Tert.am. 14-12-2010- «Մենք դեմ ենք օտարալեզու դպրոցների վերաբացմանը» նախաձեռնությունը ՀՀ կառավարության շենքի առջև այսօր սկսեց բողոքի ակցիա՝ ընդդեմ Հայաստանի խորհրդարանում քննարկվող «Լեզվի մասին» և «Հանրակրթության մասին» օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու նախագծերի։ Դրանցով նախատեսվում է Հայաստանում բացել օտարալեզու դպրոցներ։Նախաձեռնության մի քանի տասնյակ անդամներ պարզել են «ՀՀԿ-ն՝ Հայոց լեզվի թշնամի», «Լեզուն գույք չէ պարտքի դիմաց», «Լեզվի մասին օրենքն անձեռնմխելի է» և նման բովանդակությամբ այլ պաստառներ և վանկարկում են «Ո՛չ՝ գաղութացմանը», «Հայաստանում հայեր են», «Լեզու, դպրոց, մաքուր օդ» կարգախոսները։
Նախաձեռնությանը միացել են նաև բնապահպանները։
«Հանուն մարդակային կայուն զարգացման» ՀԿ նախագահ Կարինե Դանիելյանի բնորոշմամբ՝ այս պայքարը կարելի է լեզվաբնապահպանական և հայրենասիրական ցույց համարել։
Ակցիայի մասնակիցները «Աշոտյանին՝ արտաքնոց» և այլ վանկարկումներով կառավարության շենքից շարժվեցին դեպի ՀՀ կրթության և գիտության նախարարության շենք։
«Մեզ օտարալեզու դպրոցներ պետք չեն օտար լեզուներ իմանալու համար»,- Tert.am-ի հետ զրույցում ասաց կինոռեժիսոր, «Սարդարապատ» շարժման անդամ Տիգրան Խզմալյանը՝ հավելելով, որ օտարալեզու դպրոցների բացման հիմնական վտանգն այն է, որ նման քայլով մեր սոցիալապես բևեռացված երկրում բացվում է ևս մի ճեղք՝ «կեղծ էլիտայի», «կեղծ վերնախավի» ապագան ապահովելու համար։
«Այսինքն այդ խամաճիկները, որոնք արդեն անջատվել են մեր սովորական քաղաքացիների կյանքից, փորձում են հիմա իրենց համար ապահովել էլիտար կրթություն, էլիտար բժշկություն, էլիտար ուտելիք, էլիտար հանգստանալու տեղեր, այսինքն՝ երկրում զուգահեռ ստեղծվում է իրենց համար այլընտրանքային երկիր, և մենք սա համարում ենք վտանգավոր»,- հայտարարեց Տիգրան Խզմալյանը։
Նրա խոսքով՝ հայերը ճակատագրի բերումով և այլ հանգամանքներից ելնելով՝ տիրապետում են օտար լեզուների։
Ընդդեմ օտարալեզու դպրոցների վերաբացման ակցիային մասնակցող քաղաքական գործիչ Կարապետ Ռուբինյանը նշեց, որ օտարալեզու դպրոցների բացման բանավեճ եղել է դեռ 90-ական թվականներին, և այսօր ցանկություն չկա վերադառնալու այդ բանավեճին։ «Խոսքն այն մասին է, որ էս իշխանությունը ինչ-ինչ՝ հիմանկանում օտար շահերից և սեփական անմեղսունակությունից դրդված, նորից էս խառնակչությունը գցել է մեր ժողովրդի մեջ, ինչին ես դեմ եմ։ Ես այս իշխանությանը նույնիսկ կառավարության խորդանոցի բանալին չէի վստահի, իսկ իրենց վստահված է երկիրն առաջ տանել։ Ամենացավալին դա է»,- նշեց նա։
Ռուբինյանը շեշտեց, որ օտարալեզու դպրոցների փորձը Հայաստանն ունեցել է դեռևս խորհրդային տարներին, ինչը շատ բացասական է եղել։ «Սա ժողովրդի ուծացման ծրագիր է»,- օտարալեզու դպրոցների բացման նախաձեռնությունն այսպես բնութագրեց քաղաքական գործիչը։
Ակցիայի մասանակիցներն այժմ ԿԳՆ-ից շարժվում են դեպի նախագահի նստավայր, այնուհետև ցույցը կշարունակեն ԱԺ շենքի դիմաց։
Երթը հսկում են մի քանի ոստիկաններ։
Հիշեցնենք, որ ԱԺ այս շաբաթվա արտահերթ նստաշրջանի օրակարգում ընդգրկված են «Լեզվի մասին» և «Հանրակրթության մասին» օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագծերը։

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment