Tuesday, November 30, 2010

Milliyet. Էրդողանը ձգտում է թուլացնել Գյուլի ազդեցությունը

Panorama.am. 30-11-2010- Մեծ իրարանցում առաջացրած «WikiLeaks»-ի հրապարակումներում տեղեկություն կա նաև Թուրքիայում իշխող «Արդարություն և զարգացում» (ԱԶԿ) կուսակցության, Էրդողա-Գյուլ հարաբերությունների մասին, որոնք նկատել, արձանագրել ու Վաշինգտոն են ուղարկել Անկարայում պաշտոնավարած ԱՄՆ դեսպանները:
Ըստ թուրքական «Միլլիյեթ» (Milliyet) թերթի` 2005-ի մարտ 25-ին թվագրված հաղորդագրությունում, օրինակ, ԱՄՆ դեսպանը նշում է, որ «ԱԶԿ»ում առաջնորդության հետ կապված կառուցվածքային խնդիրներ կան, որոնց պատճառով Թուրքիայում ուժեղանում են ազգայանականների դիրքերը: Այդ տարիներին, ըստ դեսպանի, լուրջ պայքար կար վարչապետ Էրդողանի և այն ժամանակվա արտգործնախարար Գյուլի միջև:
«Կուսակցության ներսում ավելի ընդգծված գաղափարախոս հանդիսացող Աբդուլլահ Գյուլը կուլիսների հետևում շարունակում է մանևրել: Գյուլն Էրդողանից առաջ անցնելով փորձում է կուսակցությունում ավելի շահ հսկողական գործառույթ վերցնել իր ձեռքը: Համեմատաբար ավելի է լավ է խոսում անգլերեն և ջանում է ժամանակակից գործչի տպավորություն ստեղծել»,- նշված է հաղորդագրությունում:

Իսկ 2005-ին, երբ Էրդողանը փոփոխություն էր անում կառավարության կազմում, դա մեկնաբանող ամերիկացի դիվանագետները գրել են, որ Էրդողանը նպատակ ունի թուլացնել Գյուլի ազդեցությունը: Նշվում է նաև, որ Էրդողանը շատ քիչ է թերթ կարդում, իսկ կարդալիս էլ հիմնականում նախընտրում է իսլամական հակվածության թերթեր:

2005 թվականին ուղարկված հաղորդագրություններում տեղեկացվում է, որ «Արդարություն և զարգացում» կուսակցությունում տարբեր խմբեր կան` հավատացյալներ, ազգայնականներ և պրագմատիստներ: Առաջին խմբում ընդգրկված է հիմնականում կուսակցության վերնախավը (Էրդողան, Գյուլ, Արընչ): Երկրորդ խումբը կազմող կուսակցականների մեջ կան ավելի քան 50 պատգամավորներ, որոնք զգայուն են հատկապես կիպրական ու քրդական հարցերում: Իսկ երրորդ` պրագմատիստների խմբում հիմնականում խոսում են անգլերեն, մի մասը կրթություն է ստացել արտերկրում և ներկայացնում են կուսակցության դեմքն արտաքին աշխարհում: Ամերիկացի դիվանագետների համոզմամբ, եթե Էրդողանը նրանց կորցնի, ապա լուրջ դժվարությունների առաջ կկանգնի:

No comments: