարծում եմ, որ Արձանագրությունների հիման վրա նոր պայմանագրեր վաղ թե ուշ կլինեն»։
Թուրքիայում կայանալիք խորհրդարանական ընտրություններին անդրադառնալով՝ փորձագետը նշեց, թե կանխատեսելի է, որ իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունը կպահպանի իր դիրքերը կամ էլ շատ քիչ հետընթաց կարձանագրվի, բայց արդյունքում այդ կուսակցությունը կձևավորի կառավարություն։
Ինչ վերաբերում է հայ–թուրքական կարգավորման գործընթացի վրա Թուրքիայի խորհրդարանական ընտրությունների ունենալիք ազդեցությանը՝ Մելքոնյանը նշեց. «Հայաստան–Թուրքիա հարաբերություններն ընտրություններից հետո, եթե մնա իշխող կուսակցությունը և եթե ունենա քաղաքական կամք, կարող են շարունակել կանգ առած կետից։ Բայց ես վստահ չեմ, որ Թուրքիան շատ արագ հրաժարվելու է իր իմիտացիոն բնույթի քայլերից և հակառակը՝ ես կարծում եմ, որ Թուրքիան շարունակելու է տարատեսակ որոգայթներով, տարատեսակ նախապայմաններով պայմանավորել հայ–թուրքական հարաբերությունները»։

No comments: