Tert.am. 14-12-2010- ԱՄՆ–ի 9-րդ դաշնային վերաքննիչ դատարանի կայացրած որոշմամբ Հայոց ցեղասպանության հարցը տեղափոխվեց իրավական դաշտ։ Այս մասին թուրքական Hurriyet օրաթերթին տված հարցազրույցում ասել է թուրք փաստաբան Հաքան Հանլըն։ Թուրքական պարբերականը հարցազրույցը հրապարակել է «Թուրքիան տանուլ տվեց Ցեղասպանության պատերազմը» վերնագրով։«Սան Ֆրանցիսկոյի 9-րդ շրջանի դաշնային վերաքննիչ դատարանի կողմից դեկտեմբերի 10-ին 1915թ. իրադարձությունների, այսինքն՝ Հայոց ցեղասպանության ճանաչման և փոխհատուցման առնչությմաբ կայացրած որոշման մասին պետք է դասախոսություններ կարդալ թուրքական բուհերի միջազգային հարաբերությունների ֆակուլտետներում։
Երբ կարդում ես այդ որոշումը, հասկանում ես, որ այդտեղ հիմնական թեման ոչ թե այն է, թե արդյոք թուրքերի կողմից հայերը կոտորվել են, թե ոչ, այլ այն, թե արդյոք այդ հարցն ընդունվել կամ չի ընդունվել ամերիկյան արտաքին քաղաքականության կողմից»,– ասել է թուրք փաստաբանը՝ ընդգծելով, որ տեղի ունեցածը թուրքական սխալ քաղաքականության արդյունք է։
Թուրքիան շարունակում է կրկնել տարիներ ի վեր թույլ տված սխալը։ Այսինքն՝ ամեն անգամ, երբ ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի օրակարգում հայտնվում է Հայոց ցեղասպանության հարցը, թուրքական կողմն առաջ է քաշում մեկ թեզ՝ «Թուրքիան այնպիսի դաշնակից է, որից չեն կարող հրաժարվել, և նման որոշում չի ընդունվի»»,– ասել է Հաքան Հանլըն։
Թուրք փաստաբանը հայտարարել է նաև, որ թուրքերը հայերին կոտորել են, սակայն այստեղ, ըստ նրա, կարևորվում է այն, թե այդ ջարդերի մասին խոսելը որքանով է բխում Միացյալ Նահանգների շահերից։
Հիշեցնենք, որ օրեր առաջ ԱՄՆ–ի 9-րդ դաշնային վերաքննիչ դատարանը, վերանայելով անցած տարի կայացրած իր որոշումը, չեղյալ է հայտարարել այն։ 2009թ. ԱՄՆ 9-րդ դաշնային վերաքննիչ դատարանը որոշում էր կայացրել, որը բեկանում էր Հայոց ցեղասպանության զոհերի ժառանգների կողմից իրենց անտեսված իրավունքներին վերատիրանալու համար օտար ընկերությունների դեմ դատական գործեր հարուցելու` Կալիֆոռնիայի նահանգային օրենքը: Իսկ 2000թ. Կալիֆոռնիայի կոնգրեսը օրենք էր ընդունել, որով ճանաչել էր 1915թ. ցեղասպանության ենթարկվածների ժառանգների` կյանքի ապահովագրության շրջանակներում համապատասխան ապահովագրական ընկերություններից փոխհատուցում պահանջելու իրավունքները:

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment